ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

Download
  • Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին[1]:

 

  • Արտակարգ դրությունը ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է, որը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` արտակարգ իրավիճակները[2]:

 

  • Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: ՀՀ կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե ՀՀ կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ[3]:

 

  • ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ կառավարության որոշմամբ` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սահմանված ժամկետները (համապատասխանաբար 30 և 60 օր) չգերազանցող ժամկետներով[4]:

 

  • Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից[5]:

 

  • Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ[6]: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը[7]:

 

  • Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը[8]:

 

  • ՀՀ ԱԺ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո[9]:

 

  • Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ[10]:

 

  • Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն, որը իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է ՀՀ կառավարության նշանակած պարետը[11]։

 

  • Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում և տարածքում, ուժը կորցրած են համարվում արտակարգ դրությունը դադարեցնելու պահից[12]։

 

[1] ՀՀ Սահմանադրություն, հոդված 120, մաս 1:

[2] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 1, մասեր 1,2:

[3] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»» ՀՀ օրենք, հոդված 3, մաս 2:

[4] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 5, մասեր 1,2:

[5] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 6, մաս 1:

[6] ՀՀ Սահմանադրություն, հոդված 120, մաս 2, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք, հոդված 48,  մաս 1:

[7] ՀՀ Սահմանադրություն, հոդված 120, մաս 3, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք, հոդված 107, մաս 4, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 6, մաս 2:

[8] «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք, հոդված 107,  մաս 1:

[9] «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք, հոդված 48,  մաս 3:

[10] «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենք, հոդված 107,  մաս 5:

[11] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 8, մասեր 1,2

[12] «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք, հոդված 14, մաս 1: