ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱԺՆԵՏԻՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (EMPLOYEE STOCK OWNERSHIP PLAN) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Download

Ներածություն

2021 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-236-Ն օրենքը (այսուհետ՝ «Փոփոխություններ»), որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին։

Ի թիվս «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ «Օրենք») կատարված այլ փոփոխությունների, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ, Փոփոխություններով վերանայվել են աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ կարգավորումները։

 

Ի՞նչ է աշխատողների բաժնետիրացման ծրագիրը (ESOP)

Կազմակերպությունները հաճախ օգտագործում են աշխատողների բաժնետիրացման ծրագրեր (Employee Stock Ownership Plan-ESOP)՝ որպես որակյալ աշխատողներ ներգրավելու և վերջիններիս պահելու (խրախուսելու) գործիք: Այդպիսի ծրագրեր կամ շահույթի բաշխման այլ մեխանիզմներ բազմաթիվ երկրներում ներդրվում և կիրառվում են կազմակերպությունների երկարաժամկետ հաջողության ու գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

Անհրաժեշտ ենք համարում հիշատակել G20/ՏՀԶԿ Կորպորատիվ կառավարման սկզբունքները, որոնք սահմանում են, որ «Կորպորատիվ կառավարման համակարգը պետք է ճանաչի շահառուների՝ օրենքով կամ փոխադարձ պայմանագրերով նախատեսված իրավունքները և խրախուսի ընկերությունների ու շահառուների միջև ակտիվ համագործակցությունը՝ միտված հարստության ու աշխատատեղերի ստեղծմանը և ֆինանսապես առողջ ձեռնարկությունների կայունությանը»։[1] Այս տեսանկյունից  Կորպորատիվ կառավարման սկզբունքները մասնավորապես սահմանում են, որ կորպորացիայի մրցունակությունն ու վերջնական հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք են, որում իրենց ներդրումն ունեն ռեսուրսների տարբեր մատակարարները, այդ թվում՝ ներդրողները, աշխատակիցները, վարկատուները, հաճախորդները, մատակարարները և շահառու այլ անձիք: Կորպորացիաները պետք է գիտակցեն, որ շահառուների ներդրումը հանդիսանում է արժեքավոր ռեսուրս մրցունակ ու շահութաբեր ընկերություն ստեղծելու համար: Հետևաբար, ընկերությունների երկարաժամկետ շահերից է բխում արժեքի ստեղծմանն ուղղված շահառուների հետ համագործակցությունը: Կառավարման համակարգը պետք է ճանաչի շահառուների շահերը և նրանց ներդրումը կորպորացիայի երկարաժամկետ հաջողության գործում: Պետք է թույլատրվեն աշխատակիցների մասնակցության կառուցակարգերի զարգացումը: Կորպորատիվ կառավարմանն աշխատակիցների մասնակցության աստիճանը կախված է տվյալ երկրում գործող օրենքներից ու պրակտիկայից, ինչպես նաև այն կարող է տարբերվել ըստ ընկերությունների:

Կորպորատիվ կառավարման համատեքստում մասնակցության ապահովման կառուցակարգերը կարող են ընկերություններին ապահովել ուղղակի, ինչպես նաև անուղղակի օգուտներ՝ բարձրացնելով կոնկրետ հմտություններում ներդրումներ անելու աշխատակիցների պատրաստակամությունը: Աշխատակիցների մասնակցության կառուցակարգերից են աշխատակիցների ներկայացվածությունը տնօրենների խորհրդում, կառավարման այնպիսի կառուցակարգերը, ինչպիսիք են աշխատանքային խորհուրդները, որոնք որոշակի առանցքային որոշումների վերաբերյալ դիտարկում են աշխատակիցների տեսակետները: Միջազգային կոնվենցիաները և ազգային նորմերը ճանաչում են նաև տեղեկատվություն ստանալու, խորհրդատվություններ և բանակցություններ վարելու աշխատակիցների իրավունքները: Ինչ վերաբերում է գործունեության արդյունքների բարձրացման կառուցակարգերին, բազմաթիվ երկրներում գործում են աշխատակիցների բաժնետոմսերի պլաններ կամ շահույթի բաշխման այլ կառուցակարգեր:[2]

Համընդհանուր ձևով աշխատողների բաժնետիրացման ծրագիր (ESOP) հասկացությանը կարելի է տալ հետևյալ բնորոշումը. Այն հանդիսանում է ընկերության (կորպորացիայի) կողմից ընդունված քաղաքականություն (կանոնակարգ, ծրագիր, ներքին այլ ակտ), որի համաձայն վերջինս իր վարձու աշխատողների (ներառյալ՝ իր կառավարման մարմիններում ընդգրկված անձանց) համար նախատեսում է համապատասխան հատուցումներ՝ ընկերության (կորպորացիայի) կամ վերջինիս մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսեր, օպցիոններ, սեփական կապիտալի այլ գործիքներ)։

 

Փոփոխությունների համաձայն աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ ինչպիսի՞ կանոններ են սահմանվել Օրենքում

Փոփոխությունների համաձայն աշխատողների բաժնետիրացման վերաբերյալ նախատեսվում են հետևյալ իրավակարգավորումները.[3]

  1. Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջև տեղաբաշխել (տրամադրել) Ընկերության բաժնետոմսեր կամ այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ), որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել ընկերության բաժնետոմսերով (այսուհետ՝ ածանցյալ ֆինանսական գործիքներ): Այս իմաստով աշխատակից է համարվում նաև ընկերության ղեկավար պաշտոնատար անձը:
  2. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրն ընկերության ներքին իրավական ակտ է, որով առնվազն նախատեսվում են ընկերության աշխատակցի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, օգտագործման, օտարման և հետգնման դեպքերը, պայմաններն ու կարգը։
  3. Աշխատակիցների միջև տեղաբաշխված և ածանցյալ ֆինանսական գործիքների վերջնահաշվարկի արդյունքով տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի, իսկ այդ բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակը՝ ընկերության քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների 25 տոկոսը։
  4. Աշխատակիցների միջև տեղաբաշխված (տրամադրված) բաժնետոմսերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների տնօրինման հնարավորությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով` սկսած տվյալ բաժնետիրոջը դրանց տեղաբաշխման (տրամադրման) օրվանից։
  5. Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել։
  6. Աշխատակցի հետ աշխատանքային կամ ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերի, ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են 4-րդ մասում նշված սահմանափակումները: Այդպիսի դեպքերում ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:
  7. Աշխատակցի բաժնետոմսերն օրենքով նախատեսված դեպքերում հարկադիր օտարելիս բաց ընկերությունը, եթե գործում են 4-րդ մասում նշված սահմանափակումները, և փակ ընկերությունը՝ անկախ նշված սահմանափակումներից, նախապատվության իրավունք ունեն ձեռք բերելու աշխատակցի՝ օտարման ենթակա բաժնետոմսերը տվյալ բաժնետոմսերի շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:
  8. Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատիրոջ ժառանգները, եթե գործում են 4-րդ մասում նշված սահմանափակումները, իրավունք ունեն ընկերությունից պահանջելու տվյալ բաժնետոմսերի հետգնումը դրանց շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջելու դրանք փոխարկել ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են ընկերության կողմից, և եթե այդպիսի փոխարկման հնարավորությունը համապատասխան տեսակի (իսկ առկայության դեպքում` նաև դասի)` աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակ նախատեսված է եղել կանոնադրությամբ: Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել աշխատակիցների բաժնետոմսերը հետգնելու կամ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսված պարտավորությունները դադարեցնելու՝ ընկերության պարտավորության այլ դեպքեր, ինչպես նաև դրանց իրականացման կարգն ու պայմանները։
  9. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ 4-րդ մասում նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են Օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող տեսակի կամ դասի բաժնետոմսերի սեփականատերերի համար:
  10. Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից:

11․ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը հաստատելու մասին, ինչպես նաև աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված (այդ թվում՝ ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների մասին) կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումներն ընդունում է ընդհանուր ժողովը` դրան մասնակցող` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ։ Աշխատակիցների բաժնետիրացման հետ կապված կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրից բխող որոշումների ընդունումը ընկերության խորհրդին վերապահված լինելու դեպքում ընկերության խորհուրդը դրանք ընդունում է խորհրդի անդամների ձայների 3/4-ով, եթե ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

  1. Աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ընկերության աշխատակիցների բաժնետիրացման դեպքում ընկերության այլ բաժնետերերի կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:

 

Այնուամենայնիվ, աշխատողների բաժնետիրացման հետ կապված ինչպիսի՞ նկատառումներ կան և ինչպիսի՞ խնդիրներ են շարունակում չլուծված մնալ

Չնայած Փոփոխությունների համաձայն աշխատողների բաժնետիրացման նոր իրավակարգավորումների ներդրմանը՝ դրանց վերաբերյալ ունենք որոշակի նկատառումներ, ինչպես նաև մեր կարծիքով Հայաստանում գործող ընկերությունների կողմից աշխատողների բաժնետիրացման ծրագրերի ներդրումն ու դրանց արդյունավետ կիրառումն ապահովելու տեսանկյունից դեռևս շարունակում են առկա լինել հետևյալ խնդիրները.

  • Ամենաէական հարցը շարունակում է մնալ աշխատողների բաժնետիրացման սխեմաների կիրառման հարկային կարգավորումների հարցը։ Փոփոխությունների փաթեթը չի ներառել ՀՀ գործող հարկային օրենսգրքում այս տեսանկյունից որևէ փոփոխություն, ինչը մեր համոզմամբ կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ-ում գործող ընկերությունների կողմից ESOP-ի ներդրման վրա։

Մեր կարծիքով ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններով անհրաժեշտ էր ստեղծել հարկային խթաններ՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի համար։ Մասնավորապես, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումը, որպես ստացվող եկամտի տեսակ, անհրաժեշտ էր դասել եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների շարքին։ Միաժամանակ, կարելի էր սահմանափակել այս արտոնությունը, եթե աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված արժեթուղթը աշխատակիցը օտարել է ձեռքբերումից հետո առաջին երեք հարկային տարիների ընթացքում։ Սա թույլ կտար խրախուսել աշխատակիցների երկարաժամկետ լոյալությունը և նրանց ուղղորդումը դեպի երկարաժամկետ նպատակների իրագործում։ Սակայն, միաժամանակ առաջարկվում է չսահմանափակել գործատուների հնարավորությունը՝ նվազեցնել այդպիսի հատուցումները շահութահարկի հարկման բազան որոշելու նպատակով հաշվարկվող համախառն եկամուտներից։

Մասնավորապես, Փոփոխություններով հետապնդվող նպատակները նշանակալի հաջողություն կունենային, եթե

  • Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվեին նաև վարձու աշխատողների և (կամ) խորհրդի անդամների համար աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումների գծով իրականացվող ծախսերը.[4]
  • Եկամտային հարկի տեսանկյունից հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ համարվեին նաև աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումները.[5]
  • Մյուս կողմից սակայն, պետք է սահմանվեր, որ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համապատասխան արժեթղթերից ստացվող եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է արժեթղթերի ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում։[6]
  • Աշխարհի տարբեր երկրներում լայնորեն կիրառվում են նաև այնպիսի բաժնետիրացման սխեմաներ, որոնց շրջանակներում ընկերություններն իրենց աշխատողներին խրախուսում են իրենց «մայր» ընկերության բաժնետոմսերով։ Փոփոխությունների համաձայն սակայն այդպիսի հնարավորություն չի նախատեսվել։
  • Անհասկանալի է, թե ինչու՞ աշխատակիցներին ESOP-ի շրջանակներում տրամադրվող բաժնետոմսերի գումարային անվանական արժեքը չի կարող գերազանցել կանոնադրական կապիտալի (տրամադրվող ընդհանուր ձայների) 25 տոկոսը։
  • Ինչպես նշվեց վերևում, Փոփոխությունների համաձայն աշխատակցի հետ աշխատանքային կամ ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց հետ ծառայությունների մատուցման հարաբերությունների դադարեցման դեպքում, բացառությամբ կենսաթոշակի անցնելու դեպքերի, ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը, եթե գործում են համապատասխան սահմանափակումները: Ընդ որում այդպիսի դեպքերում ընկերությունն իրավունք ունի հետգնելու աշխատակցի բաժնետոմսերը դրանց շուկայական, սակայն անվանական արժեքից ոչ պակաս գնով:

Մեր կարծիքով հիմնավորված չէ հետ գնվող բաժնետոմսերի համար սահմանված նման սահմանափակումը։ Կարծում ենք ճիշտ կլիներ սահմանել, որ այդ դեպքում բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետիրացման ծրագրով սահմանված գնով կամ այդ ծրագրով սահմանված կարգով որոշված գնով։

 

[1] Տես G20/ՏՀԶԿ Կորպորատիվ Կառավարման Սկզբունքներ. թարգմանությունը՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոն, 2016թ., էջ 39. Հասանելի է հետևյալ հղմամբ. http://old.corpgov.am/wp-content/uploads/2017/01/G20OECD-Principles-of-CG_arm.pdf

[2] Տես նույն տեղում, էջ 39-40

[3] Տես Փոփոխությունների 18-րդ հոդվածի համաձայն փոփոխվող Օրենքի 41-րդ հոդվածը

[4] Համապատասխան փոփոխությունն անհրաժեշտ էր կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածում

[5] Համապատասխան փոփոխությունն անհրաժեշտ էր կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածում

[6] Համապատասխան փոփոխությունն անհրաժեշտ էր կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 149-րդ հոդվածում