ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Որքան զարգանում են նորագույն տեխնոլոգիաները այնքան անպաշտպան է մնում անձի իրավունքները: Սոցիալական ցանցերի զարգացմամբ և կատարելագործմամբ նվազում է անձանց ոչ միայն մասնավոր կյանքի հարգանքի իրավունքը այլև սոցիալական ցանցերը շատ հաճախ անձանց կախվածության մեջ դնելով իրենցից, կանխորոշում են այդ անձանց հետագա վարքագիծը: Այս ամենի վրա աշխատում են հսկա թիմեր՝ ինժեներներ, հոգեբաններ, մարկետոլոգներ և այլն: Շատ սոցիալական ցանցերի տարեկան շրջանառությունն ու զուտ շահույթը տասնյակ անգամ կարող են գերազանցել պետությունների բյուջեները:

Ինչ ասվում կամ արվում է բաց տարածքում մնում է այնտեղ ընդմիշտ: Երբ մենք սոցիալական ցանցերում անում ենք որևէ բան, ապա պետք է հիշենք, որ էկրանի մյուս կողմում բազմաթիվ անձինք տեսնում, իսկ որոշակի դեպքերում պահպանում ու օգտագործում են այն:

Հսկա սոցիալական ցանցերի ազդեցությունը մեր աշխարհի վրա հնարավոր է շատ ավելին է քան բազմաթիվ կառավարությունների: Լավ կամ վատ է այն, դժվար է պատասխանել, բայց որ դրանք շատ հաճախ հատում են մարդու իրավունքների սահմանը և մեզ՝ իրավաբաններիս բարդ է լինում վերականգնել անձի իրավունքները՝ հանրահայտ հանգամանք է:

Ապացուցված փաստ է, որ սոցիալական ցանցերը գործուն ազդեցություն ունեն քաղաքական երևույթների վրա, իսկ շատ հաճախ ուղղակի կամ անուղղակի ներգրավվում են իշխանափոխության, կառավարությունների տապալման, քաոսի ստեղծման և այլ գործընթացների մեջ: Իհարկե այս ամենը հսկվում է հզոր և անտեսանելի ձեռքի կողմից:

Սոցիալական ցանցերը ցանկանում են վերցնել մեր ժամանակը, մեր կենսաչափական տվյալները, մեր ուշադրությունը և հեշտությամբ ստանում են այն: Հետևանքները անչափելի են: Այս տեխնոլոգիական գյուտը իրականում գիտակցության վերահսկողություն է, որը ահռելի հետևանքներ է առաջացնում հասարակության համար և վերջին հաշվով տանում է դեպի գլոբալիզացիա: Ստեղծվում է նոր մարդ, որին մենք շատ հաճախ անվանում ենք վիրտուալ սերունդ:

Վերցնենք սոցիալական հսկա՝ «Ֆեյսբուքը» (այսուհետ ՖԲ): ՖԲ-ն ստեղծվել է 04/02/2004թ-ին՝ Մարկ Ցուկերբերգի կողմից, ով դրա շնորհիվ, 23 տարեկանում արդեն միլիարդատեր էր: ՖԲ-ն այժմ ունի երկու միլիարդ ակտիվ օգտատերեր: Այսինքն սրանք այն օգտատերերն են ովքեր ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մուտք են գործել իրենց հաշիվներ: Յուրաքանչյուր օր օգտատերերը վեց միլիարդ հավանում են կատարում և երեք հարյուր միլիոն նկար են տեղադրում[1]: Իր հերթին ՖԲ-ում տեղակայված «Հավանումներ» կոճակը կոնկրետ ցուցիչ է բնորոշելու անձին, գեներացնելու կարծիքներ, ուղղորդելու դրանք և այլն:

2020թ-ի մարտի 5-ին, հայտնի «Բի Բի Սի»  բրիտանական հեռուստա-ռադիո և ինտերնետ հեռարձակման խոշոր ընկերություն[2] հեռարձակեց փաստավավերագրական ֆիլմ[3] որում մանրամասն անդրադարձավ սոցիալական ցանցերի և մասնավորապես ՖԲ-ի նպատակներին, որի հիմնական նպատակը գրավել անձանց ժամանակը և վաճառել այն: Այս նպատակին հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ էր, որ մարդիկ ձեռք բերեն կախվածություն: Այս ֆիլմում, Լիա Պյորլումանը, ով հանդիսացել է ՖԲ «Հավանում[4]» կոճակի ստեղծողներից մեկը, պատմում է, որ ձեռք է բերել կախվածություն դրանից և իր վարքը կառուցել է նրա վրա թե որքա՞ն հավանում է ստացել իր փոստը կամ նկարը, նա կախված է եղել թվերից, որոնք չէր կարող վերահսկել և միշտ իր վարքը փորձել է կառուցել հավանումների միջոցով դրսևորվող պատասխան վարքագծերից:

ՖԲ ստեղծողներն ու կատարելագործողները շատ լավ գիտակցել են, որ անհրաժեշտ է անել մի բան, որ անձի մոտ կառաջացնի բավականության զգացողություն (Дофами́н[5]) ինչն էլ իր հերթին անձի մոտ կստեղծի կախվածություն: Սրա շարունակությունն է նաև այն, որ ՖԲ էջը երբեք չի վերջանում և անձը ստիպված չի լինում սեղմել որևէ կոճակ անցնելու համար այլ էջի: Սա պայմանավորված է նրանով, որ ՖԲ էջը թերթելիս անձանց ուղեղը ազդակ չի տալիս դադարի վերաբերյալ և անձը ժամերով կարող է թերթել ՖԲ էջը չկտրվելով դրանից և վատնելով իր թանկագին ժամանակը ՖԲ-ի վրա, բերելով ՖԲ բաժնետերերին ահռելի գումարներ:

 

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016թ-ին «Pew Research Center[6]»-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն ԱՄՆ քաղաքացիների զգալի մասը օրվա նորությունները ստանում էին ՖԲ-ից: ՖԲ-ն մեղադրվում էր այն բանում, որ ՖԲ ալգորիթմները նորությունները հավաքագրում էր այնպես, որ ինքն էր որոշում ինչ նորություններ պետք է ցույց տրվի առաջին հերթին և ինչի մասին պետք է լռել[7]: Մեկ այլ հետազոտության համաձայն (որը հրապարակվել է Computers in Human Behavior #5-ում)[8] ՖԲ օգտատերերի մոտ հայտանբերվել էր ավելի շատ նարցիսիզմի[9] և էքսգիբիցիոնիզմի[10] երևույթներ, քան այն անձանց մոտ ովքեր չեն օգտվում ՖԲ-ից: 2011թ-ին վիեննացի իրավաբան՝ Մաքս Շհրեմսը (Max Schrems) հասավ նրան, որ ՖԲ-ն նրան տրամադրեց իր վերաբերյալ տվյալները, որոնք կուտակվել էին ՖԲ-ում Մաքսի երեք տարվա ակտիվության արդյունքում: Այս տվյալները կազմում էին 1200 էջ (pdf ֆորմատով): Մաքսը կազմակերպեց կոլեկտիվ հայցի ներկայացում ընդդեմ ՖԲ-ի՝ Վեննիայի շրջանային դատարանում, այն բանի համար, որ ՖԲ-ն հավաքել և պահել է իր վերաբերյալ տեղեկություններ[11]: Այս հայցում ի թիվս այլնի շոշափվում էր նաև ՖԲ-ի և ԱԱԳ (ազգային անվտանգության գործակալություն)[12]-ի համագործակցությունը PRISM (Program for Robotics, Intelligents Sensing and Mechatronics)[13] ծրագրի շրջանակներում: Հայցին միացել են ավելին քան 60000 մարդ 100 երկրներից:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՓՈՐՁ

Այս տեսակետից ուշագրավ է նաև իմ կողմից իրականացված փորձը: Մասնավորապես ՖԲ-ն ստեղծվելուց հետո այս սոցիալական ցանցում ես մինչ օրս գրանցել եմ երեք հաշիվ՝ հաջորդաբար: Առաջին հաշիվը, ըստ ՖԲ կանոնների ջնջել եմ ՀԻՄՆԱԿԱՆ: Հետո ստեղծել եմ երկրորդ հաշիվը, որը կրկին ջնջել եմ ՀԻՄՆԱԿԱՆ: Երրորդ հաշիվը ստեղծելուց հետո, բեռնել եմ իմ հաշվի տվյալները և այդ թղթապանակի վերնագիրն է facebook.com/gevorg.gyozalyan.3: Սա նշանակում է, որ ՖԲ-ն պահպանել է նաև իմ նախորդ հաշիվների ինֆորմացիան, ինչն ակնհայտորեն մարդու իրավունքների խախտում է:

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ

06/06/2017թ-ին բրիտանական «The Times» հրատարակչությունը հայտնել է, որ ՖԲ-ն պլանավորում է օգտագործել արհեստական ինտելեկտը որպեսզի վերլուծի օգտատերերի էմոցիաները առցանց ռեժիմում[14], իսկ 2019թ-ին հայտնի դարձավ, որ ՖԲ-ն օգտատերերի գաղտնաբառերը պահպանել է առանց թվայնացման ինչն էլ իր հերթին այն հասանելի է դարձրել բազմաթիվ անձանց: Սոցիալական ցանցերն իրենց օգտատերերին ճանաչում են դեմքով, ունեն իրենց օգտատերերի կենսաչափական տվյալները և այլն և այլն:

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Գրեթե բոլոր առաջադեմ երկրներում սահմանադրորեն պաշտպանված է անձի անձնական կյանքի, հաղորդակցության ազատության և գաղտնիության անձեռնմխելիության իրավունքը: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը որն իր Սահմանադրության 31-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածներում ամրագրել է մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության իրավունքները: Բացի Սահմանադրությունը, նշված իրավունքները պաշտպանվում են նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով[15] և այլ նորմատիվ իրավական ակտերով:

Սույն հոդվածը չծանրաբեռնելով ՀՀ օրենսդրությունից երկար-բարակ մեջբերումներով կփաստեմ միայն մի բան, որ վկայակոչված նորմերը առավելագույնս պաշտպանում են անձանց իրավունքները առնվազն օրենսդրական մակարդակում: Բայց սա հնարավոր կլինի այն դեպքերում, երբ որևէ ձևով հայտնի է դառնում, որ տեղի է ունեցել այդ իրավունքների խախտում: Վերը նկարագրված դեպքերում բավականին բարդ է օրինակ դատի տալ ՖԲ-ին, «Յութուբին» կամ այլ սոցիալական հսկային այն բանի համար, որ նա այս կամ այն ձևով պահել և օգտագործել է անձի տվյալները կամ էլ այլ ձևով մանիպուլացրել է հանրային կարծիքը և այլն: Սրանք դժվար ապացուցելի փաստեր են, եթե իհարկե պատահականությամբ տեղի չի ունեցել տվյալների արտահոսք:

 

ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդունելով հանդերձ սոցիալական ցանցերի օգտակարության որոշակի աստիճանը, այդուհանդերձ կարծում եմ, որ հայրենի կառավարությունը, ազգային ժողովն ու պատգամավորները, դատական իշխանությունն ու պաշտոնատար այլ անձինք օր առաջ պետք է նախ նվազագույնի հասցնեն սոցիալական ցանցերում իրենց ակտիվությունը և փորձեն առհասարակ կտրվել դրանցից, իհարկե ստեղծելով դրանց հայկական այլընտրանքներ: Զորօրինակ ոչինչ չի խանգարում պաշտոնատար անձանց մարդկանց հետ շփվելու հանրային և պաշտոնական կայքերով, դրանք համապատասխանեցնելով գիտության վերջին զարգացումներին այնպես, ինչպես «Յութուբն» է ՖԲ-ն է և այլն: Եթե կուզեք սա նաև ազգային անվտանգության և երկրի հեղինակության հարց է: Չի կարող այնպես լինել, որ ՖԲ-ն հայաստանյան քաղաքական և հասարակական կյանքում ստեղծի եղանակ: Այլ կերպ ասած մենք պետական մակարդակով պետք է թույլ չտանք նման զարգացում: Իսկ որ հնարավոր է, որ հսկա սոցիալական ցանցերը եղանակ ստեղծեն կոնկրետ երկրում, կարծում եմ ողջամիտ կասկածից վեր է:

Հարկ է հիշել ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ կապված` «twitter» սոցիալական ցանցի վարքագիծը, երբ վերջինս ապաակտիվացրեց Նախագահի հաշիվը ինչ-ինչ շարժառիթներից ելնելով[16]

Այս տիրույթներում տոտալ խախտվում է անձանց իրավունքները սկսած ամենազզվելի հայհոյանքից վերջացրած սուտ տեղեկություններով և այս ամենը բավականին բարդ է վերահսկվում: Երբ անձի վերաբերյալ տեղեկություն է հայտնվում վերը թվարկված սոցիալական ցանցերում ու բազմաթիվ կեղծ և անհայտ օգտատերեր սկսում են մեկնաբանություններում ուղղակի հայհոյել այդ անձին, ապա գործնականում ուղղակի անհնարին է արդյունավետ ձևով պաշտպանել այդ անձի իրավունքները, սկսած դրա անվերահսկելի մեծաթվությունից և վերջացրած այդ օգտատերերի անհայտ լինելուց: Այս կեղտոտ լեքսիկոնը տարածվում և օգտագործվում է: Սա լոկալ մակարդակում: Իսկ գլոբալ առումով ինստիտուցիոնալ մակարդակում ստեղծվում են կարծիք գեներացնողներ ովքեր փորձում են ազդել կոնկրետ երևույթների վրա մանիպուլացնելով ոչ միայն հանրային կարծիքը, այլև անձին:

Այս ամենի լուծումն, ըստ իս, շատ պարզ է և որքան էլ, որ այն մերօրյա ժամանակներին ոչ համահունչ հնչի այդուհանդերձ անհրաժեշտ է պետական մակարդակով աստիճանաբար հրաժարվել այդ ցանցերից և ստեղծել կամ կատարելագործել պաշտոնական, ամուր հենքի վրա հիմնված մեխանիզմներ: Այս մեխանիզմներն պետք է ստեղծվեն/կատարելագործվեն այնպես, որ առավելագույնս հաշվի առնվի անձանց հիմնական իրավունքները և դրանց արդյունավետ պաշտպանությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սոցիալական ցանցում դրսևորած ակտիվության շնորհիվ հեշտորեն կարելի է բացահայտել անձի ինքնությունը, նրա հուզմունքները, վախերը և այլ ինքնությունը բնութագրող հատկանիշները: Այս տեսակետից անձինք անպաշտպան են սոցիալական հսկաների դեմ, ուստի անհրաժեշտ է օր առաջ սեղծել գործուն մեխանիզմներ անձանց անձնական տվյալները, մասնավոր կյանքը պաշտպանելու ուղղությամբ:

 

[1] https://ru.wikipedia.org/wiki/Facebook:

[2] https://hy.wikipedia.org/wiki/BBC:

[3] https://www.youtube.com/watch?v=iW2FBTA2JnI:

[4] Like.

[5] https://ru.wikipedia.org/wiki/%D0%94%D0%BE%D1%84%D0%B0%D0%BC%D0%B8%D0%BD:

[6] https://www.pewresearch.org/

[7] https://www.theguardian.com/technology/2016/may/12/zuckerberg-denies-facebook-bias-invites-conservatives-talk:

[8] Томас Чаморро – Премузик. Уверенность в себе: Как повысит самооценку, преодолеть страхи и сомнения = Confidence. Overcoming Low Self-Esteem, Insecurity, and Self-Doubt. – М.: Альпина Паблишер, 2014. Ст. 266.

[9] https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D6%80%D6%81%D5%AB%D5%BD%D5%AB%D5%A6%D5%B4:

[10] https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF:

[11] https://russian.rt.com/article/43558:

[12] https://www.nsa.gov/:

[13] https://ru.wikipedia.org/wiki/PRISM_(%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D0%BC%D0%B0_%D1%80%D0%B0%D0%B7%D0%B2%D0%B5%D0%B4%D0%BA%D0%B8):

[14] https://www.thetimes.co.uk/article/facebook-wants-to-analyse-your-emotions-as-you-browse-8wrlb2hhb:

[15] ՀՀՊՏ 2015/35 (1124), 18.06.15, հոդ. 462:

[16] https://www.sfchronicle.com/bayarea/article/Here-s-why-Twitter-won-t-delete-President-15851320.php