ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄ. ՄԵԴԻԱՑԻԱ – ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԸ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հաշտարարության արդյունք հանդիսացող՝ վեճերի կարգավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (առավել հայտնի որպես «Սինգապուրի մեդիացիոն» կոնվենցիա) բաց է պետությունների ստորագրման համար 2019 թվականի օգոստոսի 7-ից։ Ներկայումս կոնվենցիան ստորագրվել է 58, իսկ վավերացվել՝ 3 պետության կողմից։[1]

 

Ի՞ՆՉ Է ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշտարարուտյունը ինքնին նոր չէ՝ հատկապես ներպետական իրավական համակարգում կիրառելիության տեսանկյունից։ Առևտրային մշակույթի որոշակի առանձնահատկություններով պայմանավորված՝ այն, որպես առևտրային վեճերի լուծման արդյունավետ կառուցակարգ, սկզբնական շրջանում առավել լայն կիրառելիություն է ունեցել արևմտյան աշխարհում։ Ներկայումս հաշտարարությունը լայնորեն կիրառվում է իրավական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում։ 

Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային արտադատական մեթոդ  է։ Այն   հնարավորություն է ընձեռում կողմերին լուծել իրենց միջև առաջացած իրավական վեճը, երրորդ՝ չեզոք և անկողմնակալ կողմի միջոցով։ Վերջինս այս հարաբերություններում հանդես է գալիս որպես միջնորդ (մեդիատոր կամ հաշտարար), ով որևէ իրավասություն  չունի պարտադրելու իր կողմից առաջադրվող լուծումը. նրա միակ առաքելությունն է օգնել կողմերի հասնել վեճի՝ փոխադարձ ընդունելի լուծման։  Որպես կանոն հաշտարարության միջոցով փոխհամաձայնության հասնելու արդյունքում կողմերի միջև կնքվում է վեճի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր։

Այսպիսով, վեճերի լուծման դատական և արբիտրաժային ընթացակարգերի հետ համեմատության համտեքստում՝ հաշտարարության՝ հաճախ հիշատակվող առավելությունների թվին է դասվում կողմերի ակտիվ ներգրավածությունը գործընթացին, ինչը թույլ է տալիս կառուցողական երկխոսության միջոցով հասնելու փոխադարձաբար ընդունելի լուծման։ Ավելին, միջազգային փորձը վկայում է, որ հաշտարարության միջոցով    վեճը  լուծվում է անհամեմատ արագ՝ թույլ տալով կողմերին խնայել ժամանակ և գումար։ 

Վերոգրյալ հատկանիշների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հաշտարարությունը կարող է վեճերի լուծման արդյունավետ գործիք դառնալ հատկապես անդրսահմանյան վեճերի լուծման տեսանկյունից։ Միջազգային Մեդիացիոն ինստիտուտի կողմից արված հարցումների արդյունքները ևս վկայում են, որ հարցվածների 93 տոկոսը առավել հակված է վեճի՝ հաշտարարության միջոցով լուծմանը, երբ մյուս կողմը այլ պետության ներկայացուցիչ է[2]։ Սակայն ներկայումս այս շրջանակում հաշտարարությունը սահմանափակ կիրառելիություն ունի: Ինչու՞։ Վեճի լուծման այս եղանակի արդյունավետության շուրջ ստեղծված անվստահությունը պայմանավորված է միջազգային իրավական ռեժիմի բացակայությամբ[3]։ Մասնավորապես չկան գործուն և արդյունավետ կառուցակարգեր որոնք կապահովեն   հաշտարարության արդյունքում կնքված համաձայնագրերի հարկադիր կատարումը։

Ներկայումս, հաշտարարության արդյունքում կնքված համաձայնագիրը կարող է ի կատար ածվել նույն կերպ ինչպես ցանկացած այլ պայմանագիր. այն է համաձայնագրով սահմանված պարտավորությունների չկատարման հիմքով հայց ներկայացնել արբիտրաժ կամ դատարան։ Միայն դատական կամ արբիտրաժային որոշմամբ հաստատված համաձայնագրի խախտման փաստի ուժով կողմը կարող է «իրացնել» համաձայնագրով սահմանված մյուս կողմի պարտավորությունների կատարումը։

Այսպիսով, գործնականում այս գործընթացը կարող է բարդ, ժամանակատար և ծախսատար լինել։  Կարելի է համաձայել, որ այս պարագայում կողմերի շահագրգռվածություն չունեն իրենց վեճը հաշտարարության կարգով լուծելու, քանի որ   Նյու Յորքի կոնվենցիան արդեն իսկ ապահովում է ավելի քան 150 երկրներում արբիտրաժային որոշումների կատարման համար պարտադիր և ուղղակի հիմք: Հաշտարարության գլոբալ կիրառելությունը ապահովելու  նպատակով հրամայական է միջազգային իրավական մակարդակում դրա արդյունք հանդիսացող համաձայնագրերի իրագործման ուղղակի և արդյունավետ կառուցակարգերի  ամրագրումը։

 

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՍԻՆԳԱՊՈՒՐԸ

Կանխատեսվում է, որ Սինգապուրի մեդիացոն կոնվենցիան, որպես հաշտարարության միջոցով վեճերի լուծման կառուցակարգի օգտագործման խթանիչ, կունենա նույն դերակատարությունը, ինչ մի ժամանակ Նյու Յորքի կոնվենցիան ունեցավ վեճերի արբիտրաժային կարգով լուծման խթանման տեսանկյունից։ Կոնվենցիայի հիմնական նպատակը հաշտարարության արդյունքում կնքված համաձայնագրերի կատարման արդյունավետ մեխանիզմների սահմանումն է։ Մասնավորապես, կոնվենցիան  հաշտարարության արդյունքում կնքված համաձայնագրերի կատարումն ապահովելու նպատակով սահմանում է պետության դատարանների միջոցով ուղղակի կատարման կառուցակարգ։ Ստորև համառոտ կներկայացնենք Կոնվենցիայի էությունը։

Կոնվենցիան տարածվում է միայն այն համաձայնագրերի վրա որոնք իրենց բնույթով միջազգային են, հետևաբար դրանք կնքված են.

  • Երկու կամ ավելի կողմերի միջև, որոնք գործունեություն են ծավալում տարբեր պետություններում.
  • Պետությունները, որտեղ գործունեություն են ծավալում համաձայնագրի կողմերը վավերացրել են Սինգապուրի մեդիացիոն կոնվենցիան։

Կոնվենցիան հստակ սահմանում է նաև այն համաձայնագրերի շրջանակը, որոնց վրա վերջինս չի տարածվում։ Մասնավորապես դրանք այն համաձայնագրերն են որոնք.

  • վերաբերում են ընտանեկան, ժառանգական կամ աշխատանքային իրավունքին.
  • դատարանի կողմից հաստատվել են և ենթակա են կատարման որպես դատական որոշում.
  • գրանցվել են և ենթակա են կատարման որպես արբիտրաժային վճիռ։

Կոնվենցիան նախատեսում է համաձայնագրերի կատարման պարզեցված ընթացակարգ, որի շրջանակում համաձայնագրի կատարմամբ շահագրգիռ կողմը իրավասու մարմնին պետք է տրամադրի հետևյալ փաստաթղթերը.

  • կողմերի միջև կնքված համաձայնագրի պատճենը.
  • ապացույց, որ ներկայացված համաձայնագիրը կնված է հաշտարարության արդյունքում։

Համապատասխան տեղեկատվության ներկայացումից հետո իրավասու մարմինը պարտավորություն է ստանձնում իր գործառույթների շրջանակում ապահովելու համաձայնագրի կատարումը։

 

ԿՈՆՎԵՑԻԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սինգապուրի մեդիացիոն կոնվենցիայի հաջողությունը մեծապես կախված է պետությունների կողմից դրա վավերացումից։ Կոնվենցիայի առաջնային նպատակը հաշտարարության գործընթացի արդյունավետության նկատմամբ կողմերի վստահություն ամրապնդումն է։ Հաշտարարության, որպես միջսահմանային վեճերի լուծման նախընտրելի տարբերակի ճանաչման մեջ կան մի շարք առավելություններ։

Հաջող հաշտարարությունը կարող է ավելի արդյունավետ լինել ժամանակի և ծախսերի առումով, քան արբիտրաժային կամ դատական գործընթացը։ Ավելին, դրա ոչ մրցակցային բնույթը  առավել իրատեսական է դարձնում կողմերի առևտրային հարաբերությունների հետագա պահպանումը։ Այս համատեքստում, հաշվի առնելով COVID-19 համաճարակի տարածման արդյունքում  ներկայումս համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրները՝ կարծում ենք, կոնվենցիայի հնարավոր դերը  վերագնահատման կարիք ունի։Մասնավորապես, արդեն իսկ կանխատեսելի դարձած միջսահմանային տնտեսական վեճերի լուծման համար արդյունավետ կառուցակարգերի ապահովումը կարելի է համարել յուրաքանչյուր պետության առաջնային խնդիրներից մեկը։ Հետևաբար կարծում ենք, որ Հայաստանի համար ևս Կոնվենցիայի վավերացումը, այս պահին պետք է դիտարկվի որպես տնտեսական վատթար հետևանքների վերացմանը ուղղված քայլեից մեկը։ Ճիշտ ժամանակն է ձեռնամուխ լինել կոնվեցիայի վավերացմանը՝ դառնալով այս ոլորտում նպաստավոր պայմանների  ստեղծման առաջամարտիներից մեկը։

 

[1] Ավելին տե՜ս հետևյալ հղմամբ. https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=XXII-4&chapter=22&clang=_en

 

[2] Տե՛ս, International Mediation Institute, IMI survey results overview: How Users View the Proposal for a UN Convention on the Enforcement of Mediated Settlements (16 January 2017) available from https://www.imimediation.org/2017/01/16/users-view-proposal-un-convention-enforcement-mediated-settlements

[3] Տե՜ս,հետևյալ հղմամբ http://arbitrationblog.kluwerarbitration.com/2019/08/31/the-singapore-mediation-convention-what-does-it-mean-for-arbitration-and-the-future-of-dispute-resolution/