ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! ԳՈՐԾԱՏՈՒՆԵ՛Ր, ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՆՈՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի մարտի 25-ին իր հերթական նիստի ընթացքում ՀՀ Կառավարությունը հանդես եկավ լայնածավալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ և ընդունեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ «Օրենք») փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ «Նախագիծ»):

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային շուկայի բազմազանությունը և Նախագծի շահառուների լայն շրջանակը, ինչպես նաև հիմք ընդունելով դրա մասին իրազեկվածության կարևորությունը՝ սույն իրավական ակնարկում փորձել ենք հակիրճ և համակարգված կերպով ներկայացնել Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունների և լրացումների բուն էությունը, որոնք նախևառաջ վերաբերվում են սույն Նախագծի շրջանակում գործատուների նոր պարտականություններին և դրանցից բխող այլ իրավահարաբերություններին։

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Միասնական էլեկտրոնային հարթակի ներդրում

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունման համար ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ։ Այս հարթակի միջոցով ներկայացնելով համապատասխան հայտ՝ օտարերկրյա աշխատողներին (վերջիններիս գործատուներին) հնարավորություն է տրվում ստանալ աշխատանքի թույլտվություն, ինչպես նաև կացության կարգավիճակ, օրինական բնակությունը հաստատող տեղեկանք կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն։

Օրենքի իմաստով «միասնական էլեկտրոնային հարթակ» բնորոշվում է, որպես էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն  ստացող և աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ Օրենքով և ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաև որի միջոցով իրականացվում է պետական մարմինների, գործատուների և օտարերկրացիների միջև հաղորդակցությունը։»։

Համապատասխանաբար, Օրենքը լրացվելու է նոր 42․1 հոդվածով, որով սահմանվում է, որ օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակ, օրինական բնակությունը հաստատող տեղեկանք կամ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով հայտ ներկայացնում է գործատուն՝ նշելով աշխատողի, գործատուի մի շարք տվյալներ և առաջարկվող աշխատանքի պայմանները։ Ավելին, ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով օտարերկրացու վերաբերյալ կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  գործառույթներն իրականացնելիս պետական լիազոր մարմի մոտ առաջանում է առերևույթ ողջամիտ կասկած կամ ենթադրություն, որ ի հայտ են եկել կամ կարող են ի հայտ գալ օտարերկրացուն  կացության կարգավիճակ տրամադրելը մերժելու, կարգավիճակն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու, արտաքսելու կամ  Հայաստանի Հանրապետությունում գտնվելու անհնարինության հիմքեր։

Միասնական էլեկտրոնային հարթակով հավաքագրված անձնական ամբողջ տվյալները հավաքագրվելու և մշակվելու են միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից, որն էլ իր հերթին, ըստ իրավասությունների շրջանակի, ապահովում է օտարերկրացու և գործատուի վերաբերյալ տվյալների հասանելիություն այլ լիազոր մարմիններին, այդ թվում՝ ազգային անվտանգության, ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի բնագավառների լիազորված պետական մարմիններին։

Ըստ Նախագծի հեղինակների մեկ միասնական էլեկտրոնային հարթակը թույլ է տալու «(…) ունենալ հստակ վիճակագրություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անցած օտարերկրացիների մասին, ավելի արդյունավետ կերպով վերահսկելու գործատուների կողմից օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը»։

Ակնհայտորեն, մեկ միասնական էլեկտրոնային համակարգի ներդրմամբ մի կողմից հեշտացվել է օտարերկրյա աշխատողի համար աշխատանքի թույլտվության, կացության կարգավիճակի և այլ տեղեկատվության (տեղեկանք, եզրակացություն) ձեռք բերելու կարգը՝ կենտրոնացնելով դրանց մեկ միասնական համակարգի ներքո, սակայն մյուս կողմից նախատեսվել է լրացուցիչ պարտավորություն գործատուների համար, մասնավորապես՝ օտարերկրացի աշխատողի ընտրության, աշխատանքային պայմանագիր կնքելու և աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու ամբողջ գործընթացը  գործատուն պարտավոր է իրականացնել միայն միասնական էլեկտրոնային հարթակի  միջոցով։ Ավելին, որպես սույն պարտավորության չկատարման հետևանք Նախագծով իրականացվել է նաև համապատասխան լրացում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն այն գործատուների համար, ովքեր

(ա) առանց աշխատանքի թույլտվության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքում, (բացառությամբ առանց նման փաստաթղթի Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների), ինչպես նաև

(բ) առանց Օրենքով նախատեսված օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակն օգտագործելու օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր են կնքել (բացառությամբ առանց կացության կարգավիճակի աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների):

 

Վերոնշյալ իրավախախտումների համար առաջարկվում է սահմանել տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ չափով, իսկ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կատարելու դեպքում՝ 100,000 ՀՀ դրամի չափով։

 

  • Աշխատանքային օրենսգրքի համապատասխանեցում

Նախագծով առաջարկվել է ՀՀ աշխատանքային օրենգրքում որպես գործատուի կողմից  աշխատանքային պայմանագրի լուծման նոր հիմք սահմանել «օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցնելը կամ անվավեր ճաաչվելը»։

Նախագծով նաև սահմանվել է նախնական ծանուցան 3-օրյա ժամկետ վերոգրյալ հիմքով գործատուի կողմից աշխատանքային պայմանaգիրը լուծելու համար։

ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կրել է նաև այլ լրացումներ և փոփոխություններ՝ համատասխանեցնելով այն Նախագծով առաջադրվող կարգավորումների հիմնական տրամաբանությանը։

Այս նախագիծը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվելու դեպքում Օրենքի և հարակից այլ իրավական ակտերի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։

Ընդ որում, Նախագծի ընդունման դեպքում գործատուները պարտավորվելու են միասնական էլեկտրոնային հարթակում լրացնել համապատասխան հայտ իրենց մոտ մինչև Նախագծի ուժի մեջ մտնելը աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի հիման վրա աշխատող օտարերկրացիների առկայության մասին մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, բացառությամբ այն օտարերկրացիների, որոնց համար ժամանակավոր կացության կարգավիճակ չի պահանջվում։