Արդյո՞ք փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումն ընդունելի է իրավական տեսանկյունից

Download

ՆԱԽԱԲԱՆ

2019 թվականի դեկտեմբերից սկսված համաճարակային ճգնաժամը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը և խնդիրներ առաջացնել բիզնեսի համար։ Տնտեսվարողներին նետված մարտահրավերները ստիպում են վերջիններիս արագ հարմարվել իրավիճակին՝ փոխարինելով արդեն ավանդական դարձած լուծումները նորարականներով։

COVID-19 տարածման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում, ի թիվս այլնի, ներառված է նաև բիզնեսի հեռավար իրականացման պահանջը։ Այս իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ հարցեր են առաջացել առ այն, թե արդյոք փաստաթղթերի "թանաքային" ստորագրությունը կարող է փոխարինվել էլեկտրոնային ստորագրությամբ և եթե այո, արդյո՞ք ստորագրման այս ձևը համապատասխանում է օրենքով առաջադրված պահանջներին:  

Էլեկտրոնային ստորագրությունների օրինականության գնահատման համար պետք է հաշվի առնվեն մի շարք պայմաններ, ինչպիսիք են՝ ստորագրման ենթակա փաստաթղթի տեսակը, դրա նկատմամբ կիրառելի իրավունքը, էլեկտրոնային ստորագրության ձևը և այլն։

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԼՈԻԾՎՈՒՄ ՀԱՐՑԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ                                                                          

Փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումը տարբեր հավելվածների միջոցով ներկայումս լայն տարածում ունեցող պրակտիկա է, քանի որ երաշխավորում  է արագ և  ապահով ստորագրման գործընթաց։ Այս եղանակը  օժտված է նաև ճկունությամբ, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր տնտեսվարողի ընտրելու իր բիզնեսի համար առավել արդյունավետ տարբերակը։ Գոյություն ունեն այս գործընթացը սպասարկող մի շարք հավելվածներ։ Այդպիսիք են՝ Docusign, PandaDoc, Adobe Sign, Hello Sign, SignEasy և այլն։. Այս ծրագրերը սովորաբար օգտագործում են ստորագրողի ինքնությունը ստուգող և նման ստորագրության իսկությունը հավաստող տեխնիկական միջոցների լայն շրջանակ։

Միջազգային մակարդակով ընդունվել են գործընթացը կարգավորող մի շարք  իրավական ակտեր, որոնց հիմնական նպատակն է իրավական հիմք հաղորդել էլեկտրոնային ստորագրությունների օգտագործմանը՝ այդպիսով ապահովելով դրանց օրինականությանը և կիրառելիությունը: Այդպիսի իրավական ակտերի թվին են դասվում «Էլեկտրոնային ստորագրությունը համաշխարհային և ազգային առևտրում» ակտը (ESIGN, 2000), «Միասնական էլեկտրոնային գործարքների վերաբերյալ» ակտը (UETA, 1999) (կարգավորում է էլեկտրոնային փաստաթղթերի օրինականությունը ԱՄՆ-ում), «Ներքին շուկայում էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային գործարքների հավատարմագրման համար» ԵՄ կարգավորում  թիվ 910/2014-ը (կարգավորում է էլեկտրոնային ստորագրման գործընթացը ԵՄ երկրներում)։

Հայրենական օրենսդրության համատեքստում նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 450 (3)-րդ հոդվածն ուղղակիորեն ամրագրում է, որ.

 «Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:»

Հայրենական օրենսդրության և վերոգրյալ իրավական ակտերի վերլուծությունը վկայում է, որ փատաթղթի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրված լինելու փաստը, ինքնին, իրավական տեսանկյունից խնդիրներ չի կարող առաջացնել։

 

Ինչի՞ն ուշադրություն դարձնել

Էլեկտրոնային եղանակով ստորագրված փաստաթղթի օրինականությունն ու իրագործելիությունը հաստատելու, ինչպես նաև ներգրավված կողմերի օրինական շահերը պաշտպանելու համար անհրաժեշտ է առնվազն հետևյալ պահանջների պահպանումը.

  1. Պայմանագրի կողմ(եր)ի՝ պայմանագիր կնքելու և այն էլեկտրոնային եղանակով ստորագրելու հստակ մտադրությունը. այս պահանջը նշանակում է, որ կողմ(եր)ի՝ իրավունքներով և պարտականություններով, ինչպես նաև փաստաթղթի որևէ այլ պայմանով պարտավորված լինելու փաստը պետք է հեշտորեն ապացուցվի: Բացի այդ, կողմ(եր)ի՝ փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ստորագրելու «համաձայնությունը» պետք է լինի հստակ և որոշակի:
  2. Ստորագրության հստակ վերագրելիությունը ստորագրողին. այս պահանջի համաձայն՝ պետք է հստակորեն հաստատվի, ապացուցվի կամ տեսանելի լինի, որ փաստաթղթում օգտագործված ստորագրությունը պատկանում է պայմանագրի կողմին, ուղարկված է նրա կողմից (օրինակ՝ էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով): Ավելին, այդպիսի ստորագրությունը չի դրսևորվում միայն փաստաթղթի ստորագրման ֆիզիկական գործողությամբ, և կարող է արտահայտվել պայմանագրի կողմի՝ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու կամահայտնությունը/համաձայնությունը հստակորեն վկայող այնպիսի գործողությամբ, որը համարվում է էլեկտրոնային ստորագրություն (օրինակ՝ այնպիսի հասկացությունների/սահմանումների օգտագործում, ինչպիսիք են «Ես համաձայն եմ», «Ես ընդունում եմ», «Ես հասկանում և հաստատում եմ»):
  3. Ստորագրված փաստաթղթի ճշգրիտ ներկայացումը և ստորագրման գործընթացի գրառումների պահպանումը։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ տարբեր դատարաններ (ԱՄՆ, ԵՄ, Մեծ Բրիտանիա) որպես ապացույց ընդունում են էլեկտրոնային ստորագրության օգտագործում թույլ տվող հավելվածների միջոցով ստորագրված փաստաթղթերը, սակայն  էլեկտրոնային եղանակով ստորագրված փաստաթղթերի՝ որպես ապացույց ընդունումը Հայաստանի դատարանների համար համեմատաբար նոր փորձ է և չկան որևէ նախադեպեր այդ կապակցությամբ։ Այդպիսով վերջիններիս՝ դատարանի կողմից ընդունելիության հարցը ենթակա է մանրակրկիտ քննության յուրաքանչյուր գործով: Այդուհանդերձ պետք է նշել, նախորդ տարիների ընթացքում մի շարք ֆինանսական կազմակերպություններ վարկային պայմանագրեր են կնքում առանց ֆիզիկական ստորագրության, ու ցայսօր հայկական դատարանները այդ պայմանագրերի իրավական ուժը կասկածի տակ չեն դրել:

 

ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ

Այնուամենայնիվ, պաշտպանության առավել բարձր մակարդակ պահանջող փաստաթղթերի որոշակի ցանկի համար էլեկտրոնային ստորագրության օգտագործումը միայն բավարար չէ այդ փաստաթղթերի օրինական ուժն ապահովելու համար: Դրանց թվին սովորաբար դասվում են այն փաստաթղթերը, որոնք ենթակա են նոտարական վավերացման, կամ իրենց բնույթի ուժով ենթարկվում են ստորագրության կեղծման առավել մեծ ռիսկի:

Այդպիսի փաստաթղթերի պաշտպանությունը ապահովելու նպատակով մշակվել է  «թվային ստորագրության» հայեցակարգը։ Վերջինս կոչված է հեշտացնելու փաստաթղթերի նշված տեսակների ստորագրման/կատարման կարգը։ Այնուամենայնիվ, նշենք, որ թվային ստորագրություն պահանջող փաստաթղթերի ցանկը կարող է յուրաքանչյուր պետությունում տարբեր լինել։

Ի՞նչ է թվային ստորագրությունը և ի՞նչ կարգավորումներ կան Հայաստանի օրենսդրությամբ։

Թվային ստորագրությունը կարելի է որակել որպես «թանաքային» ստորագրության փոխարինում վիրտուալ աշխարհում: Այն պետական կամ այլ հավատարմագրված մարմնի կողմից թողարկված, էլեկտրոնային փաստաթղթին կցված և ծածկագրված խորհրդանիշների հաջորդականություն է, որը հնարավորություն է  տալիս ապահովել ստորագրողի նույնականացումը։ Օրինակ՝ Docusign-ը, լինելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման համար ամենատարածված հավելվածներից մեկը, որոշ երկրներում (օրինակ՝ ԱՄՆ, ԵՄ անդամ երկներ) որակավորված է որպես թվային ստորագրության հավատարմագրված հավաստագրման մարմին։

Հայաստանի Հանրապետությունը ևս մշակել է թվային ստորագրությունների հայեցակարգը կարգավորող հատուկ իրավական ակտեր։ Մասնավորապես, 2004 թվականից գործում է հատուկ օրենք, որը նախատեսում է այդպիսի ստորագրությունների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի օգտագործման իրավական հիմքերը:

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը սահմանում է էլեկտրոնային ստորագրության թվային տեսակը որպես՝ «էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար»:

 

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերը նշված օրենքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձևով ձեռք բերելիս կիրառվում է թվային ստորագրություն (որի ձեռքբերման կարգը ներկայացված է ստորև): Ավելին, փաստաթղթի էլեկտրոնային ստորագրման դեպքում թվային ստորագրություն օգտագործելու կողմերի պարտավորությունը նախատեսվում է մի շարք օրենքներով: Օրինակ` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ էլեկտրոնային կատարման դեպքում անձնական տվյալները տրամադրողի կողմից համաձայնությունը պետք է հաստատվի էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով:

Սա նշանակում է, որ էլեկտրոնային ստորագրությունների հնարավորություն ապահովող դիմումների օգտագործումը հնարավոր է, քանի դեռ պայմանագրի կողմերը չեն առնչվում պետական մարմինների և այլ կազմակերպությունների (օրինակ՝ առևտրային բանկեր, Կենտրոնական դեպոզիտարիա և այլն) հետ, որոնք իրենց ներքին ակտերի հիման վրա ընդունում են միայն թվային էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթեր, կամ, այն դեպքերի, երբ որոշակի տեսակի փաստաթղթի էլեկտրոնային թվային ստորագրությունը սահմանված է կիրառելի օրենքով:

Հայաստանում էլեկտրոնային թվային ստորագրությունը տրամադրում է «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը Հայաստանում թվային ստորագրությունների հավաստագրման իրավասություն ունեցող միակ մարմինն է: Թվային ստորագրության ձեռքբերումը Հայաստանում տևում է մի քանի օր և տարեկան վճարը կազմում է 3,000 ՀՀ դրամ:

Նշենք, որ թվային ստորագրության միջոցով փաստաթուղթ ստորագրելու համար ստորագրողի կողմից պետք է օգտագործվի նույնականացման քարտ ընթերցող հատուկ սարք:

Աշխարհում զարգացումները դինամիկ ընթացք ունեն։ Ներկայումս նույնիսկ հնարավոր է էլեկտրոնային նոտարների միջոցով նոտարական կարգով վավերացնել էլեկտրոնային եղանակով ստորագրված փաստաթուղթը: Ցավոք, ներկայումս հայրենական օրենսդրությունը չի տրամադրում նման հնարավորություն:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ  

Էլեկտրոնային ստորագրության օգտագործմամբ փաստաթուղթը ստորագրելու համար առաջարկում ենք.

  1. Համոզվել, որ կիրառելի օրենսդրությամբ չի պահանջվում թվային ստորագրություն` կոնկրետ փաստաթղթի կատարման համար:
  2. Համոզվել, որ կողմերի միջև համաձայնագր(եր)ով սահմանված որևէ այլ/հատուկ պայման չկա:
  3. Համոզվել, որ փաստաթուղթը կատարելիս առնվազն վերը նշված պահանջները բավարարված են: Այնուամենայնիվ, քանի որ այս պահանջները կարող են տարբեր լինել յուրաքանչյուր գործով, մենք խորհուրդ ենք տալիս կոնկրետ գործի վերաբերյալ ստանալ ձեր իրավաբանի կարծիքը՝ հաստատելու համար, որ առնվազն.
  • պայմանագրի կողմ(եր)ը տեղյակ է (են), որ փաստաթուղթը կատարված է (ստորագրված է) էլեկտրոնային եղանակով, տեղյակ է (են) փաստաթղթում նշված բոլոր պայմաններին և տվել է (են) դրանով պարտավորված լինելու վերաբերյալ իր (իրենց) հստակ համաձայնությունը,
  • պայմանագրի կողմ(եր)ի կողմից տրված համաձայնությունն իսկապես վավեր է և վերագրելի է պայմանագրի կողմին,
  • կատարված (ստորագրված) փաստաթուղթը ճշգրիտ հաղորդակցվել է կողմերի միջև, ինչպես նաև այդպիսի հաղորդակցությունների գրառումները պատշաճ պահպանված են.
  • այնպիսի այլ պահանջներ, որոնք կարող են սահմանվել կիրառելի օրենքով կամ կողմերի միջև նախնական պայմանավորվածություններով:

Այսպիսով, մեր կողմից առաջադրված այն հարցը, թե արդյո՞ք էլեկտրոնային ստորագրությունները, ներառյալ նրանք, որոնք կատարվել են համապատասխան հավելվածի/ծրագրի միջոցով, իրավաբանորեն պարտադիր և կիրառելի են, ունի դրական պատասխան, պայմանով, որ բավարարվում են վերոշարադրյալ որոշակի պահանջները:

Վերջում, հարկ է նշել, որ COVID-19 պատճառով ստեղծված ներկայիս ճգնաժամային իրավիճակը մեղմացնելու և հեռավար եղանակով ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների բնականոն գործընթացը ապահովելու համար կարծում ենք կա անհրաժեշտություն կատարելու օրենսդրական փոփոխություններ և ընդունելու այնպիսի որոշում, որով կսահմանվի էլեկտրոնային ստորագրության օգտագործում թույլատրող որևէ հավելվածի միջոցով ստորագրված փաստաթղթերի ընդունման հնարավորությունը ՀՀ գործող բոլոր պետական մարմինների, այնպես էլ մասնավոր ոլորտի ընկերությունների կողմից։