COVID-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎՐԱ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19-ով պայմանավորված հայտարարեց առողջապահական արտակարգ իրավիճակ միջազգային մասշտաբով, որից չվրիպեցին իհարկե նաև Մերձավոր արևելքի երկրները: Իրանը, անխոս, տարածաշրջանային մտահոգության հիմնական օջախն էր, որին հետագայում հաջորդեց Սաուդյան Արաբիան` գրանցելով վարակակիրների և մահացության ամենաբարձր շեմը: Բացի առողջապահական աղետից, Մերձավոր Արևելքը կանգնել է տնտեսական ճգնաժամի շեմին, որի պատճառները տարբեր պետությունների համար տարբեր են, հետևաբար նաև պայքարի քաղաքականությունները:

Թերևս Մերձավոր Արևելքի ամենախնդրահարույց կետը մնում է Իրանը, քանզի պատժամիջոցների պատճառով արդեն իսկ պատճառված տնտեսական իրավիճակի արդյունքում վերջինս գտնվում էր մեկուսացված վիճակում: Դրանով պայմանավորված` երկրում ակտիվի մուտքը և ելքը ապահովում էին հենց Մերձավոր Արևելքի երկրները, սակայն թռիչքների չեղարկումը, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններից բոլոր թռիչքների դադարեցումը վերջնականապես վտանգի առաջ դրեց իրանական միջազգային բիզնես հարաբերությունները, որի համար Դուբայը հանդիսանում էր հիմնական հանգույցը (շուրջ 500 000 իրանցիներ իրենց բիզնես գործունեություններն են ծավալում ԱՄԷ-ում): Արդյունքում, թերևս, Մերձավոր Արևելքում, այս պահին Իրանը հանդիսանում է ամենաթույլ օղակը, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում կրած վնասների պատճառով երկրի ռեսուրսը հազիվ հնարավորություն է տալիս արձագանքելու առողջապահական ճգնաժամին:

Սակայն Իրանը տարածարջանի միակ անհանգստությունը չէ, քանի որ ոչ պակաս խոցելի է նաև Իրաքը: Իրաքը նույնպես տնտեսական խորը ճգնաժամի մեջ էր նախքան համաճարակի տարածումը` քաղաքական բախումների պատճառով: Իրաքի խնդիրն այս պարագայում ավելի լուրջ է այն առումով, որ Թուրքիայից և Իրանից թռիչքների բացակայության պատճառով երկրում առաջացել է ինչպես սննդի, այնպես էլ բժշկական միջոցների հսկայական դեֆիցիտ, որի արդյունքում համաճարակի կառավարումը դուրս է վերահսկողությունից: Ավելին, անկառավարելի է նաև երկրի սահմանների վերահսկողությունը, քանի որ հազարավոր փախստականներ գաղթում են Սիրիա և հարևան երկրներ` փորձելով խնդրի լուծումը գտնել հարևան երկրներում: Տնտեսական առումով Իրաքը նույնպես անելանելի վիճակում է, քանի որ Իրաքի նավթային ոլորտում Չինաստանն ունի կարևոր դերակատարության: Իրաքի նավթի արդյունահանման շուրջ կեսը պատկանում են չինական նավթային ընկերություններին կամ նավթարդյունաբերական ընկերությունների խոշոր բաժնետերերը չինացիներ են, որոնց մուտքը արգելվեց համաճարակի պատճառով: Ավելին, Իրաքի նավթի հորատման և նավթահանման ծառայությունների շուկայի մեծ մասը կառավարվում է հենց չինական ընկերությունների կողմից: Թերևս նավթի արդյունահանումը երկրում չի դադարեցվել, սակայն ճգնաժամը կարող է խորանալ, եթե չինական նավթային ինժեների ռոտացիան դադարի և Չինաստանի հետ համագործակցությունը չվերականգնվի:

Համաճարակը ոչ միայն ազդեցություն է ունեցել արդեն իսկ խոցելի տնտեսությունների վրա, այլ նաև Պարսից ծոցի այն պետությունների վրա, որոնք բավարար ռեսուրսներ ունեն պայքարելու համաճարակի դեմ: Խոսքը հատկապես վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններին և Քաթարին: Երկու երկրներում էլ ոչ միայն խաթարվել է ակտիվների, առևտրի և մարդկանց տեղաշարժի ադյունքում եկամտի մուտքը երկրներ, այլ նաև ճգնաժամի առաջին ինդիկատորները դարձան տնտեսության համար հսկայական նշանակություն ունեցող երկու միջոցառումների հետաձգումը: Մասնավորապես` Քաթարի համար Qatar Airways-ի միջազգային գավաթը (ֆուտբոլային մրցաշար), որը տեղի էր ունենալու մարտին, իսկ Դուբայի համար համաշխարհային հնչեղություն ունեցող Expo 2020-ը, որը Դուբային խոստանում էր ապագայում հսկայան ներդրումների ներգրավում, start-up-երի հիմնադրում և, հետևաբար, խոշոր ակտիվների գեներացում: ԱՄԷ-ն և Քաթարը հատկապես հսկայական տույժեր են կրում խոշորագույն ավիափոխադրող ընկերությունների գործունեության ժամանակավոր դադարով, մասնավորապես Emirates and Etihad (ԱՄԷ) և Qatar Airways ընկերությունների աշխատանքների կասեցմամբ: Երկու երկրներն էլ այս պահին կրում են ահռելի կորուստներ հատկապես ավիացիայի ոլորտում, որը, հետագայում, անդրադառնալու է ավիատոմսերի գների կտրուկ աճի վրա: Այս հետևանքից խուսափելու համար երկու երկրների կառավարությունները աշխատում են սուբսիդավորման պլանների վրա, որոնք դեռ հրապարակված չեն:

Տարածաշրջանի մեծագույն խնդիրը նաև համաճարակի պատճառով կրոնական տուրիզմի դադարումն է: Գուցե թվա, թե մեծ ֆինանսական կորուստ չէ, սակայն հարկ է նշել, որ օրինակ, Սաուդյան Արաբիայի համար կրոնական տուրիզմը, որը ենթադրում է Մեքքա այցելությունը, հանդիսանում է տարեկան մոտ 12 միլիարդ դոլարի ֆինանսական աղբյուր, Իրանի համար 8 միլիարդ դոլար, իսկ Իրաքի համար՝ 5 միլիարդ դոլար, իսկ  տարածաշրջանում տուրիզմի ոլորտում աշխատում է մի քանի միլիոն մարդ: Այս եկամուտներն ու զբաղվածությունն այժմ վտանգված են սահմանների փակման, իրանցիների մուտքի արգելքի, կրոնական տուրիստական վիզաների դադարեցման և սրբավայրերի փակման պատճառով:

Մերձավոր Արևելքում համաճարակի հետ զուգահեռ առաջ եկավ մեկ այլ խնդիր, որը կապված էր նավթի պահանջարկի հետ: Սաուդյան Արաբիայի համար, հատկապես,  տնտեսական շոկ է նավթի պահանջարկի անկումը, ինչը զգալի տնտեսական ցնցում է, հատկապես երբ նավթի հարցում Չինաստանի մեծագույն ուշադրությունը կենտրոնացած է Իրաքի վրա և ոչ թե Սաուդյան Արաբիայի:

Նավթի պահանջարկի թուլացման քաղաքականությունը շուտով սրեց Սաուդյան Արաբիա-Ռուսաստան հարաբերությունները, որի արդյունքում սաուդցիները ոչ միայն որոշում կայացրին ուժեղացնել արտադրությունը, այլև հայտարարել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի խոշոր սպառողների համար մեկ բարելի դիմաց մինչև 8 դոլար զեղչերի մասին: Թագավորության ռազմավարական նպատակն է վերականգնել նավթարդյունահանման շուկայում իր ունեցած մասնաբաժինը, ինչի համար Ռիադը փորձելու է հնարավորինս պահպանել Ռուսաստանի հետ OPEC-ի դաշինքը, որը  անհրաժեշտ է նավթի գների հետագա անկումը կանխելու համար: Սակայն անկախ ամենից, COVID-19-ը ինքնին մեծ վտանգ է OPEC-ի նավթահանման ծավալների անկման և գնի հարաբերակցության տեսանկյունից, որը նաև անդրադառնալու է անխուսափելիորեն ԱՄԷ-ի, Քուվեյթի և, ի վերջո, Իրաքի վրա, որոնք տիպված կլինեն քայլեր ձեռնարկել OPEC-ի արտադրական քվոտաները բավարարելու համար: Չնայած, ինչպես վերջին օրերին ականատես եղանք,  նավթի պահանջարկի անկման հետևանքով WTI նավթի ֆյուչերսների գինը գրանցեց պատմության մեջ անհավանական արժեք` հասնելով նույնիսկ բացասական թվի: Պատճառը պահանջարկի նվազման հետևանքով պահուստների լիքը լինելն է, որը հատկապես իր հետևանքն է ունենալու Մերձավոր Արևելքի խոշորագույն նավթ արտահանող երկրների համար, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրաքը, Իրանը և ԱՄԷ-ն:

Մերձավոր Արևելքում այս պահին առկա է նաև մասնավոր ընկերությունների շուրջ հասունացող սնանկության ալիքի վախը, որի հիմք է հանդիսանում զանգվածային գործազրկության արդյունքում սոցիալական անկայունությունը, մի շարք ընկերությունների անվճարունակությունը և ակտիվների գեներացման անհնարինությունը: Կենտրոնական բանկերը, հաշվի առնելով սնանկության վտանգը, ֆինանսական ընկերությունների և բանկերի համար ներդրեցին դրամավարկային մեղմացման քաղաքականություններ, ինչպիսիք էին վարկերի սառեցումը, ԱՄԷ-ում նույնիսկ որոշ վարկատեսակների համար տոկոսների զրոյացումը և այլն: Սակայն հետագայում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ որդեգրեցին այլ քաղաքականություն` տոկոսադրույքների իջեցում, որը հնարավորություն կտար, այնուամենայնիվ, բանկերին և ֆինանսական կազմակերպություններին տրամադրել էժան վարկեր ակտիվ գեներացնելու համար, իսկ մարդկանց և բիզնեսին շարունակել գործունեությունը` էժան վարկեր ստանալու միջոցով:

Վարկային քաղաքականությանը նաև հետևեցին այսպես խոչված խթանման ծրագրերը (Stimulus plan): Օրինակ, Սաուդյան Արաբիան  մարտի 20-ի դրությամբ հայտարարեց ֆինանսական աջակցության և խթանման միջոցառումների մասին, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին մոտ 20 մլրդ դոլար` օգնելու տնտեսությանը` համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար: Ռիադի իշխանությունները  նաև վերանայեցին 2020 թվականի բյուջեն, և ֆինանսավորումը վերաբաշխեցին ըստ այն ոլորտների, որոնք ունեն առավելագույն աջակցության կարիք, ինչպես, օրինակ, առողջապահությունը:

 

Արաբական Միացյալ Էմիրություններ

Տարածաշրջանում Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում է, թերևս, ամենակայունը ինչպես առողջապահական, այնպես էլ տնտեսական առումով: Այս համեմատաբար կայունությունը բացատրվում է նրանով, որ ԱՄԷ-ն ժամանակին մեծ ներդրումներ է իրականացրել առողջապահական ոլորտում և այսօր այդ ներդրումները արտացոլում են համաճարակի դեմ արդյունավետ պայքարը: Մասնավորապես, մոտ 20 մլն բնակչություն ունեցող ԱՄԷ-ում վարակակիրների թիվ 14.04.2020 թվականի դրությամբ կազմում է 4933 անձ` հաշվի առնելով, որ ԱՄԷ ողջ տարածքում քաղաքացիները անվճար իրավունք ունեն թեստավորվելու և մինչ նշված շամանակահատվածը ԱՄԷ-ի առողջապահական համակարգում թեստավորվել է մոտ 800.000 բնակիչ:

Չնայած այս ամենին, ԱՄԷ-ն նույնպես կրում է մեծ տնտեսական կորուստներ, որոնք հիմնականում կապված են տուրիզմի ոլորտի հետ: Մասնավորապես, ավիաընկերությունների գործունեության դադարեցումը, հյուրանոցների, ժամանցի վայրերի և տուրիստական բոլոր կետերի փակումը և դրա արդյունքում աշխատողների գործազրկությունը մեծ հարված են հանդիսանում ԱՄԷ-ի տնտեսության համար: Ավելին, տնտեսական հարված է նաև 2020 ցուցահանդեսի` Էքսպոյի հետաձգումը, որի իրականացման համար ԱՄԷ-ն ոչ միայն ծախսել էր հսկայական գումարներ, այլ նաև 2020 թվականի համար ակնկալում էր ակտիվների խոշոր աճ: Տնտեսական ճգնաժամը հատկապես խոցելի է դարձրել նաև անշարժ գույքի ոլորտը, որին կկատարենք առավել մանրամասն անդրադարձ:

Այս ամենի մեծ պատկերը հաշվի առնելով ԱՄԷ-ն շուտափույտ ձեռնարկեց հսկայածավալ խթանման միջոցառումներ տնտեսական կայունության ապահովման համար, որոնք հակիրճ ներկայացնեմ ստորև.

 

Մաքսատուրքերի նվազեցում

Դուբայի կառավարությունը  թողարկեց մաքսատուրքերի հետ կապված խթանման փաթեթ, որը ներառում էր`

  • Տեղական շուկայում իրացման նպատակով ներմուծված/ներմուծվող ապրանքների համար գանձվող 20% մաքսատուրքի  վերադարձ,
  • Ապրանքների մաքսազերծման համար օրենքով սահմանված բանկային երաշխիքի պահանջի վերացում,
  • մաքսատուրքերի 90% նվազեցում;

Ապրիլի 1-ի դրությամբ. Շարժայի գործադիր խորհուրդը ազատել է  բոլոր բեռնափոխադրող և մաքսազերծող ընկերություններին իրենց գործունեության իրականացման համար օրենքով սահմանված պարտադիր բանկային երաշխիքներից:

 

ԱՄԷ-ի Կենտրոնական բանկը ձեռնարկել է հետևյալ գործողությունները.

  • Բոլոր բանկերին հորդորել է դիտարկել գործող վարկերի մարումների հետաձգման պլաններ, վարկային արձակուրդներ,
  • ԱՄԷ կենտրոնական բանկը տրամադրել է բանկերին 0 տոկոս տոկոսադրույքով 50 մլրդ AED վարկ` ՓՄՁ-ներին աջակցելու համար,
  • Նվազեցրել է անշարժ գույքի LTV (life-time value) գործակիցներ; և
  • Վերացրել է բանկային քարտերի կամ վարկերի հետ կապված սպասարկման վճարները;

Ապրիլի 5-ի դրությամբ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկը կրկնապատկեց իր խթանիչ փաթեթի չափը` հասցնելով այն  256 մլրդ AED-ի:

Միևնույն ժամանակ Դուբայի կառավարությունը հայտարարեց AED 1,5 միլիարդ խթանիչ փաթեթ ՝ 3 ամսվա ընթացքում նպատակային վճարների իջեցման համար, մասնավորապես`

Ապրիլի 1-ի դրությամբ Դուբայի խթանիչ փաթեթը ներառում է.

  • Հյուրանոցների կողմից օրենքով սահմանված քաղաքային տուրքերի 50% նվազեցում,
  • Ջրի և էլեկտրաէներգիայի վճարների 10% նվազեցում; և
  • Լիզենզավորման ենթակա գործունեությունների և առկա լիցենզիաների ժամկետի երկարաձգման համար վճարվող օրենքով սահմանված լիցենզիայի արժեքի 25 տոկոսի չափով կանխավճարի վերացում:

Ապրիլի 1-ի դրությամբ Աբու-Դաբիի խթանման ծրագիրը ներառում է`

  • 5 միլիարդ AED հատկացում՝ քաղաքացիների համար ջրի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորման, առևտրի և արդյունաբերական որոշ գործունեության տեսակներին աջակցության համար,
  • 3 միլիարդ AED հատկացում` փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար,
  • 1 միլիարդ AED հատկացում`  իրացվելիության կայունության ապահովման և բաժնետոմսերի առաջարկի և պահանջարկի միջև հավասարակշռության պահպանման ծրագրերը իրագործելու համար
  • Ստարտափերի համար օրենքով սահմանված 50 միլիոն AED-ի չափով երաշխիքի վճարման վերացում,
  • Ռեստորանների, զբոսաշրջության և զվարճանքի նպատակով վարձակալված տարածքների համար վարձակալության արժեքի 20%-ի չափով սուբսիդավորում,
  • Արաբական Միացյալ Էմիրությունների ողջ տարածքում ճանապարհային վճարներից ազատումը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար մինչև 2020 թվականի վերջը,
  • Արդյունաբերական հողերի վարձակալության վճարների 25% իջեցում` նոր կնքվող պայմանագրերի համար,
  • անշարժ գույքի գրանցուման հետ կապված պետական տուրքերի վճարումից ազատում 2020 թվականի ողջ ընթացքում:

Ապրիլի 1-ի դրությամբ Շարժայի կառավարությունը հայտարարեց 47 կետանոց խթանիչ փաթեթ, որում ներկայացված էին հետևյալը (ամփոփ).

  • Տարբեր վարձավճարներից ազատում և վարձավճարների զեղչ Շարջայում գործող նպատակային ձեռնարկությունների և արդյունաբերական ընկերությունների համար (օրինակ ՝ արտահանող ընկերություններ, սուպերմարկետներ, ավիացիա);
  • Շարժայի առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների տարածքների վարձավճարներից ազատում,
  • Մինչև 2020 թվականի հունիսի 30-ը կատարված երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50% -ի նվազեցում,
  • 2019-թվականի հունվարի 1-ից և 2020 թվականի մարտի 31 ընկած ժամանակահատվածի ընթացքում Շարժայում գործող հյուրանոցների կողմից կատարված խախտումների արդյունքում վճարվելիք տուգանքների զրոյացում:

Խթանման ծրագրերից բացի ԱՄԷ-ում այս պահին իրականացվում է ստերիլիզացման արշավ` կորոնավիրուսի տարածումը կանխարգելու նպատակով: Հաշվի առնելով վարակակիրների աճող տեմպերը և շարունակվող ազգային ստերիլիզացման ծրագիրը, ԱՄԷ-ի իշխանությունները սահմանափակել են բնակիչների տեղաշարժը 24 ժամվա ընթացքում` բացառությամբ ոստիկանության կողմից տրամադրվող թույլտվության: Տեղաշարժման արգելքը խախտողները տուգանվում են` մոտավորապես 650.000 ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ իրականացվում են մի շարք ծրագրեր` ժամկետանց վիզաներ ունեցող անձանց վիզաների ավտոմատ երկարացման համար` մինչև սույն թվականի Դեկտեմբերի 31:

Ամփոփելով վերոգրյալը պետք է նշել, որ համաճարակի տարածումը դեռևս շարունակվում է և դրա վերջնական ազդեցությունը կախված կլինի աշխարհագրական տարածումից, տևողությունից և ինտենսիվությունից: Եվ քանի որ համաճարակը շարունակում է տարածվել` խորացնելով տնտեսական հետևանքները, Մերձավոր Արևելքի պետությունները, այդ թվում նաև ԱՄԷ-ն ամեն օր նոր որոշումների և ռազմավարության  միջոցով փորձում է պայքարել հետևանքների դեմ` աջակցության ծրագրեր մշակելով ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Ուստի վերևում ներկայացված խթանման պլանները ամեն օր ենթարկվում են փոփոխությունների:

 

Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել

Եթե Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվում եք ձեռնարկատիրական գործունեությամբ, կամ ունեք վարկեր, անշարժ գույք կամ զբաղվում եք այլ գործունեությամբ, ապա կարող եք դիմել առավել մանրամասն տեղեկատվության և խթանման ծրագրերից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: