ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ՝ ՈՐՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-Ի ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ

Download

2020 թվականի ապրիլի 12-ին Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) իրավաբանական վարչության կողմից[1] հրապարակվել է սեղմ իրավաբանական ակնարկ, առ այն թե հարկային օրենսդրության մշակման ինչ նկատառումներ պետք է հաշվի առնվեն, COVID-19-ի բռնկմանը[2] ի պատասխան, իրականացվող ժամանակավոր միջոցառումների ընդունման ժամանակ: Հաշվի առնելով, որ  բառացությամբ հարկեր վճարելու համար բանկային վարկերը սուբսիդավորելու հնարավորության համաճարակի բռնկման հետևանքով Հայաստանում ձեռնարկություններին հարկային վճարումների վերավերյալ հատուկ օրենսդրական կարգավորումներ չտրվեցին, կարևորում ենք ԱՄՀ իրավաբանների առաջարկությունը ներկայացնել հետաքրքրված անձանց[3]:

Ակնարկը կենտրոնանում է երկու հիմնական հարցերի վրա

 

  1. Ժամանակավոր միջոցառումների իրականացում

Հարկային օրենքներում փոփոխություններ կատարելու փոխարեն «երկրորդային» կամ հայկական օրենսդրության տեսանկյունից «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր»-ի որպես գործիք կիրառման նպատակահարմարությունը` իհարկե դրանից աստիճանական հրաժարմամբ` հընթացս համաճարակի հետ կապված ճգնաժամի հաղթահարման: 

 

  1. Ժամանակավոր միջոցառումների իրականացման այլ տեխնիկական-իրավական հարցեր.

Այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք դուրս են մինչ օրս մեծ ուշադրության արժանացած՝ վճարումների ժամկետների և/կամ հայտերի ներկայացման վերջնաժամկետների երկարաձգման հարցերի շրջանակներից։ Այդպիսիք են այլ ժամկետների (օրինակ՝ առարկություններ և բողոքներ ներկայացնելու համար) կասեցումը և առկա դժվարություններից խուսափելու նպատակով վարչական ու դատական ակտերի հարկադիր կատարման գործողությունների ժամանակավոր կասեցումը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել նման գործողությունները հետագայում վերսկսելու հնարավորությունը։

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՀ-ի կողմից առաջարկվող միջոցառումները կրում են ժամանակավոր բնույթը՝ հարկ է հետևել հարկային օրենսդրության մշակման ներքոգրյալ սկզբունքներին, այնքանով, որքանով դա հնարավոր և համատեղելի է առկա իրավական կարգավորումնների հետ:

  • Օգտագործել երկրորդական գործիքակազմեր կամ իրականացնել վարչարարություն (ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր) որոնք, ըստ էության, ավելի արդյունավետ են (սույն համատեքստում ավելի արագ և հեշտ են ենթակա վերացման), քան գործող օրենքներում փոփոխություններ կատարելը կամ նոր օրենքներ ընդունելը։ Այնուամենայնիվ, այնպիսի միջոցառումների դեպքում, որոնք ուղղված են հարկային պարտավորությունների էական կրճատմանը կամ անհամատեղելի են հիմնական օրենսդրության հետ, օրենսդրական փոփոխությունների կամ նոր օրենքների ընդունումը անխուսափելի է։
  • Բացի առանց տոկոսների կամ տուգանքների սահմանման հարկային վճարումների և/կամ հայտարարագրման վերջնաժամկետների երկարաձգման հնարավորությունից (ինչն իհարկե Հայաստանում դեռևս չի կիրառվում) ներդնել ժամանակավոր աջակցության և մեղմացման այլ միջոցառումներ. ինչպիսիք են՝ հարկային ընթացակարգերի և դատական գործընթացների կասեցումը, դատական ժամկետների համապատասխան երկարաձգումը, ինչպես նաև հարկային ստուգումների և կատարողական գործողությունների կասեցումը (որոնք նույնպես Հայաստանում դեռևս չեն կիրառվում):
  • Իրավական համակարգի ամբողջականությունը չխաթարելու, հարկային իրավական համակարգը չվտանգելու և ճգնաժամի ավարտից հետո հարկային իրավահարաբերությունների որոշակիությունը ռիսկի տակ չդնելու նպատակով՝ առաջարկվում է խուսափել պատվիրված կամ իրավիճակային օրենսդրական առանցքային բարեփոխումներ իրականացնելուց, ինչպես նաև զերծ մնալ ճգնաժամի ժամանակ գոյություն ունեցող հարկային իրավական համակարգերը վերանայելուց: Այս առումով առաջարկվում է շեշտը դնել այնպիսի միջոցառումների վրա, որոնք հարկային իրավահամակարգը ուղորդում են ցանկալի ուղղությամբ (մասնավորապես՝ ձեռնպահ մնալ հարկային արձակուրդներ տրամադրելուց, պահպանել բնապահպանական հարկերը, չնվազեցնել կորպորատիվ եկամտահարկի տոկոսադրույքները և այլն)։
  • Հնարավորության դեպքում նախագծել ավոտմատ կիրառվող կառուցակարգեր, որոնք կգործեն հարկատուների կողմից համապատասխան պայմանների կատարման պարագայում: Ընդ որում, դրանք բոլորը պետք է ժամանակավորապես գործեն` բացառապես ճգնաժամային ժամանակահատվածում (օրինակ՝ նորմատիվ իրավական ակտի մեխանիկական դադարման կամ անցումային դրույթների սահմանմամբ միջոցավ):

 

ՈՐՈՇ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • Որոշ բացառություններով (օրինակ՝ քրեական գործերով, քանի որ առկա է հիմնական իրավունքների պաշտպանություն)՝ դատական վերջնաժամկետների, լսումների, բողոքարկումների, կատարողական վարույթների կասեցում։ Այս համատեքստում պետք է ներառվի նաև արդեն իսկ ընթացող գործերով հայտարարություններ ներկայացնելու ժամկետի երկարաձգումը։ Հարկահավաքումը և հարկադիր միջոցների մեծ մասի կիրառումը (օրինակ՝ հարկային ստուգումները կամ արգելանքները/բռնագանձումները) ևս պետք է կասեցվեն այն հարկատուների նկատմամբ, ում վրա տվյալ իրավիճակը բացասական ազդեցություն է ունեցել` վերահասցեավորելով այդ գործողությունները այն ընկերություննրի նկատմամբ, որոնք գերշահույթներ են ստանում այս ճգնաժամային իրավիճակից։
  • Ֆիզիկական ներկայությամբ դատավարական գործընթացների կասեցում կանխորոշված ժամկետներով, իհարկե հաշվի առնելով անհետաձգելի համարվող դեպքերը` անհրաժեշտ ընթացակարգերի պահպանմամբ։
  • Ժամանակավոր միջոցառումների համալիրի վերաբերյալ պաշտոնական ցուցումների տրամադրում, որոնք սահմանված են առկա բացառություններով, հայեցողություններով, կամ այլ կեպ հաստատում կամ հերքում են դրանց համատեղելիությունը ներկային օրենսդրական կարգավորումների հետ (օրինակ «ԵՄ Պետական Օգնություն» ծրագիր, որն հասանելի է մինչև  2020 թվականի դեկտեմբերի 31-ը)[4]։   Իրավական քաղաքականության համալիրում ներառված միջոցառումները պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի ճկուն մեխանիզմների կիրառմամբ նպաստեն հասցեական աջակցության տրամադրմանը (օրինակ՝ հարկերի վճարման հետաձգում, սոցիալական ապահովության վճարների կասեցում, ֆինանսավորման, դրամաշնորհների, կանխավճարների երկարաձգում)։ Միջոցառումները կարող են իրականացվել  համատարած, կամ համաճարակի բռնկումից առավել տուժած կոնկրետ շրջաններում և ոլորտներում՝ առանց կիրառելի իրավական սկզբունքների խախտման (օրինակ՝ պետք է խստորեն պահպանվեն խտրականության արգելքի  կամ ընտրովի առավելությունների տրամադրման արգելքի սկզբունքները)։
  • Տուժած հարկատուների հարկային ռեժիմի վերաբերյալ ցուցումների տրամադրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գոյություն ունեցող բացառություններին, հայեցողություններին և, ինչը պակաս կարևոր չէ, առկա մեկնաբանություններին: Ներկայումս հարկային ռեժիմի կիրառման որոշակիությունը նույնպես կարևոր նշանակություն կունենա տուժած հարկատուների համար՝ ապահովելու, որ նրանց հարկային ռեժիմը կամ կարգավիճակը, ինչպիսին  է հարկային ռեզիդենտությունը, չեն փոխվի բացառապես COVID-19-ի բռնկման հետևանքով։

 

[1] Նշված ակնարկը պատրաստվել է Իրավաբանական վարչության ավագ խորհրդատուներ Քրիստոֆ Վաերցեգգերի և Քորի Հիլլերի և խորհրդատու Իրվինգ Ավի կողմից։

[2] Տես՛ «Հարկային միջոցառումներ՝ ի պատասխան COVID-19- ի բռնկման, և COVID-19 ճգնաժամի վերաբերյալ հարկային և մաքսային վարչարարության պատասխանները» (ԱՄՀ, ՀՀՎ, 2020 թ. Մարտ)

[3] Առաջարկությունների թարգմանությունը մերն է:

[4] https://ec.europa.eu/competition/state_aid/what_is_new/sa_covid19_temporary-framework.pdf