ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Download

Ներածություն

Ամուսնական պայմանագիրը նորամուծություն չէ ո՛չ իրավական, ո՛չ մշակութային առումով: Այն թելադրում է, թե ինչպես են ամուսինները պլանավորում լուծել ամուսնության ֆինանսական ասպեկտները և երաշխավորում է ամուսիններից յուրաքանչյուրի գույքային ինքնուրույնությունը: 

Չնայած ամուսնական պայմանագիրը գոյություն ունի հազարավոր տարիներ, սակայն այն կարգավորող օրենքները զարգացել են հատկապես վերջին 20 տարիներին:

Տարեցտարի ավելանում են ամուսնական պայմանագրի վավերացման դեպքերը: Ամուսնական պայմանագրերի թվի աճը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով, որոնց մեջ առյուծի բաժինը պատկանում է ամուսնալուծությանը: Վիճակագրությունը, ցավոք, ցույց է տալիս, որ Հայաստանում ամուսնալուծությունների տոկոսը գնալով աճում է: Ամուսնալուծությունը ավելի հեշտ կարող է ընթանալ, եթե կողմերը շարժվեն իրենց միջև կայացված համաձայնությամբ: 

Ամուսնական պայմանագրի հասկացությունը ՀՀ-ում շրջանառության մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 19-ին, մինչ այդ վերջինիս կնքումը բացառիկ երևույթ էր հայկական իրականության մեջ: 

Իսկ ի՞նչ է ամուսնական պայմանագիրը:

ՀՀ ընտանեկան օրենսդրության համաձայն ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում

Ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար

ա. ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը,

բ. այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում:

Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից: Ամուսնական պայմանագրի կնքումը պետք է իրականացվի գրավոր ձևով և ենթակա է նոտարական վավերացման:  Այս պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ. դրա կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում:

Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։ Կարևոր է նշել, որ եթե ամուսնական  պայմանագիրը հատուկ չի պարունակում դրա գործողության ժամկետը, ապա վերջինիս գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։

Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է, ուստի կնքման պահին բոլոր ֆինանսական ակտիվների ամբողջական և արդարացի բացահայտումը պարտադիր է: Վերը շարադրվածը վկայում է ամուսնական պայմանագրի կարգավորիչ գործառույթի մասին: 

Ի տարբերություն որոշ այլ երկրների, Հայաստանում ամուսնության պայմանագիրը կարող է կնքվել բացառապես գույքային հարցերով: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։

Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։

Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։ Այս պայմանագրով ամուսինները կարող են նախատեսել ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճն առևտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորություն:

Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։

Այն չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նոտարական պալատի տրամադրված տվյալներով՝ 2015 և 2016 թթ. ընթացքում վավերացվել են թվով 83 ամուսնական պայմանագրեր, մասնավորապես՝ 2015 թ. վավերացվել է թվով 41, իսկ 2016 թ.՝ 42 ամուսնական պայմանագիր:

Ընդ որում, առավել շատ ամուսնական պայմանագրեր են կնքվել Երևանում՝ թվով 58 պայմանագիր, ապա Շիրակի մարզում՝ մոտ 20 պայմանագիր: Հարկ է նաև նկատել, որ ՀՀ մի շարք մարզերում՝ Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, ամուսնական պայմանագրեր չեն կնքվել:

Պատուհանից այն կողմ

  • Օտարերկրյա պրակտիկան ուսումնասիրելիս ուշագրավ է Իսրայելի օրինակը, որտեղ ամուսնաընտանեկան հարաբերությունները գտնվում են հատուկ պաշտպանության ներքո, որի շնորհիվ ամուսնական պայմանագրերի կքնումը լայնորեն տարածված է: Ի տարբերություն Հայաստանի, Իսրայելում թույլատրվում է նման պայմանագիր կնքել անգամ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվողներին, ինչը թույլ է տալիս պայմանագրի գործողության մեջ մտնելը նախքան ամուսնության գրանցումը: Իսրայելը այս պայմանագրում թույլ է տալիս ներառել որոշակի պայմաններ, օրինակ՝ եթե ամուսիններից մեկը, ամուսնալուծության դեպքում, երեխաների հետ տեղափոխվում է այլ քաղաք կամ այլ երկիր, ապա նա հրաժարվում է բնակարանի սեփականության իրավունքից (որը պատկանում էր իրեն ամուսնությունից առաջ): Սակայն, եթե երեխաները մինչև չափահաս դառնալը ապրում են նույն քաղաքում, որտեղ և մյուս ծնողն է, ապա բնակարանը մնում է ամուսիններից նրան, ում ի սկզբանե այն պատկանում էր: Դե իսկ ալիմենտի գումարը էականորեն աճում է: Սակայն Իսրայելի օրենսդրությունը որոշակի սահմանափակումներ է սահմանում ամուսնական պայմանագրում ներառվելիք դրույթների հետ կապված: Ահա այնպիսի պայման, որի ներառումը ամուսնական պայմանագրում անթույլատրելի է. ամուսնալուծության դեպքում կողմերից ոչ մեկը չի կարող հավակնել միմյանց կենսաթոշակային կուտակումներին, ժառանգությանը, անձնական կուտակումներին կամ երրորդ անձանցից խոշոր նվերներին։ Այս երկրում պայմանագիրը գործում է միայն կողմերի կյանքի ընթացքում: Անկախ նրանից, ամուսինները ամուսնալուծված են, թե ամուսնության մեջ, նրանցից մեկի մահվան դեպքում ուժի մեջ են մտնում ժառանգության մասին օրենքները:
  • Մեկ այլ հետաքրքիր օրինակ է Ռուսաստանի Դաշնությունում ամուսնական պայմանագրերի պրակտիկան, որտեղ այդպիսի պայմանագրերի կնքումը լայնորեն տարածված է: Այդ մասին է վկայում ՌԴ Նոտարական պալատի վիճակագրությունը, ըստ որի 2020 թ-ին ՌԴ-ում կնքված ամուսնական պայմանագրերի թիվը աճել է 26 տոկոսով համեմատած նախորդ տարվա՝ հասնելով ռեկորդային 142,5 հազար դեպքի։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն ամուսնալուծության փորձ, ապա նրանց շրջանակում ամուսնական պայմանագրի կողմնակիցների թիվը հասնում է 72 տոկոսի: Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում, ամուսնական պայմանագիրը չի կարող կարգավորել երեխաների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ում հետ են մնալու երեխաները ամուսնալուծության դեպքում։ Ամուսնական պայմանագիրը չի կարող ամուսիններից մեկին դնել ծայրահեղ անբարենպաստ վիճակում։

ՌԴ-ում ամուսնական պայմանագիրը ոչ միայն կարող է ամրագրել, թե ինչ կլինի ապահարզանի դեպքում, այլև այն, թե ինչ է լինում կողմերի մահվան դեպքում։ Այսպես, ամուսնական պայմանագրի բացակայության պարագայում, եթե բնակարանը գրանցված է ամուսնու անունով և կինը տվել է իր համաձայնությունը, այդ բնակարանը այնուամենայնիվ ի վերջո կճանաչվի համատեղ սեփականություն։ Ինչը նշանակում է, որ բնակարանի  50 տոկոսը պատկանում է ողջ մնացած ամուսնուն և միայն տան երկրորդ կեսն (50 տոկոսը) է ենթարկվում ժառանգության կանոններին: Ուստի, եթե միակ ժառանգները մահացած ամուսնու երեխան և կինն են, ապա այդ 50 տոկոսը հավասարաչափ կբաժանվի նրանց միջև, ինչի արդյունքում կինը կստանա գույքի 75 տոկոսը, իսկ երեխան՝ միայն 25 տոկոսը։ Մինչդեռ ամուսնական պայմանագրի առկայության պարագայում կինը ողջ մնացած ամուսնու բաժնի իրավունքից կզրկվի և ամբողջ տունը կդիտարկվի որպես ժառանգական զանգված և այլ ժառանգների բացակայության պարագայում այն հավասարաչափ կբաժանվի կնոջ և երեխայի միջև։

  • Ամուսնության պայմանագրերը ավելի տարածված են Մեծ Բրիտանիայի զույգերի շրջանակում: Չնայած ոչ ոք ամուսնության չի գնում բաժանվելու ակնկալիքով, այնուամենայնիվ 2020 թվականին Մեծ Բրիտանիայում ավելի քան 90,000 ամուսնալուծություններ գրանցվելուց հետո գնալով ավելի շատ ամուսիններ են նախընտրում ամուսնական պայմանագրեր կնքել: Այն սահմանում է զույգի իրավունքները սեփականության, եկամտի, պարտքի և այլ գույքի վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել անհատապես (օրինակ ՝ ժառանգություն) կամ միասին (օրինակ ՝ համատեղ գնումներ): Այս երկրում ըստ Ազգային վիճակագրության վարչության, ամուսնալուծության դեպքերն ավելի շատ են գրանցվում ամուսնության առաջին 10 տարիների ընթացքում:

Հատկապես խորհուրդ է տրվում

Ամուսնական պայմանագրերը շատ մարդկանց համար օգտակար են, բայց խորհուրդ են տրվում անհատներին և զույգերին, որոնք գտնվում են հետևյալ իրավիճակներում`

  • Անհատներ, ովքեր կնքում են իրենց երկրորդ ամուսնությունը,
  • Անհատներ, ովքեր երեխաներ ունեն նախորդ հարաբերություններից,
  • Անհատներ, ովքեր ունեն մեծ պարտքեր, բիզնես կամ անձնական ներդրումներ,
  • Զույգեր, որոնք տարիքային կամ եկամտի զգալի տարբերություններ ունեն: