ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ - ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՏՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՇԵՄԵՐ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2021 թ. մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Օրենքի[1] նախագիծ), որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված դրամային փոխհատուցումների վերին շեմերը։

Ըստ Նախագծի հիմնավորումների՝ փոխհատուցման սահմանաչափերի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ. «Ներկայումս բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, որը դրսևորվում է անպարկեշտ և անբարո արտահայտություններ հնչեցնելով, ինչն իր բացասական հետևանքներն է թողնում հանրության շրջանակներում: Բացառություն չի կազմում նաև անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը, որը դրսևորվում է իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տվյալներ հրապարակային ներկայացնելով»:

 

  1. ՎԻՐԱՎՈՐԱՆՔ

Վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1, մաս 2):

Արտահայտությունը վիրավորական կարող է համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

  • արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը
  • արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,
  • արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով։

 

  1. ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1, մաս 3):

Արտահայտությունը զրպարտող համարելու համար անհրաժեշտ է հետևյալ նախապայմանների առկայությունը՝

  • անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ,
  • փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
  • ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը,
  • ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

 

  1. ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն`  զրպարտության և վիրավորանքի գործերով հայցվորն իրեն հրապարակայնորեն զրպարտողից և/կամ վիրավորողից կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը

ոչ նյութական պահանջներ՝

  • ներողություն խնդրելու և/կամ (վիրավորանքի դեպքում),
  • հերքում հրապարակելու պահանջ և/կամ (զրպարտության դեպքում),
  • կրած ոչ նյութական վնասի դիմաց` համարժեք նյութական փոխհատուցման պահանջ և/կամ,

նյութական պահանջներ՝

  • զրպարտության և/կամ վիրավորանքի հետևանքով կրած գույքային վնասի հատուցման մասին պահանջ։

 

  1. ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿ

Ինչպես նշել էինք ակնարկի սկզբում, Օրենքի նախագծով բարձրացվում է զրպարտության և վիրավորանքի դեպքում նախատեսված դրամական փոխհատուցման վերին շեմերը, մասնավորապես՝

  • վիրավորանքի դեպքում վերին շեմ է սահմանվում 3 միլիոն ՀՀ դրամը, ներկայիս 1 միլիոն ՀՀ դրամի փոխարեն,
  • զրպարտության դեպքում վերին շեմ է սահմանվում 6 միլիոն ՀՀ դրամը, ներկայիս 2 միլիոն ՀՀ դրամի փոխարեն։

Խոսքի ազատության իրավունքը, իհարկե բացարձակ իրավունք չէ, և Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում, այն է՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, կարող է սահմանափակվել։ Սահմանափակումները, սակայն, պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ սահմանված պահանջներին և պետք է խստորեն մեկնաբանվեն, և որևէ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով ապացուցվի[2]։

Խոսքի ազատության իրավունքը կիրառվում է ոչ միայն այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նաև այնպիսի տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում են: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջները, առանց որոնց` «ժողովրդավարական հասարակությունը» չի կարող գոյություն ունենալ[3]:

Օրենքի նախագիծը սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը. իրավունք, որը ժողովրդավարական հասարակության ամենակարևոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման և յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը[4]։ Այս իրավունքը պաշտպանված է, ինչպես Սահմանադրության 42-րդ հոդվածով, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածով։

Պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577(2007) բանաձևի համաձայն վեհաժողովը առաջարկել էր` սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը։

Սահմանադրական դատարանը դեռ 2011թ-ին իր  թիվ ՍԴՈ-997 որոշմամբ  անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի գործերով վնասի փոխհատուցման գումարի առավելագույն չափերին: ՍԴ-ն օրենսդիր մարմնին առաջարկել էր վերանայել փոխհատուցման  առավելագույն սահմանը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Դատարանի նման եզրահանգումը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանում փոխհատուցման վերին սահմանի և բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան մի շարք Եվրախորհրդի անդամ երկրներում:[5]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վիրավորանքի և զրպարտության դեպքում փոխհատուցման չափերի  համաչափությունը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնում դիմողի տնտեսական վիճակի համար վնասի չափի հետևանքները, ինչպես նաև այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ պետությունում գործող նվազագույն աշխատավարձի չափը[6]։

Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը 2011թ-ին տնտեսական ցուցանիշների և փոխհատուցման վերին սահմանների համադրության արդյունքում եկել էր այն եզրահանգման, որ անհրաժեշտ է վերանայել դրանք իջեցնելու նպատակով՝ ստորև կներկայացնենք 2011թ-ի համեմատությամբ 2020թ-ի տնտեսական ցուցանիշները, որոնք հնարավորություն կտան պարզել, թե արդյո՞ք փոխհատուցման վերին սահմանները այդչափ բարձրացնելը համահունչ է առկա տնտեսական վիճակին, թե ոչ։

 

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Համադրելով վերը նշված աղյուսակում ներկայացված տնտեսական ցուցանիշների աճը Օրենքի նախագծով[7] զրպարտության և վիրավորանքի դեպքում վնասի փոխհատուցման վերին շեմերի բարձրացման հետ և նաև հաշվի առնելով կորոնավիրուայն վարակի և 44 օրյա պատերազմի արդյունքում տնտեսությանը հասցված վնասները՝ ակնհայտ է դառնում դրանց անհամապատասխանությունը առկա տնտեսական վիճակին։ Փոխհատուցման այդչափ բարձր սահմաններ նախատեսելը կարող է լինել ոչ համարժեք միջոց, որի արդյունքում անհամաչափորեն կսահմանափակվի Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը։

Նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, սակայն, ՀՀ նախագահի կողմից այն չի ստորագրվել և ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Մեր ընկերության դատական թիմն ունի զրպատության և վիրավորանքի գործերով ներկայացուցչություն իրականացնելու բազմամյա փորձ։ Այնպես որ, դիմեք մեզ՝ ստանալու համար պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն, աջակցություն և պաշտպանություն:

 

 

[1] Տե´ս, http://parliament.am/draftreading_docs7/P-665_DR2.pdf?fbclid=IwAR04pu13AuCmqg13qHKxMmNo-XYzpW4Y7Ev41AYej8Q25KHAi-KAwGNkMTs ։

[2] Bedat v. Switzerland, կետ 48:

[3] Նույն տեղում:

[4] Handyside v. the United Kingdom, կետ 49։

[5] ՍԴՈ-997, ընդունվել է 15.11.2011թ։

[6] European Court of Human Rights, Guide to Article 10 of the Convention – Freedom of expression, կետ 255։