«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԾԱՎԱԼՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Download

Ներածություն

2021 թվականի հուլիսի 10-ից[1] ուժի մեջ են մտնում բաժնետիրական ընկերությությունների գործունեության կարգավորման վերաբերյալ մի շարք էական փոփոխություններ։

Փոփոխությունների արդյունքում ներդվում են նոր ինչպես ՀՀ օրենսդրության համար ամբողջովին

նոր կառուցակարգեր, օրինակ՝ «squeeze out»-ի և «sell out»-ի իրավունքները, կոտորակային բաժնետոմսերի հասկացություն և դրանց առկայության հնարավորություն, այնպես էլ փոփոխում են առկա այնպիսի հիմնարար կարգավորումներ, ինչպիսիք են, օրինակ՝ աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները, ընկերության գրանցման պահին կանոնադրական կապիտալի ամբողջությամբ վճարված լինելու պարտադիր պահանջը, խոշոր գործարքների կարգավորումները և այլն։

Ավելի մանրամասն, ուժի մեջ են մտնում հետևյալ փոփոխությունները.

 

Նոր ներդրված կառուցակարգեր

  • Սահմանվել են ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի (squeeze out) և պարտադիր գնման պահանջի (sell out) իրավունքներ,
  • Սահմանվել է նաև հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասեր սահմանելու հնարավորություն,
  • Նախատեսվել է կոտորակային բաժնետոմսերը պահելու հնարավորություն,
  • Սահմանվել է լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ վճարվող գույքի անկախ գնահատողի կողմից գնահատման պահանջից բացառություն,
  • Նախատեսվել է գործադիր մարմնի կողմից կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշման հնարավորություն,
  • Սահմանվել է որոշ լրացուցիչ դեպքերում կանոնադրության մեջ խորհրդի կողմից փոփոխությունների կատարման հնարավորություն,
  • Կարգավորվել է խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագրի կնքման հարցը,
  • Սահմանվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին դրույթներ,
  • Սահմանվել է գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանման իրավասությունը ժողովին կամ գործադիր մարմնին փոխանցելու հնարավորություն։

 

Առկա կարգավորումներում փոփոխություններ

  • Փոփոխվել և ազատականացվել են խոշոր գործարքների կարգավորումները,
  • Ազատականացվել է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակումը,
  • Վերանայվել են աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները,
  • Վերանայվել են ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումներ կատարելու հետ կապված կարգավորումները,

 

Վերացված կարգավորումներ

  • Վերացվել է գրանցման պահին կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիան,
  • Վերացվել է բացասական կապիտալով կամ սահմանված կանոնադրական կապիտալից ցածր զուտ ակտիվներ ունեցող ընկերությունների լուծարման իմպերատիվ պահանջը և նախատեսվել է գործունեությունը շարունակելու հնարավորություն,
  • Վերացվել է նոր ստեղծված ընկերությունների կողմից չապահովված պարտատոմսերի թողարկման իրավական արգելքը,
  • Վերացվել է վերստուգող ունենալու իմպերատիվ պահանջը ՓԲԸ-ների համար,

Սույն հրապարակմամբ ստորև առավել մանրամասն ներկայացնում ենք վերը թվարկված փոփոխություններն ու նորամուծությունները, մասնավորապես.

 

  1. Սահմանվել են ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի (squeeze out) և պարտադիր գնման պահանջի (sell out) իրավունքներ

Օրենքով նախատեսված չէին բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջի (squeeze out) և պարտադիր գնման պահանջի (sell out) կառուցակարգեր։ Ավելին՝ նախկինում, իրավակիրառ պրակտիկայում squeeze out-ի նպատակներն իրագործելու համար կիրառվում է բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) կոնցեպտը, որի հետևանքով մանր բաժնետերերի բաժնետոմսերը կոտորակայինի վերածվելու պարագայում դրանք հետ են գնվում ընկերության կողմից։

Այս խնդրի լուծման նպատակով սահմանվել են մասնավորապես հետևյալ իրավակարգավորումները.[2]

 

Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը (squeeze out)

- Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ պահանջով հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում ընկերության մյուս բաժնետերերին պատկանող քվեարկող բաժնետոմսերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող բաժնետոմսերի) հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ:

Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջն, ի թիվս այլնի, պետք է պարունակի նաև բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գինը, որը չի կարող պակաս լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից։ Միևնույն ժամանակ, այն բաժնետերերը, որոնց բաժնետոմսերի վերաբերյալ կայացվել է բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու մասին որոշում, իրավունք ունեն օրենքով սահմանված ժամկեեետում դիմելու դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի տրամադրման դիմաց առաջարկվող գինը:

 

Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը

Squeeze out գործիքի «հակառակ» գործիքը, այն է՝ sell out գործիքը ևս ներդրվել է Փոփոխությունների արդյունքում։ Վերջինս գործում է հակառակ տրամաբանությամբ, մասնավորպես՝ ընկերությունում քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ առկայության դեպքում Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների ոչ ավելի, քան 5 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ պահանջով հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը հետգնելու վերաբերյալ։  Ընկերությունը պարտավոր է հետգնել պահանջ ներկայացնող բաժնետիրոջ բաժնետոմսերը ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը պետք է, ի թիվս այլոց, առնվազն պարունակի նաև բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջից հետգնելու համար առաջարկվող գինը, որը չի կարող ավելի լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից, որը կարող է Ընկերության կողմից վիճարկվել դատական կարգով։ Ընդ որում գնի վիճարկումը չի կասեցնում Ընկերության բաժնետոմսերի հետգնման գործընթացը:

Նշված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջը մեկ տարվա ընթացքում: Եթե այդ բաժնետերը հրաժարվում է կամ սահմանված ժամկետում ձեռք չի բերում հետգնված բաժնետոմսերը, ապա ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին:

 

  1. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասեր սահմանելու հնարավորության սահմանում

Օրենքով ներկայումս սահմանված է բաժնետիրական ընկերության կողմից տարբեր դասերի միայն արտոնյալ բաժնետոմսեր թողարկելու հնարավորություն։ Ավելին, ներկայումս յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս բաժնետիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք, և հնարավոր չէ թողարկել մեկից ավելի ձայնի իրավունք տվող բաժնետոմս։

Այս տեսանկյունից՝ Փոփոխություններով նախատեսվել է նաև հասարակ (սովորական) բաժնետոմսերի համար տարբեր դասեր սահմանելու հնարավորություն։ Ընդ որում, հասարակ (սովորական) բաժնետոմսը կարող է տալ մեկից ավելի ձայնի իրավունք։ Այնուամենայնիվ, որոշակի դասի հասարակ (սովորական) յուրաքանչյուր բաժնետոմսով դրանց սեփականատիրոջը տրամադրվող ձայների քանակը չի կարող գերազանցել 10 ձայնը։[3]

 

  1. Փոփոխվել և ազատականացվել են խոշոր գործարքների կարգավորումները

Օրենքով ներկայումս սահմանված են բաժնետիրական ընկերության խոշոր գործարքների վերաբերյալ հետևյալ իրավակարգավորումները.[4]

 

Խոշոր են համարվում` ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսը կամ բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի) տեղաբաշխումը, որը կազմում է ընկերության կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 25 և ավելի տոկոսը: Բացառություն են կազմում ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքները։

Այժմ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Այդ դեպքում խորհրդի դուրս եկած անդամների ձայները հաշվի չեն առնվում:

Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունել` հարցը ժողովում քննարկելու մասին:

Միևնույն ժամանակ, եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

Վերոնշյալ պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե Ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանելու մասին:

Փոփոխություններով սահմանվել են հետևյալ իրավակարգավորումները.

  • Խոշոր են համարվում վերը նկարագրված այն գործարքները, որոնց արժեքը գերազանցում է ոչ թե վերը նշված համապատասխան 25 տոկոսի շեմը, այլ՝ 50 տոկոսի։[5]
  • Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը ընդունում է ժողովը` դրան մասնակցող բաժնետերերի (քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի) ձայների 3/4-ով, եթե ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:
  • Նշված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանվելու մասին։[6]

Միաժամանակ, Փոփոխություններով նախատեսվել է, որ՝  

- Ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված և խոշոր չհամարվող (վերոնշյալ 50 տոկոսանոց շեմը չգերազանցող) այլ գործարք կնքելու մասին որոշումը`

ա) եթե գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի մինչև 25 տոկոսը, կայացնում է գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ։

բ) եթե այդ գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, կայացնում է խորհուրդը (անդամների ընդհանուրձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ), եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

- Եթե նախատեսված գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է խորհրդին, սակայն այդ որոշումը խորհրդի կողմից չի ընդունվում, ապա խորհուրդը պարտավոր է այդ գործարքի կնքման վերաբերյալ որոշում կայացնելու հարցով գումարել արտահերթ ժողով։

- Վերոնկարագրյալ պահանջները չպահպանելը ընկերության գույքի ձեռքբերման կամ օտարման հետ կապված այլ գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե ընկերության հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ` չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջներն Ընկերության կողմից չպահպանվելու մասին:[7]

 

  1. Ազատականացվել է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի, տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի լիազորությունների պատվիրակումը

Ընկերության ո՞ր որոշումը պետք է կայացնի ժողովը, որը՝ խորհուրդը և որը՝ տնօրենը։ Ինչպե՞ս բաշխել կամ պատվիրակել այս որոշումների ընդունումը Ընկերության մարմինների միջև։ Այս հարցերի պատասխանները բավականին պարզեցվել են Փոփոխությունների արդյունքում։

Մասնավորապես՝ Փոփոխություններով նախատեսվել է որոշակի լիազորությունների և որոշումների կայացման իրավունքի պատվիրակման հնարավորություն ինչպես խորհրդին, այնպես էլ գործադիր մարմնին` այդպիսով նախատեսելով իրավասությունների պատվիրակման լիբերալ և ճկուն համակարգ։

Փոփոխություններով որոշ դեպքերում հրաժարվելով «բացառիկ իրավասության» գաղափարից` հնարավորություն է տրվել ընկերություններին իրենց կանոնադրություններով նախատեսված դեպքերում և չափով` հաշվի առնելով նաև սահմանվող բացառությունները, տարբեր լիազորություններ պատվիրակել ժողովից խորհրդին, իսկ խորհրդից՝ գործադիր մարմնին։ Ընդ որում` բաժնետերերի իրավունքներին ու շահերին առնչվող որոշումների կայացումը, ինչպես նաև այնպիսի հարցերի լուծումը, որոնք ստեղծում են նոր պարտավորություններ բաժնետերերի համար կամ սահմանափակում են նրանց հնարավորությունները միևնույն է մնում են միայն ժողովի ենթակայության հարցեր` այդպիսով պաշտպանելով բաժնետերերի

իրավունքները. օրինակ` կանոնադրության այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են բաժնետերերի իրավունքներին և պարտականություններին, բաժնետոմսերի համախմբումը, ընկերության վերակազմակերպումը կամ լուծարումը։

Միաժամանակ, մնացած բոլոր այն իրավասությունները, որոնք ուղղակիորեն չեն ազդում բաժնետերերի իրավունքների և շահերի վրա կարող են կանոնադրությամբ նախատեսված դեպքերում պատվիրակվել խորհրդին կամ գործադիր մարմնին:[8]

 

  1. Վերանայվել են աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները.

Փոփոխությունների համաձայն վերանայվել են բաժնետիրական ընկերությունների աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ իրավակարգավորումները, որին մանրամասն անդրադարձ կկատարվի մեր մոտակա հրապարակմամբ։

 

  1. Վերացվել է գրանցման պահին կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիան.

Օրենքով ներկայումս սահմանված է, որ ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը գումարվում է բաժնետոմսերի տեղաբաշխումը և բաժնետոմսերի դիմաց բաժնետերերի կողմից վճարումները կատարելուց հետո` երեք ամսվա ընթացքում:[9]

Այս տեսանկյունից սակայն ակնհայտ է, որ ընկերությունը կարող է ունենալ դրամարկղ կամ բանկային հաշվեհամար՝ կանխիկ կամ անկանխիկ մուտքերի համար, միայն դրա պետական գրանցումից հետո։ Արդյունքում, նման կարգավորումը հանդիսանում է իրավական ֆիկցիա և գործնականում կիրառելի չէ։ Ավելին, գործնականում տեղի է ունենում հակառակը. ընկերության կանոնադրական կապիտալը փաստացի համալրվում է ընկերության պատշաճ կարգով պետական գրանցման ենթարկվելուց հետո կամ, երբեմն, մինչև ընկերության գրանցումը բանկերում բացվում է տարանցիկ կամ հատուկ հաշիվ, որի միջոցներով կվճարվի կանոնադրական կապիտալը:

Փոփոխություններով վերոնշյալ խնդրի լուծման նպատակով վերանայվել է Օրենքը` վերացնելով ընկերության գրանցման ժամանակ դրա կանոնադրական կապիտալի վճարված լինելու իրավական ֆիկցիան և սահմանելով կանոնադրական կապիտալի համալրման ժամկետ` միաժամանակ նախատեսելով սահմանված ժամկետում կանոնադրական կապիտալը չվճարելու դեպքում վրա հասնող հետևանքները։[10]

 

  1. Վերացվել է բացասական կապիտալով կամ սահմանված կանոնադրական կապիտալից ցածր զուտ ակտիվներ ունեցող ընկերությունների լուծարման իմպերատիվ պահանջը և նախատեսվել է գործունեությունը շարունակելու հնարավորություն

Ինչպես գիտենք, Օրենքի գործող կարգավորումների համաձայն եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ապա Ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում լուծարման մասին:[11]

Փոփոխությունների համաձայն նախատեսված է, որ եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվում է, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված լինելու դեպքում ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է սահմանված չափից, ապա ընկերության գործադիր մարմինը պարտավոր է խորհրդին ներկայացնել արտահերթ ժողովի գումարման պահանջ: Նման դեպքերում արտահերթ ժողովում որոշում է կայացվում ընկերության լուծարման կամ դրա գործունեությունը շարունակելու մասին: Ընդ որում, գործունեությունը շարունակելու մասին որոշում կարող է ընդունվել, եթե խորհուրդը, իսկ ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմինը, ներկայացրել է գրավոր եզրակացություն ընկերության գործունեությունը զուտ ակտիվների առկա չափի պարագայում շարունակելու նպատակահարմարության և հիմնավորվածության վերաբերյալ՝ հիմք ընդունելով Ընկերության գործունեության ուղղությունները, ոլորտը, առանձնահատկությունները, գործունեության ծրագրերը և այլ հանգամանքներ: Գործունեությունը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ընկերությունը պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և գործունեությունը շարունակելու մասին որոշումը ներկայացնել Ընկերության պետական գրանցումն իրականացրած մարմին:[12]

 

  1. Վերացվել է նոր ստեղծված ընկերությունների կողմից չապահովված պարտատոմսերի թողարկման իրավական արգելքը

Ինչպես գիտենք Օրենքի համաձայն առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները:[13]

Փոփոխությունների համաձայն նշված դրույթը և դրանով սահմանված արգելքը ուժը կորցրած է ճանաչվել[14], ինչի արդյունքում ստացվում է, որ ցանկացած բաժնետիրական ընկերություն իրավունք ունի պետական գրանցման օրվանից թողարկել առանց ապահովման պարտատոմսեր։

 

  1. Նախատեսվել է կոտորակային բաժնետոմսերը պահելու հնարավորություն

Ներկայումս Օրենքով բացառված է կոտորակային բաժնետոմսերի առկայության հնարավորությունը։

Մասնավորապես՝ սահմանված է, որ նախ բաժնետոմսն անբաժանելի է[15], բացի այդ՝ համախմբման (կոնսոլիդացման) հետևանքով կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում վերջիններս ենթակա են հետգնման ընկերության կողմից դրանց` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով:[16]

Փոփոխություններով նախատեսվում է, որ.[17]

- Բաժնետոմսն անբաժանելի է (ամբողջական բաժնետոմս), բացառությամբ կոտորակային բաժնետոմսեր առաջանալու՝ օրենքով նախատեսված դեպքերի:

- Կոտորակային բաժնետոմսով դրա սեփականատիրոջը տրամադրվում են համապատասխան դասի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան տեսակի բաժնետոմսերով տրամադրվող բոլոր իրավունքները՝ տվյալ բաժնետոմսի՝ իրեն պատկանող կոտորակին (մասին) համամասնորեն: Կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքում, եթե դրանց հանրագումարը կոտորակային թիվ է, ապա Ընկերության կանոնադրությունում տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը սահմանվում է կոտորակային թվով:

- Միևնույն անձին միևնույն դասի, իսկ դրանց բացակայության դեպքում միևնույն տեսակի երկու կամ ավելի կոտորակային բաժնետոմսեր պատկանելու դեպքում այդ կոտորակային բաժնետոմսերը ձևավորում են ամբողջական կամ կոտորակային բաժնետոմս՝ դրանց հանրագումարին համապատասխան:

- Քվեարկող կոտորակային բաժնետոմսերի քանակի հաշվարկման ժամանակ նշված բաժնետոմսերով տրված յուրաքանչյուր ձայն հաշվառվում է տվյալ բաժնետոմսի կոտորակին (մասին) համամասնորեն:

Այս տրամաբանության ներքո Փոփոխություններով նոր կարգավորում է նախատեսվել համախմբման (կոնսոլիդացման) հետևանքով կոտորակային բաժնետոմսեր առաջանալու դեպքերի համար։ Մասնավորապես այդ դեպքում սահմանվել է, որ համապատասխան կոտորակային բաժնետոմսերը ենթակա են հետգնման ընկերության կողմից դրանց` Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքով, եթե դրանց սեփականատերը Ընկերության բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացիայի) մասին որոշման ընդունումից հետո՝ երկամսյա ժամկետում, ընկերությանը գրավոր չի ծանուցում իր կոտորակային բաժնետոմսերը պահպանելու ցանկության մասին:[18]

 

  1. Կատարվել են մի շարք այլ փոփոխություններ, մասնավորապես.
  • Վերստուգող ունենալու իմպերատիվ պահանջի վերացում ՓԲԸ-ների համար

Օրենքով յուրաքանչյուր բաժնետիրական ընկերություն պարտավոր է ունենալ վերստուգող հանձնաժողով կամ վերստուգող։[19]

Փոփոխություններով նախատեսվում է, որ ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար բաց Ընկերությունում ընտրվում է, իսկ փակ Ընկերությունում կարող է ընտրվել Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող):[20] Ստացվում է, որ փակ բաժնետիրական ընկերությունները կարող են կանոնադրությամբ չնախատեսել վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) ինստիտուտ։

  • Որոշ դեպքերում կանոնադրության մեջ խորհրդի կողմից փոփոխությունների կատարման հնարավորության սահմանում

Օրենքով կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու իրավասությունը հանդիսանում է ժողովի իրավասություն։ Միաժամանակ, նախատեսված է հնարավորություն, որ այն դեպքում, երբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման իրավասություն ունի նաև խորհուրդը, վերջինս իրավասու է միաձայն որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։[21]

Փոփոխություններով ոչ միայն հստակեցվել է նշված գործող իրավակարգավորումը, այլև նախատեսվել է, որ կանոնադրության հաստատման, դրանում փոփոխությունների և լրացումների կատարման, կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատման ժողովի իրավասությունները կարող են վերապահվել խորհրդին, եթե դրանց իրականացումը բացառապես պայմանավորված է՝

  • Հայաստանի Հանրապետության տարածքում ընկերության գտնվելու վայրի փոփոխությամբ կամ,
  • Ընկերության հայտարարված բաժնետոմսերի տեղաբաշխմամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխություններ կատարելով, ինչպես նաև
  • Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության (միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության) դեպքերում ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի որոշման (նշանակման) հետ կապված դրույթներ սահմանելու անհրաժեշտությամբ, եթե ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման իրավասությունը վերապահված է խորհրդին։[22]
  • Գործադիր մարմնի կողմից կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշման հնարավորություն

Օրենքով սահմանված է, որ կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է ժողովը կամ խորհուրդը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրան տրված է այդ իրավասությունը:[23]

Փոփոխություններով նախատեսվել է, որ Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է ժողովը, խորհուրդը կամ գործադիր մարմինը, եթե կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:[24]

  • լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ վճարվող գույքի անկախ գնահատողի կողմից գնահատման պահանջից բացառության սահմանում

Օրենքով ներկայումս սահմանված է, որ ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ` խորհրդի որոշմամբ և ենթակա է գնահատման` անկախ գնահատողի կողմից:[25]

Փոփոխություններով նախատեսվել է, որ անկախ գնահատողի կողմից գնահատման պահանջից բացառություն է հանդիսանում այն դեպքը, երբ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ դրանց դիմաց վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվել է ժողովի միաձայն որոշմամբ։[26]

  • Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումներ կատարելու հետ կապված կարգավորումների վերանայում

Ներկայումս Օրենքի համաձայն ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումը կատարվում է ընկերության բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով` օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու պահից` 3 օրվա ընթացքում:[27]

Փոփոխություններով նախատեսվել է, որ ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ կամ անվանատիրոջ վերաբերյալ գրառումը կատարվում է բաժնետիրոջ կամ անվանատիրոջ պահանջով:

Ընկերության բաժնետերերի ռեեստրում այլ գրառումները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի վերաբերյալ գրառումները կատարվում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ լիազորված անձի պահանջով: Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, և առկա չեն գրառումը չկատարելու` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հիմքեր, ապա գրառումը կատարվում է փաստաթղթերը ներկայացնելու պահից` 3 աշխատանքային օրվա ընթացքում:[28]

  • Կարգավորվել է խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագրի կնքման հարցը

Օրենքով ներկայումս սահմանված է, որ միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարող կազմակերպության կամ կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով և Ընկերության ու նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված պայմանագրով: Ընկերության անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

Եթե խորհրդի նախագահի և միանձնյա գործադիր մարմնի պաշտոնները զբաղեցնում է միևնույն անձը, ապա պայմանագիրը տնօրենի, գլխավոր տնօրենի հետ խորհրդի որոշմամբ կնքում է խորհրդի անդամներից մեկը:[29] Այնուամենայնիվ, նախատեսված չէ այն հարցը, թե ո՞վ է կնքում (ստորագրում) համապատասխան պայմանագիրն այն դեպքում, երբ ընկերությունում խորհուրդ ստեղծված չէ։

Փոփոխություններով նախատեսվել է, որ ընկերությունում խորհուրդ ստեղծված չլինելու դեպքում գործադիր մարմնի հետ պայմանագիր կնքում է ժողովի որոշած անձը: Այն դեպքում, երբ ընկերությունն ունի մեկ բաժնետեր, որը զբաղեցնում է նաև գործադիր մարմնի պաշտոնը, գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնող անձի հետ պայմանագիր կնքում է ընկերությունը՝ ի դեմս միակ բաժնետիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի։[30]

  • Սահմանվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին դրույթներ

Օրենքով գործադիր տնօրենի (մարմնի) բացակայության դեպքում վերջինիս ժամանակավորապես փոխարինողի նշանակման հետ կապված հարցերը կարգավորված չեն։

Փոփոխություններով այս տեսանկյունից սահմանվել են նոր իրավակարգավորումներ, որոնց համաձայն.[31]

ա) Ընկերության միանձնյա գործադիր մարմնի բացակայության, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության այլ դեպքերում ընկերության գործադիր մարմնի լիազորությունները կարող է իրականացնել կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ նախապես որոշված (նշանակված)՝ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը մինչև Ընկերության նոր գործադիր մարմնի ձևավորումը կամ Ընկերության գործող միանձնյա գործադիր մարմնի կամ կառավարող կազմակերպության կողմից իրենց լիազորությունների իրականացման անհնարինության հիմքերի վերացումը:

բ) Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձը իրավասու է իրականացնելու Ընկերության գործող գործադիր մարմնի բոլոր լիազորություններ, եթե կանոնադրությամբ Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի իրավասությունը սահմանափակված չէ:

գ) Ընկերության գործադիր մարմնի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող պաշտոնատար անձի նշանակումը սահմանվել է որպես ժողովի իրավասություն, որը սակայն կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ կարող է վերապահվել խորհրդին։

  • Սահմանվել է գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանման իրավասությունը ժողովին կամ գործադիր մարմնին փոխանցելու հնարավորություն

Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը:[32]

Փոփոխություններով սահմանվել է, որ նշված տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ Ընկերության ժողովին կամ գործադիր մարմնին։[33]

Հետաքրքրական է տեսնել՝ ինչպիսի կիրառում կստանան վերոշարադրյալ փոփոխությունները դրանց գործնական կիրառման արդյունքում։

 

[1] 2021 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ մտնող ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-236-Ն օրենքն (այսուհետ՝ Փոփոխություններ) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին։

 

[2] Տես Փոփոխությունների 27-րդ և 28-րդ հոդվածներով Օրենքում լրացվող համապատասխանաբար 56.1-րդ և 56.2-րդ հոդվածները

[3] Տես Փոփոխությունների 9-րդ հոդվածով վերաշարադրված Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասը

[4] Տես Օրենքի VIII գլուխը

[5] Տես Փոփոխությունների 32-րդ հոդվածը

[6] Տես Փոփոխությունների 33-րդ հոդվածը

[7] Տես Փոփոխությունների 34-րդ հոդվածը

[8] Տես Փոփոխությունների 35-րդ, 45-րդ, 47-րդ և 48-րդ հոդվածները

[9] Տես Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը

[10] Տես Փոփոխությունների 2-րդ և 19-րդ հոդվածները

[11] Տես Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը

[12] Տես Փոփոխությունների 20-րդ հոդվածը

[13] Տես Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի վեցերորդ պարբերությունը

[14] Տես Փոփոխությունների 17-րդ հոդվածը

[15] Տես Օրենքի  32-րդ հոդվածի 3-րդ մասը

[16] Տես Օրենքի  56-րդ հոդվածի 1-ին մասը

[17] Տես Փոփոխությունների 32-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը

[18] Տես Փոփոխությունների 26-րդ հոդվածը

[19] Տես Օրենքի 91-րդ հոդվածը

[20] Տես Փոփոխությունների 49-րդ հոդվածի 1-ին կետը

[21] Տես Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը

[22] Տես Փոփոխությունների 19-րդ հոդվածի 3-րդ կետը

[23] Տես Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը

[24] Տես Փոփոխությունների 12-րդ հոդվածի 2-րդ կետը

[25] Տես Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասը

[26] Տես Փոփոխությունների 35-րդ հոդվածը

[27] Տես Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը

[28] Տես Փոփոխությունների 23-րդ հոդվածը

[29] Տես Օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասը

[30] Տես Փոփոխությունների 48-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ

[31] Տես Փոփոխությունների 35-րդ հոդվածը, 41-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 2-րդ կետը

[32] Տես Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը

[33] Տես Փոփոխությունների 14-րդ հոդվածի 3-րդ կետը