ԲՈՒԺԻՉ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ. ՊԱՏԱՍԽԱՆ COVID-19 ԱՐԴՅՈՒՔՆՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԵՏԻՆ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս COVID-19 համաճարակը իր տարածումն է գտել 210 երկրում. վարակակիր է ավելի քան 2 միլիոն մարդ։ Վարակի տարածման կանխարգելման նպատակով մոտ  3 միլիարդ մարդ, ամբողջ աշխարհում, գտնվում է կառավությունների կողմից սահմանված տարբեր աստիճանի  հարկադիր մեկուսացման մեջ։ Զարմանալի չէ, որ այս իրավիճակը հանգեցրել է տնտեսական ակտիվության զգալի նվազեցման։ Ֆինանսական շուկաները 2007-09 թվականների ֆինանսական ճգնաժամից ի վեր այսպիսի անկայունության ականատես չեն եղել:

Այսպիսով COVID-19 համաճարակի առաջացրած հետևանքները երկշերտ են.

  • պետությունների առողջապահական ենթակառուցվածքները ներկայումս գերծանաբեռնված են: Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից արված ուսումնասիրությունները փաստում են, որ պետությունների միայն 43% է լիովին պատրաստ դիմակայելու համաճարակին;
  • սոցիալական հեռավորությունը և մեկուսացումը դադարեցրել կամ դանդաղեցրել են ամբողջ աշխարհում տնտեսության հիմնական ճյուղերի զարգացումը: Չնայած նրան, որ տնտեսության որոշակի կենսական ոլորտները դեռևս շարունակում են գործել, մի շարք այլ ոլորտներ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են իրենց գործունեության ծավալը։ Դրա արդյունքում բոլոր չափերի և տեսակների ձեռնարկությունները բախվել են անչափելի կորուստների (թե մարդկային և թե ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից)[1]:

Արդյունքում, պետությունները պատասխանում են իրավիճակին՝ գործի դնելով մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է ֆինանսական կայունացումը և ֆինանական ճգնաժամի կանխարգելումը։ Սակայն, արդյո՞ք այս միջոցառումների իրականացումը բավարար է խոշոր աղետի կանխարգելման համար։

Ներկայիս ճգնաժամի դիմակայումը պահանջում է դրա դեմ պայքարում մասնակիցների առավել լայն շրջանակի ընդգրկում։ Կառավարությունները, կենտրոնական բանկերը, կապիտալի շուկաները (ընկերություններ, ներդրողներ), միավորելով իրենց ջանքերը,  քայլեր պետք է ձեռնարկեն, առաջին հերթին, համաճարակի հետևանքները մեղմելու, այնուհետև անբարենպաստ տնտեսական հետևանքների առջև կանգնած ձեռնարկություններին (հատկապես ՓՄՁ-ներին) աջակցելու նպատակով: Համակարգի առողջացման, ներկայումս առաջարկվող,  հիմնական դեղամիջոցներից մեկը պարտատոմսերն են։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ COVID-19-Ի ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

COVID-19-ը զարգացող երկրներում և շուկաներում զգալի տնտեսական և ֆինանսական ցնցումներ է առաջացնում: Հետևաբար, ֆինանսական և տնտեսական հսկա սուբյեկտները փորձում են խթանել ֆինանսական գործունեությունը՝ ներգրավելով լրացուցիչ միջոցներ, ինչպիսիք են սոցիալական պարտատոմսերը։ Որոնք կոչված են մեղմելու համաճարակի հետևանքները ինչպես առողջապահության, այնպես էլ՝ տնտեսական մի շարք ոլորտներում: Պարտատոմսերի թողարկման արդյունքում հավաքագրված միջոցները կարող են ուղղվել, մասնավորապես, համաճարակի հետ կապված առողջապահական և բժշկական հետազոտությունների նախագծերի, բժշկական սարքավորումների, ինչպես նաև ճգնաժամի հետևանքով գործազրկության նվազեցման ֆինանսավորմանը:

Սոցիալական պարտատոմսերի շուկան այն ուղիներից մեկն է, որով պետական և մասնավոր ոլորտները կարող են հասանելիություն ունենալ անհրաժեշտ կապիտալին, որն էլ իր հերթին կապահովի առողջապահության կարիքների բավարարման, տնտեսական կայունության վերականգնման և աշխատատեղերի պահպանման հնարավորությունը: Այս մեխանիզմի միջոցով, կառավարությունները, կենտրոնական բանկերը, վերպետական մարմինները, մասնավոր ձեռնարկությունները թողարկում են արժեթղթեր, որոնք հավաստում են իրավատիրոջ թողարկողից(ներից) (դրանցում նշված ժամկետում) պարտատոմսի անվանական արժեքի, այդ թվում համապատասխան տոկոսների, ստացման իրավունքը։ Նման պարտատոմսերի թողարկման շնորհիվ հավաքագրված միջոցների հաշվին թողարկողներն իրենց ներդրումն են կատարում բիզնեսի, սոցիալական և կրթական ոլորտների, առողջապահության ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված ուղեցույցի համաձայն, սոցիալական պարտատոմսերը ֆինանսավորում են ծրագրեր, որոնք ուղղակիորեն ուղղված են կոնկրետ սոցիալական խնդրի լուծմանը կամ մեղմացմանը և/կամ ուղղված են դրական սոցիալական արդյունքների ձեռքբերմանը, ինչպես նաև COVID-19-ի պատճառով առաջացած խնդիրների լուծմանը։ Միևնույն ժամանակ, ՄՖԿ-ն առաջարկում է, որ նման սոցիալական պարտատոմսերը համապատասխանեն «Սոցիալական պարտատոմսերի համընդհանուր սկզբունքներին» և ներառեն հետևյալ չորս հիմնական տարրերը՝

  1. Միջոցների օգտագործում,
  2. Նախագծերի գնահատման և ընտրության գործընթաց,
  3. Միջոցների կառավարում,
  4. Հաշվետվություն։

Համաձայն ՄՖԿ-ի «Սոցիալական պարտատոմսերի համընդհանուր սկզբունքներին»՝ պարտատոմսերի վերաբերյալ իրավաբանական փաստաթղթերը (օրինակ՝ ազդագիրը) պետք է ներառեն տեղեկություններ, այսպես կոչված, «Պանդեմիկ պարտատոմսերի նախագծի» հավաքագրված միջոցների օգտագործման մասին: Բացի այդ, թողարկողը պետք է ապահովի թափանցիկության բարձր մակարդակ, ինչպես նաև համապատասխան տեղեկատվություն, պարտատոմսի հավանական տնօրինողի համար, պարտատոմսերի նախագծի սոցիալական նպատակների և գործընթացի մասին, որի միջոցով թողարկողը որոշում է, թե որքանով են ֆինանսավորվող նախագծերը համապատասխանում պարտատոմսերի նախագծի նպատակներին: Պարտատոմսերի իրացումից ստացված զուտ հասույթը (կամ ցանկացած գումար, որը հավասարվում է զուտ հասույթին) պետք է հաշվեգրվի  ենթահաշվին, տեղափոխվի ենթապորտֆելային հաշիվ (sub-portfolio) կամ այլ կերպ վերահսկվի թողարկողի կողմից։ Ավելին, թողարկողի ներքին պաշտոնական գործընթացների միջոցով պետք է հաստատվեն պարտատոմսերի թողարկման նախագծի շրջանակներում վարկային և ներդրումային համապատասխան գործառնությունները: Թողարկողները պետք է պատրաստեն և արդիական վիճակում պահպանեն հավաքագրված միջոցների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը՝ մինչև ամբողջական գումարի լրիվ բաշխումը: Հաշվետվությունը պետք է ներառի նաև տեղեկատվություն այն նպատակի մասին, որի համար հատկացվել են «Պանդեմիկ պարտատոմսերի նախագծի» արդյունքում հավաքագրված միջոցները, ինչպես նաև համառոտ նկարագրություն` հատկացված գումարի, նպատակի և ակնկալվող ազդեցության վերաբերյալ:

 

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՓՈՐՁԸ

 

Չինաստան

Չինաստանը, լինելով առաջին երկիրը, որտեղ համաճարակը տարածում գտավ, առաջինն է նաև դրա հաղթահարման տեսանկյունից։ Սակայն այս ժամանակաշրջանում չինական տնտեսությունը ապրում է ոչ այդքան լավ ժամանակներ. խիստ մեկուսացման պահանջները, ձեռնարկությունների գործունեության դադարեցումը, տուրիստական հոսքերի արգելքները, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել վերջինիս վրա։  Ներկայումս չինական կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում պետության ֆինասական շուկայի կայունացման նպատակով։ Առաջին և հիմնական քայլերից մեկը մասնավոր ընկերություններին, զգալիորեն ցածր տոկոսադրույքներով, պարտատոմսերի թողարկման թույլատրումն է։ Ներկայումս «էժան» պարտատոմսերը դարձել են արդյունավետ գործիք, որի միջոցով ֆինանսավորվում են ճգնաժամի դեմ ուղղված ծրագրերը։ Ավելին, չինական ընկերությունների մեծ մասը դրանք օգտագործում են նաև իրենց պարտքերի վճարման նպատակով. ինչպե՞ս։ 

Գործադիր իշխանության կողմից «վիրուսային» պարտատոմսերի թողարկման խրախուսման նպատակով հաստատման ժամկետը կրճատվել է՝ շաբաթներից հասնելով մի քանի օրվա։ Ծրագրի հավաստագրման նպատակով թողարկող ընկերությունը պետք է պարտավորություն ստանձնի պարտատոմսերի վաճառքի արդյունքում ստացված գումարի առվազն 10%-ն ուղղել համաճարակի հաղթահարման համատեքստում իրականացվող որևէ ծրագրի։ Պետությունը նաև հոգում է պարտատոմսերի իրացվելիությունը, քանի որ դրանք հիմնականում գնվում են պետական աջակցություն ունեցող բանկերի կողմից։ Վերջիններս նաև  նվազեցնում են  փոխառության արժեքը նրանց համար, ովքեր նման պարտատոմսեր են թողարկում՝ գնելով ցածր տոկոսադրույքներով բաժնետոմսերի խոշոր փաթեթներ։ Այս գործունեության միջոցով կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նույնիսկ սնանկության եզրին կանգնած ընկերություններին։

Համապատասխանաբար, թողարկող ընկերություններրը, պարտատոմսերի իրացվելիության շնորհիվ, հնարավորություն են ստանում կատարելու նաև իրենց պարտավորությունները։ Փետրվար ամսից սկսած «վիրուսային» պարտատոմսերի վաճառքի արդյունքում թողարկող  25  ընկերությունները միասին հավաքագրել են ավելի քան  $3.4 միլիարդ, ևս 20 ընկերություն արդեն իսկ հայտարարել է ծրագրին մասնակցելու պատրաստակամության մասին։

Ուսումնասիրությունները վկայում են, որ մեխանիզմի գործադրման արդյունքում կանախատեսվող  հավաքագրվելիք գումարի միայն մեկ երրորդը (14 միլիարդ յուան  ($2.01 միլիարդ)) կօգտագործվի համաճարակի առաջացրած հետևանքների վերացման նպատակով։

Համապատասխանաբար, պարտատոմսերի թողարկման խրախուսման չինական համակարգը ֆինասական ճգնաժամի դեմ ուղղված, ներկայումս հայտնի, առավել արդյունավետ կառուցակարգերից մեկն է։ Գաղտնիքն այն է, որ Չինաստանի կառավարությունը իր կողմից կիրառված մանևրի միջոցով հաջողել է և՛ տնտեսվարողների վարկային պարտավորությունների նվազեցման, և՛ անհրաժեշտ գումարի հավաքագրման հարցերում:

 

Ինդոնեզիա

Ինդոնեզիայի կառավարությունը, այս շրջանում «պանդեմիկ պարտատոմսերի» թողարկման միջոցով  ծրագրում է հավաքագրել մոտ $ 27.21 միլիարդ։   

COVID-19-ի արդյունքում առաջացած ճգնաժամի դեմ կառավարությանը օժանդակելու նպատակով, այս ծրագրի իրագործման շրջանակներում՝ 2020 թվականի ապրիլի 6-ի դրությամբ արդեն իսկ հավաքգրվել է ավելի քան $4.3 միլիարդ[2]։ Մասնավորապես Ինդոնեզիայի կողմից վաճառվել են պանդեմիկ պարտատոմսեր՝

  1. 5 տարի մարման ժամկետով, մինչև հոկտեմբերի 15, 2020թ.-ը,  ամբողջական արժեքը  $1.65 միլիարդ3.9 % տոկոս տարեկան եկամտաբերությամբ,
  2. 5 տարի մարման ժամկետով, մինչև հոկտեմբերի 15, 2050թ.-ը,  ամբողջական արժեք  $1.65 միլիարդ   4.25 % տարեկան եկամտաբերությամբ,  և
  3. 50 տարի մարման ժամկետով, մինչև ապրիլ 15, 2070թ.-ը, ամբողջական արժեքը  $1  միլլիարդ  5% տարեկան եկամտաբերությամբ։

Այս պարտատոմսերի թողարկման արդյունքում՝ Ինդոնեզիան դարձել է առաջին ասիական երկիրը, որը թողարկել է 50-ամյա մարման ժամկետով դոլարային պարտատոմսեր։ Ինդոնեզիայի կառավարությունը հավաքագրված գումարը նախատեսվում է օգտագործել COVID-19-ի արդյունքում Ինդոնեզիայի տնտեսությունում առաջացած վատթար հետևանքների չեզոքացման նպատակով[3]:

 

Վերպետական կազմակերպություններ

Եվրոպայի խորհրդի զարգացման բանկ (ԵԽԶԲ)

2020 թվականի ապրիլի 2-ին, ի պատասխան COVID-19-ի արդյունքում առաջացած համաճարակի, ԵԽԶԲ-ն թողարկել է  €1 միլիարդ արժողությամբ «սոցիալական ներառման  պարտատոմսեր»։ Համաձայն հրապարակված տվյալների՝ ԵԽԶԲ-ի կողմից թողարկվող պարտատոմսերն ունեն 7-ամյա մարման ժամկետ (ապրիլ 9, 2027թ.) և 0,000 % կուպոնի դրույքաչափ։ Ավելի քան 60 սուբյեկտ իր մասնակցությունն է ունեցել այս գործընթացում։ Վերջիններս թե աշխարհագրական և թե սուբյեկտային առումով բավականին լայն ընդգրկում ունեն. բանկեր, ակտիվների կառավարիչներ, կենսաթոշակային և ապահովագրական ընկերություններ՝ հաստատված Ֆրանսիայում (24%), Ասիայում (16%), Մեծ Բրիտանիայում (14%) և Գերմանիայում/Ավստրիայում /Շվեցիարիայում (11%)[4]։

Հավաքագրված գումարի միջոցով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել անդամ երկրներին՝ տնտեսությունների վրա ճգնաժամի բացասական հետևանքների վերացման նպատակով[5]։ Ավելին, ծրագրի շրջանակներում հավաքագրված գումարը կուղղվի նաև այն սոցիալական ծրագրերին, որոնց նպատակն է փոքր, միջին և մակրո ձեռնարկություններին աջակցության տրամադրումը։ Այս կերպ փորձ կկատարվի պահպանել արդեն իսկ գոյություն ունեցող աշխատատեղերը, ինչպես նաև ստեղծել նոր աշխատեղեր։

 

Հյուսիսային ներդրումային բանկ (ՀՆԲ)

ՀՆԲ-ն, ի պատասխան ստեղծված տնտեսական ճգնաժամի, անդամ երկրներում  (Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Էստոնիա, Լատվիա և Լիտվիա) թողարկել է, այսպես կոչված, «պատասխան պարտատոմսեր»։  Պատասխան պարտատոմսերի իրացման միջոցով ՀՆԲ-ն նախատեսում է ֆինանսավորել  ծրագրեր, որոնց նպատակն է ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացումը և տնտեսության վերականգնման գործընթացի աջակցությունը։ Նախատեսվում է նաև, որ այս պարտատոմսերի իրացման միջոցով ֆինանսավորվող վարկերը պետք է աջակցեն այն ապրանքների և ծառայությունների տրամադրմանը, որոնք նպաստում են COVID-19-ի արդյունքում առավել խոցելի դարձած խմբերի առողջության բարելավմանը և կենսամակարդակի պահպանմանը: Մասնավորապես, ՀՆԲ պարտատոմսերից ստացված գումարները կօգտագործվեն այնպիսի նախագծերի ֆինանսավորման համար, ինչպիսիք են առողջապահության ոլորտի կարողությունների ավելացման ժամանակավոր և մշտական միջոցների ֆինանսավորումը, գործազրկության, հիվանդության, երեխաների և տարեցների խնամքի ֆինանսավորումը, կառավարության կամ դրա հետ կապված հաստատությունների ծախսերի ֆինանսավորումը[6]:

 

Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ), Համաշխարհային բանկի խումբ

Լրացուցիչ միջոցների ներգրավման, ինչպես նաև կայուն ֆինասական հոսքերի ապահովման նպատակով ՄՖԿ-ն թողարկել է երկու տեսակի սոցիալակ պարտատոմսեր[7]։ Առաջինի նպատակային թիրախում են գտնվում այն ընկերությունները, որոնք ներգրավված են դեղամիջոցների և այլ բժշկական պարագաների արտադրության և մատակարարման գործընթացներում։ Երկրորդ տեսակի պարտատոմսերի նպատակն է ներկայիս իրավիճակից տուժած  մասնավոր ընկերություններին և վերջիններիս աշխատակիցներին աջակցության տրամադրումը[8]:

 

Եվրոպական միություն (ԵՄ)

Ի թիվս այլոց, Եվրոպական միությունը (ԵՄ),  մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ևս դիտարկում է պանդեմիկ պարտատոմսերի թողարկման հարցը։ Նախագծը դեռևս ծրագրային մակարդակում է, սակայն  անդամակցող երկրների մեծ մասը  (Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա,Լյուքսենբուրգ, Իռլանդիա, Պորտուգալիա, Հունաստան և Սլովենիա) արդեն իսկ իրենց կարծիքն են հայտնել առ այն, որ ԵՆԲ պետք է գործարկի պայքարի միասնական միջոցներ, ինչպիսին է, օրինակ,  պարտատոմսերի թողարկումը, ԵՄ երկրներին COVID-19-ի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների հաղթահարման գործում աջակցելու նպատակով[9]։

 

Ամփոփում

Ամփոփելով նշենք, որ պանդեմիկ պարտատոմսերը կառավարությունների և այլ կառույցների համար կարող են հանդիսանալ արդյունավետ գործիք COVID-19-ի առաջացրած անբարենպաստ հետևանքների դեմ պայքարում։ Դրանց միջոցով հնարավոր կդառնա տնտեսության և առողջապահության ճյուղերի աջակցության նպատակով   լրացուցիչ միջոցների ներգրավումը։ Սա այն հազվագյուտ միջոցներից է, որը թույլ կտա պետություններին ներգրավված միջոցների համար վճարել միայն ապագայում։ Չնայած այն հանգամանքին, որ պարտատոմսերը լրացուցիչ պարտքեր են առաջացնում պետության համար, ներկայումս նման  միջոցի օգտագործումը կենսական նշանակություն է ձեռք բերում համաճարակային իրավիճակի առաջացրած վատթար հետևանքների  կանխման համատեքստում։

Համաշխարհային պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ պարտատոմսերը օգտագործվում են ֆինանսական համակարգի առողջացման նպատակով։ I և II Համաշխարհային պատերազմների ընթացքում բնակչությունը օգնություն էր ցուցաբերում Ամերիկայի տնտեսությանը մի շարք եղանակներով։ Դրանցից մեկը պետական պարտատոմսերի գնումն էր։ 1941-45 թվականների ընթացքում ամերիկացիները  ընդհանուր առմամբ գնեցին ավելի քան $185 միլիարդ արժողություն ունեցող «պատերազմական պարտատոմսեր»։ Այս պարտատոմսերի գնումը պատերազմին ակտիվ մասնակցություն չունեցող քաղաքացիների համար իրենց հայրենասիրության դրսևորման և գործընթացին մասնակցության յուրատիպ ձև էր։

Արդյո՞ք այս կառուցակարգը կիրառելի կլինի այսօր։ Այս երկու իրավիճակներում կարելի է տեսնել մի շարք նմանություններ։ Ներկայումս ևս պատերազմական իրավիճակ է. պատերազմը ուղղված է վարակի դեմ, որը ցավոք, հիվանդացրել է նաև համաշխարհային տնտեսությունը։ Սակայն այսօր մենք՝ երկրագնդի քաղաքացիներս, պատրաստակամ ենք մեր ներդրումն ունենալ առողջացման գործընթացում ոչ միայն հայրենասիրական միտումներից դրդված, այլև քանի որ բոլորս այժմ գտնվում ենք նույն նավակում:

 

[1] https://www.sustainalytics.com/sustainable-finance/2020/04/07/covid-19_social_bonds/

[2] https://www.thejakartapost.com/news/2020/04/07/indonesia-sells-asias-first-50-year-dollar-bond-to-fight-pandemic.html

[3] https://jakartaglobe.id/business/indonesia-raises-43b-from-pandemic-bonds

[4] https://coebank.org/documents/936/Final_Press_Release_-_CEB_EUR_1bn_7yr_Social_Inclusion_Bond_bHXaqYz.pdf

[5] https://coebank.org/en/news-and-publications/news/ceb-issues-social-inclusion-bond-response-covid-19-pandemic/

[6]https://www.nib.int/filebank/a/1585555664/59aa748f8c25ba29e2b145db6785d08e/10201NIB_Response_Bond_Framework_30_March.pdf  

[7] https://www.icmagroup.org/Regulatory-Policy-and-Market-Practice/covid-19-market-updates/covid-19-market-updates-sustainable-finance/

[8] Այն թողարկվել է 2020 թվականի Մարտի 11-ին, $1միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ և 3 տարի մարման ժամկետով։ 

[9] https://www.euronews.com/2020/03/26/what-are-corona-bonds-and-how-can-they-help-revive-the-eu-s-economy