ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԱԿԸՆԴԴԵՄ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

Download

Այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ անձը որևէ հայց է ներկայացնում մեկ այլ անձի դեմ և միաժամանակ միջնորդում է դատարանին, որ կիրառի հայցի ապահովման միջոց, իսկ դատարանները, գերակշիռ դեպքերում, բավարարվում են հայցի ապահովման միջնորդությունները և սահմանափակումներ են կիրառում պատասխանողների նկատմամբ, միայն այն բանի համար, որ հայցվոր կողմը ենթադրել է, որ հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ: Պարզ է, որ ենթադրության տակ, որևէ փաստական տվյալ մեծամասամբ առկա չի լինում:

Ինչպե՞ս պայքարել այս երևույթի դեմ, արդյո՞ք խնդիր ունենք օրենսդրության հետ թե՞ խնդիրն իրավակիրառ պրակտիկան է, ահա այս ամենի մասին ես կխոսեմ հաջորդիվ:

 

Օրենսդրական կարգավորումներ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 128-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Վկայակոչված հոդվածի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե առկա է վտանգ, որ՝

  • ապագայում կայացվելիք դատական ակտը չի կատարվի կամ կդժվարանա դրա կատարումը,
  • վեճի առարկա գույքի փաստացի կամ իրավական վիճակը կփոփոխվի,
  • էական վնաս կպատճառվի հայց ներկայացրած անձին,

ապա դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման միջոց, որը նախատեսված է Օրենսգրքի 129-րդ հոդվածով:

Այս տեսակետից օրենքը հստակ է, եթե կան A, B, C փաստերի վերաբերյալ հիմնավորված կասկածներ, ապա պետք է վրա հասնի D նորմի հետևանքը (Օրենսգրքի 129-րդ հոդված): Այս փաստերի վերաբերյալ հիմնավոր կասկածի ստուգումը դրված է բացառապես գործը քննող դատավորի վրա, ով ոչ թե պետք է առաջնորդվի հայցվորի ենթադրություններով, այլ այդ ենթադրությունները հիմնավորող ապացույցներով, քանի որ միայն ենթադրելը բավարար չէ, որ պահպանված համարենք Օրենսգրքի 128-րդ հոդվածի վավերապայմանները, եթե առկա չեն ենթադրությունները հիմնավորող ապացույցներ:

 

Առհասարակ դատավարական իրավունքում գործում է կողմերի հավասարության սկզբունքը (Սահմանադրության 28-րդ հոդված, Դատական օրենսգրքի 10-րդ հոդված, Օրենսգրքի 11-րդ հոդված, Վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդված և այլն): Այսինքն անհնար է այնպիսի իրավիճակ, երբ Օրենսդիրը դատավարության մեկ կողմին օժտի անսահման իրավունքներով, իսկ մյուսին անսահման պարտականություններով: Կոնկրետ այս դեպքում դրա վառ ապացույցը Օրենսգրքի 135-րդ հոդվածն է, ըստ որի  գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ: Ուշադրություն դարձրեք, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե արդեն իսկ պատճառված վնասի մասին, այլ հնարավոր վնասի մասին, ինչը տրամաբանական է, քանի որ բուն վնասը առկա կլինի, երբ դատարանը կմերժի հայցվորի հայցը, այսինքն վնասը կառաջանա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով (օրինաչափ գործողություններով պատճառված վնաս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այս ամենով հանդերձ կարող ենք եզրակացնել, որ Օրենսդիրը հայցի ապահովման ինստիտուտը հակակշռել է հակընդդեմ ապահովման ինստիտուտով, ուստի առնվազն օրենսդրական մակարդակում որևէ անհավասար մոտեցում առկա չէ:

 

Իրավակիրառ պրակտիկա

Առհասարակ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է համարել, որ մարդը բարեխիղճ է, օրինապահ է, քանի դեռ նա իր գործողություններով հակառակը չի ապացուցել: Այսինքն հանրային ընկալման մեջ անծանոթ մարդը համարվում է անբարեխիղճ, քանի դեռ նա իր արարքներով մեզ չի ապացուցում, որ նա բարեխիղճ է: Իրավունքում անձի բարեխղճության բանաձևին կարելի է հանդիպել օրինակ, ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածում, ըստ որի մենք անկախ այն բանից, որ անձին առաջադրվել է որևէ մեղադրանք, առնվազն իրավական հարթությունում նրան համարում ենք անմեղ (բարեխիղճ, օրինապահ), քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Արդյո՞ք Հայաստանում հանրային ընկալման մեջ անձը դառնում է մեղավոր, երբ նրա վերաբերյալ ունենում ենք օրինական ուժի մեջ մտած մեղադրական բնույթի դատավճիռ թե՞ հանրային ընկալման մեջ այդ մարդը դառնում է մեղավոր, երբ նրան մեղադրում են: Դատեք ինքներդ, բայց քաղաքացիական դատավարությունում, որպես կանոն, պատասխանողն անբարեխիղճ է դառնում, երբ այդ մասին ենթադրում է հայցվորը[1]: Ասել կուզի այստեղ գործում է հայկական հանրային ընկալումը:

Զորօրինակ վերցնենք վկայակոչված թիվ ԵԴ/27218/02/19 քաղաքացիական գործը: Ա-ն հայց է ներկայացրել ընդդեմ Բ-ի՝ վնասի հատուցման պահանջով, միաժամանակ միջնորդել է, որ արգելանք դրվի Բ-ի գույքի և դրամական միջոցների վրա, քանի որ ենթադրում է, որ Բ-ն չի կատարի դատարանի դատական ակտը[2]: Դատարանը բավարարել է միջնորդությունը և արգելանք է դրել Բ-ի գույքի և դրամական միջոցների վրա: Անկախ այս գործի ելքից, որն անշուշտ կտևի տարիներ, Բ-ն արդեն իսկ գտնվում է անհանգիստ վիճակում և կրում է թե բարոյական և թե նյութական վնասներ (հանրային է դառնում նրա աշխատավարձի և այլ եկամուտների չափը և այլն), սա բնականաբար հաշվի չի առնվում մի շարք դատավորների կողմից:

Սրա կողքին, սակայն մենք ունենք նաև տրամագծորեն տարբերվող պատկեր[3], երբ դատարանը հայցի ապահովան ինստիտուտին հակադրում է հայցի հակընդդեմ ապահովման ինստիտուտը, դրանով իսկ պահպանելով անձանց իրավահավասարության սկզբունքը:

Այս տեսակետից ուշագրավ է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մոտեցումը, որը նա արտահայտել է թիվ ԵԴ/17072/02/20 քաղաքացիական գործով[4]: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որպես սկզբունք սահմանում է, որ դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության՝ հիմնարար սկզբունքի հիման վրա, այսինքն դատարանը ոչ միայն պետք է հավասար պայմաններ ստեղծի գործին մասնակցող անձանց համար, այլ նաև ամեն կերպ նպաստի, որպեսզի նրանք ժամանակին և լրիվ ծավալով ներկայացնեն իրենց պահանջները, առարկությունները, հակափաստարկները և այլն։
Այս սկզբունքի մասնավոր դրսևորումն է հանդիսանում հակընդդեմ ապահովման դատավարական միջոցը, որի նպատակն է հանդիսանում հավասարակշռել դատավարության մասնակիցների շահերը և իրավունքներից օգտվելու հավասար հնարավորությունը»։
Գալով հնարավոր վնասներին Վերաքննիչ դատարանը նշում է. «հնարավոր վնասներն այն հավանական վնասներն են, որոնք ենթադրաբար կարող են առաջանալ ապագայում, ինչից ենթադրում է, որ ներկա պահին դրանք ապացուցելու հնարավորությունը իրատեսական չէ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այն վնասները, որոնք կարող են առաջանալ կամ առհասարակ կարող է և չառաջանան, պատասխանողը միջնորդություն ներկայացնելու պահի դրությամբ օբյեկտիվորեն չի կարող ապացուցել։ Ուստի միայն դրանց մասին վկայակոչելը և դրանց առաջանալու հավանականության և հիմքերի վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելն արդեն իսկ պետք է դիտվի բավարար միջնորդությունը բավարարելու համար։ Հարկ է նշել նաև, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելուն վերաբերող իրավակարգավորումները չեն նախատեսում հնարավոր վնասները ապացուցելու պարտականություն, ուստի հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելիս ևս հնարավոր վնասներ կրելու հանգամանքը ապացուցելու պարտադիր պահանջ ներկայացվել չի կարող»:

Ամեն դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի մակարդակով խնդիրը դեռևս բավականաչափ քննված չէ: Այս տեսակետից դատավարական իրավունքը բավականին երկփեղկված է և այստեղ միասնական մոտեցում առկա չէ և ամեն ինչ կախված է դատավորից[5]:

 

Լուծումներ և եզրահանգումներ

Ամփոփելով վերը ասվածը պետք է նշեմ, որ հիմնական խնդիրը, որն առաջանում է այս ոլորտում, գալիս է իրավակիրառ պրակտիկայից, ուստի դրա լուծումն էլ պետք է լինի այնտեղ: Մասնավորապես դատավորներն որևէ սահմանափակում կիրառելիս չպետք է երբեք հենվեն միայն ենթադրությունների վրա, այլ անհրաժեշտաբար պետք է ուշադրություն դարձնեն այդ ենթադրությունների հիմքում ընկած փաստերին՝ ելնելով անձի օրինապահության և բարեխղճության սկզբունքից: Միաժամանակ, դատավորները պարտավոր են հավասար մոտեցում ցուցաբերել դատավարության կողմերի նկատմամբ և եթե պատասխանողի նկատմամբ կիրառել են որևէ սահմանափակում, ապա համապատասխան միջնորդություն ներկայացվելու դեպքում այդ սահմանափակումը պետք է կիրառվի նաև հայցվորի նկատմամբ: Ծայրահեղ սխալ է, երբ պատասխանողից պահանջվում է միջնորդությամբ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել հայցի ապահովում կիրառելու հետևանքով: Այդ վնասը, ինչպես նշեցի վերը, իրական կլինի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո, այն էլ այն դեպքում, երբ հայցվորի հայցը կմերժվի, իսկ կոնկրետ փուլում խոսքը գնում է միայն հնարավոր վնասների մասին:

Քանի դեռ իրավակիրառ պրակտիկան երկփեղկված է, ապա որպես հնարավոր լուծում կարելի է օգտագործել բացարկի ինստիտուտը, քանի որ երբ դատարանը հայցվորին միայն ենթադրության հիման վրա օժտում է անսահման իրավունքով, իսկ պատասխանողից պահանջում է դատավարական կոնկրետ փուլում ապացուցել, որ իրեն պատճառվել է վնաս (որպեսզի սահմանափակում կիրառի հայցվորի նկատմամբ), դրանով իսկ դատավորը խախտում է կողմերի հավասարության սկզբունքը, ինչն անթույլատրելի է և կասկածի տակ է դնում արդար, պրոֆեսիոնալ դատարանի առկայությունը:

 

[1] Տե՛ս օրինակ թիվ՝ ԵԴ/27218/02/19, ԵԴ/14545/02/20, ԿԴ/2565/02/20 քաղաքացիական գործերով կայացված որոշումները և այլն, օրինակները բազմաթիվ են:

[2] Թե ինչո՞ւ է այդպես ենթադրում որևէ ձևով չի մանրամասնվում, բնականաբար որևէ ապացույց էլ չի ներկայացվում իր ենթադրությունը հիմնավորելու համար:

[3] Տե՛ս օրինակ թիվ ԵԴ/26099/02/20 քաղաքացիական գործը:

[4] http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204042044:

[5] Ինչպես ընդունված է փաստաբաններիս մոտ, փափագում ենք, որ գործը մակագրվի այնպիսի դատավորի, ով ունի պրոֆեսիոնալ հատկանիշներ: