«ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԹՇՆԱՄԻՆ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Download

ՆԵՐԱԾԱԿԱՆ

 

Ստեղծված իրավիճակում օրըստօրե առավել օրակարգային է դառնում հանրության անվտանգության և առողջության պահպանման համար անհրաժեշտ պահանջների պահպանումը, մի կողմից և միևնույն ժամանակ դրանով պայմանավորված  արդարադատության բնականոն իրականացման և անձանց՝ իրենց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման ապահովումը, մյուս կողմից։

Արդյունքում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները (կամ դրանց բացակայությունը), ՀՀ դատական համակարգը որդեգրել է մի մոտեցում, ըստ որի՝ որոշ դատական նիստեր անցկացվում են հեռահար տարբերակով, իսկ շատ ավելի մեծ քանակի նիստեր առհասարակ չեն անցկացվում, հետաձգվում են։

Այնուամենայնիվ, հայկական դատարանների կողմից որդեգրած վերոգրյալ երկու լուծումները և իրողությունները խնդրահարույց են և, անշուշտ, հետագայում անխուսափելիորեն հանգեցնելու են նորանոր խնդիրներ և խոչընդոտներ։

 

Ինչպիսի՞ իրավական խնդիրներ են առկա այս պահին գործող դատավարական գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ

Վերջերս Հայաստանի բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց առ այն, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ։ Դրանց միջոցով հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին ապահովել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը, որին հղում է տալիս ԲԴԽ-ն[1] ունի մի շարք պայմաններ, որոնց առկայության դեպքում կարելի է իրականացնել հեռավար դատավարություն: Մասնավորապես, ըստ այդ հոդվածի, քաղաքացիական գործեր քննող դատարանները տեսաձայնային հեռահաղորդակցությամբ[2] դատավարություն կարող են անցկացնել միայն այն դեպքում, երբ դրա մասին միջնորդում է դատավարության մասնակիցը, միջնորդությունը ներկայացվել է դատական նիստը սկսելուց առնվազն յոթ օր առաջ, գործը քննվում է առանց թարգմանչի, բացակայում է առերես հարցաքննության անհրաժեշտությունը: Բացի այդ դատարանի աշխատակազմը պետք է ապահովվի դատավարության մասնակցի կողմից ճիշտ բացատրություն և ցուցմունք տալու նախազգուշացման վերաբերյալ փաստաթուղթը հնգօրյա ժամկետում դատարան ուղարկելու գործողությունը և այն կցի դատական նիստի արձանագրությանը: Այսինքն դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավունք չունի իրականացնելու հեռավար դատավարություն և կաշկանդված է դատավարության մասնակիցների միջնորդություններով, որոնք իրենց հերթին պետք է լինեն պատճառաբանված: Եվ ուրեմն բոլոր այն դատավարությունները, որոնք իրականացվել են առանց այս պայմանների պահպանմամբ անօրինական են՝ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով և հետագայում կարող են դատական ակտի վիճարկման հիմք հանդիսանալ:

Հարկ է նկատել, որ թեև Օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածում[3] քիչ թե շատ, սահմանել է հեռավար դատավարության լոկալ մոդել[4]այդուհանդերձ որևէ տեղ սահմանված չէ դրա իրականացման ծրագրային մեխանիզմները: Զորօրինակ ի՞նչ համակարգչային ծրագրերով պետք է իրականացվեն հեռավար դատավարությունները, որքանո՞վ են դրանք անվտանգ, ի՞նչ ձևով պետք է ստուգվի անձի նույնականացումը և այսպիսի բազմաթիվ հարցեր, որոնք իրենց լուծումը չեն ստացել նորմատիվ-իրավական բազայում:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Միաժամանակ Սահմանադրության 76-րդ հոդվածի ուժով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու Սահմանադրության՝ 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները ենթակա չեն սահմանափակման: Ահա այս տրամաբանությունն է ընկած նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, ըստ որի արտակարգ դրության ժամանակ այդ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեությունը:

Վերը նշված սահմանադրական և օրենսդրական կարգավորումների շրջանակում ակնհայտ է, որ նախ՝ արտակարգ դրության ժամանակ որևէ ձևով չի կարող սահմանափակվել անձի՝ դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատարանները պարտավոր են գործել բնականոն հունով և երկրորդ, ներկա իրավակարգավորումները թույլ չեն տալիս արդյունավետորեն իրականացնել հեռավար դատավարություններ և յուրաքանչյուր դեպքում այն ոչ միայն կախված է դատավարության մասնակիցների հայեցողությունից, այլև անգամ այդ դեպքում առկա չէ հստակ կանոնակարգումներ թե ինչպես պետք է իրականացվի հեռավար դատավարությունը, որը կլինի տեսանելի, ընկալելի, հրապարակային և ամենակարևորը արդարության չափանիշներին համապատասխանող:

 

Ինչպիսի՞ն է հեռավար դատավարությունների վերաբերյալ միջազգային փորձը

COVID-19-ի համաճարակով (այսուհետ նաև՝ «Համաճարակ») պայմանավորված աշխարհի տարբեր երկրներում գործող դատական համակարգերը, պայմանականորեն, բաժանվել են երկու խմբի՝

  1. Երկրներ, որտեղ ամբողջությամբ կամ մեծամասամբ դադարեցվել է դատարանների գործունեությունը։ Այս երկրներում դատարաններն այժմ գործում են միայն «անհետաձգելի» դատավարություններն իրականացնելու համար։ Այդ դատավարություններին, հիմնականում, հանրությունը չի մասնակցում և կիրառվում են անվտանգության ապահովման հատուկ միջոցներ։ Այս երկրների շարքին են դասվում ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան։
  2. Երկրներ, որտեղ դատավարություններն անցկացվում են հեռավար կարգով (“remote hearings”)։ Այսպիսի մեխանիզմով աշխատող երկրների վառ օրինակ են Մեծ Բրիտանիան և Իռլանդիան։ Երկու դեպքում էլ այս երկրների իրավասու մարմինները հայտարարել են, որ դատավարություններն անցկացվելու են հեռավար կարգով։ Բայց ինչն ամենակարևորն է, բացի այն, որ նիստերը հեռավար անցկացնելու մասին հայտարարություն է տարածվել, այլ նաև սահմանվել են այդպիսի դատավարությունների անցկացման ընթացակարգերը՝ նպատակ ունենալով ապահովել դատավարության այս ձևի իրականացման ընթացքում արդար դատաքննության հիմնաքարային սկզբունքները և կողմերի սահմանադրական իրավունքները։

Մասնավորապես՝ հեռավար դատավարությունների վերաբերյալ համապատասխան կարգավորումներ և ուղեցույցներ են ընդունվել Մեծ Բրիտանիայի դատական ատյանների կողմից հեռավար դատավարությունների և առանձնահատկությունների վերաբերյալ։ Այսպես՝ 2020թ. մարտի 20-ի «Անգլիայում և Ուելսում քաղաքացիական արդարադատության շրջանակներում հեռավար դատավարությունների» արձանագրության (այսուհետ նաև՝ «Արձանագրություն»)[5]համաձայն՝ հեռավար դատավարությունների կազմակերպման պրոցեսում առանձնահատուկ ուշադրություն է դարձված հետևյալ հիմնախնդիրների վրա.

ա) Հեռահաղորդակցությունն ապահովող ծրագրային ապահովումը. Արձանագրության համաձայն՝ հեռավար դատական նիստերի կազմակերպումը և անցկացումը հնարավոր է, ներառյալ առանց որևէ սահամանափակման՝ BT MeetMe. Skype for Business, Zoom ծրագրային ապահովումների, դատարանի կողմից տրված հղման կամ սովորական հեռախոսակապի միջոցով, որպիսի ձևը նախապես համաձայնեցվում է դատավարության մասնակիցների և դատարանի կողմից,

բ)    Հեռավար դատական նիստերին նախապատրաստություն. Վերջինս ենթադրում է, որ դատավարության մասնակիցները պարտավոր են համապատասխան հեռավար դատական նիստից առաջ էլեկտրոնային տարբերակով (փաստաթղթերի լուսապատճենները) ուղարկել միմյանց և դատարանին։ Ընդ որում՝ համապատասխան փաստաթղթերի տրամադրումը կարող է իրականացվել էլեկտրոնային փոստ(եր)ին համապատասխան փաստաթղթերի ուղարկմամբ, «տվյալների սենյակ» (DataRoom) մուտքագրվելու համապատասխան հղումով կամ այլ նյութական կրիչի (օրինակ՝ USB ֆլեշի) տրամադրմամբ,

գ)  Հրապարակայնության պահանջների պահպանում. Անգլիական ստատուտներով երաշխավորված այս հիմնարար սկզբունքը ապահովվում է երեք հիմնական ճանապարհներով՝ 1) դատական նիստի դահլիճում տեսաձայնային հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների առկայություն, և/կամ 2) հեռակա դատական նիստերին լրագրողների մուտք գործելու հնարավորության տրամադրում, և/կամ 3) համացանցով հեռավար դատական նիստի հեռարձակում, եթե կոնկրետ գործով հրապարակայնությունը օրենսդրությամբ արգելված չէ։

դ) Հեռավար դատական նիստերի արձանագրում. Հաշվի առնելով այն, որ դատավարության մասնակիցները դատական նիստին մասնակցում են հեռավար՝ համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ուստի այդպիսի նիստերի ձայնագրումը ևս հնարավոր է իրականացնել մի շարք եղանակներով, մասնավորապես՝ 1) դատական նիստերի դահլիճում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի օգնությամբ, կամ 2) հեռահար հաղորդակցությունն ապահովող ծրագրում (BT MeetMe. Skype for Business, Zoom և այլն) «արձանագրում» («recording») ֆունկցիայի գործածմամբ, կամ 3) դատարանի կողմից բջջային հեռախոսի միջոցով հեռավար դատական նիստի ձայնագրման միջոցով։ Ընդ որում՝ համաձայն վերոգրյալ կարգավորումների՝ հեռավար դատական նիստերի արձանագրումը կարող է իրականացվել դատական նիստերի քարտուղարի, այլ իրավասու անձի կամ հենց դատավորի կողմից։

ե)    Դատավարական ձևի պահպանում. Անկախ դատական նիստի հեռավար եղանակով իրականցնելու հանգամանքից՝ օրենքով սահմանված ընթացակարգը պետք է պահպանվի։ Այսպես՝ սահմանված ժամին դատավարության կողմերը պարտավորվում են «ներկայանալ» հեռավար նիստին, որից հետո դատական ծառայողի կողմից կանչվում է դատավորը և տրվում է դատական նիստի մեկնարկը։

 

Որո՞նք են ստեղծված խնդիրների շտկման կապակցությամբ առկա լուծումները և առաջարկները

Ամփոփելով վերը ասվածը համոզված ենք, որ, եթե Հայաստանի Հանրապետությունը կորոշի, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ կամ այլ իրավիճակներում անհրաժեշտ է իրականացնել հեռավար դատավարություններ, ապա նախ և առաջ անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություններ՝ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարություններում: Քաղաքացիական դատավարությունում կարգավորումները առնվազն պետք է ներառեն՝

  • ՀՀ դատական ատյանները պետք է հնարավորություն ունենան հեռավար դատավարություններ կազմակերպել ոչ միայն դատավարության մասնակիցների միջնորդություններով, այլև սեփական հայեցողությամբ և նախաձեռնությամբ։ Դատական ատյաններին նման լիազորության ապահովումը կարևորվում է հատկապես արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված իրավիճակներին արժանի «հակահարված» տալու անհրաժեշտությամբ,
  • ՀՀ դատական ատյանների գործունեությունը կազմակերպող մարմինները, այն է՝ Բարձրագույն Դատական Խորհուրդը կամ ՀՀ դատական դեպարտամենտը, պետք է համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանեն այն ծրագրային ապահովումների ցանկը, որոնցով պետք է իրականացվեն խնդրո առարկա հեռավար դատավարությունները։ Ծրագրային ապահովումների ցանկում, ի թիվս այլնի, պետք է ներառված լինեն Skype for Business, Zoom, BlueJeans, Microsoft Teams հավելվածները, ինչպես նաև այնպիսիք, որոնք ունեն անվտանգության և պաշտպանվածության հուսալի մակարդակներ, հնարավորութուն են ընձեռում առցանց ռեժիմում դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկել և ստանալ դատավարական փաստաթղթեր և այլն,
  • Հրապարակայնության՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական սկզբունքի ապահովման նպատակներից ելնելով՝ անհրաժեշտ է ապահովել հեռավար դատական նիստերի հեռարձակումը՝ այդ նպատակով դատական իշխանության պաշտոնական կայքում առանձին հարթակ նախատեսելով։ Ընդ որում՝ հրապարակայնությունը չի գործի միայն այնպիսի գործերով, որոնցով քննարկվող պահանջը պահպանելու ընդհանուր կարգից կատարված են բացառություններ (օրինակ՝ երեխայի որդեգրման վերաբերյալ գործեր և այլն),
  • Հեռավար դատական նիստերի ձայնագրումը պետք է իրականացվի ընդհանուր կամ հատուկ կարգով։ Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված արձանագրման ընդհանուր կարգից բացի, կարող է նախատեսվել հատուկ միջոցներով ձայնագրման հնարավորություն (օրինակ՝ ծրագրային ապահովումների հատուկ «ձայնագրման» (recording) ֆունկցիայի գործածմամբ),
  • Հեռավար դատական նիստերից առաջ դատավարության մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի իրենց միջնորդությունները, ապացույցները և այլ դատավարական փաստաթղթերը ներկայացնել հատուկ այդ նպատակով առանձնացված միջոցով (դատական իշխանության պաշտոնական կայքում ստեղծված «տվյալների սենյակով» (DataRoom)) կամ դատարանի կողմից տրված այլ էլեկտրոնային փոստի հասցեով՝ պահպանելով դրանց խիստ հասանելիությունը միայն դատարանի և դատավարության մասնակիցների համար,
  • Հեռավար դատավարությունների իրականացումը գործող օրենսդրությամբ սահմանված դատավարական ձևի պահպանմամբ, որը ենթադրում է նախագահող դատավորը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն գնահատել հեռավար դատական նիստերի վարման կարգի առանձնահատկությունները (օրինակ՝ դատավարության մասնակիցների կողմից ոտքի կանգնած դատական նիստին հանդես գալու անհրաժեշտության բացակայությունը և այլն) և կատարել իրավիճակից բխող համապատասխան գործողություններ։

 

[1] Բարձրագույն դատական խորհուրդ:

[2] Մենք կօգտագործենք՝ հեռավար դատավարություն:

[3] Նույնանման մոտեցում առկա չէ վարչական և քրեական դատավարություններում:

 

[4] Այս մոդելը ոչ թե կոչված է առհասարակ իրականացնելու հեռավար դատավարություն, այլ հնարավորություն ընձեռել դատավարության այն մասնակցին, ով գտնվում է արտասահմանում, կամ հիվանդության պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին, համապատասխան միջնորդությամբ դիմելու դատարանին և հեռավար կարգով մասնակցելու դատական նիստին:

[5]https://www.judiciary.uk/wp-content/uploads/2020/03/Remote-hearings.Protocol.Civil_.GenerallyApplicableVersion.f-amend-24_03_20-1.pdf