ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԻ ԴԵՄ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, ընկերություններն իրենցից չկախված անկառավարելի պատճառներով կրում են վնասներ, որոնք առաջացել են COVID-19-ի համաճարակի արագ սփռման, ընդհանուր տնտեսական ակտիվության անկման, գլոբալ տնտեսական ճգնաժամի և դրա կանխման կամ վերացման անկանխատեսելիության պատճառով։ Միաժամանակ կառավարությունները և միջազգային կառույցները դեռ քննարկում են այդ տնտեսական ճգնաժամի կանխման կամ վնասների վերացման կամ նվազեցման ծրագրերը և փորձը ցույց է տալիս, որ ծրագրերի ուշացման պատճառով ընկերությունները հայտնվում են սնանկության վիճակում և այդ աջակցությունը դառնում է ժամանակավրեպ։ Գլոբալ ճգնաժամների ժամանակ բիզնեսների ֆինանսական վիճակի արագ վատթարացումը սովորաբար հանգեցնում է դոմինոյի էֆեկտի առաջացմանը և հաճախ հանգեցնում է մասսայական սնանկությունների (նույնիսկ տնտեսության այն ճյուղերի համար, որոնք առաջին հայացքից, որևէ կերպ ճգնաժամային «ալիքի» տակ չի հայտնվում)։

Իրադարձությունների նման արագ զարգացումը հաճախ պահանջում է ագրեսիվ գործողություններ, որոնցից մեկը կարող է լինել այնպիսի միջամտության իրականացումը, որը կարող է կանխել ընկերության նկատմամբ պահանջների ներկայացումը և ընկերության «շունչ հավաքելու» համար ժամանակ գտնելը։

2016 թվականին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարվել են կարևոր փոփոխություններ և ներդրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս ստանալ այդ շունչը և փրկվել ճգնաժամի բացասական հետևանքներից։  

 

Ի՞նչ է սնանկության վտանգը[1]

2016թ.-ին «Սնանկության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ  իրավական համակարգ ներմուծվեց «սնանկության վտանգի» ինստիտուտը։ Այն հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտին կիրառելու իր վճարունակությունը վերականգնելուն և ֆինանսական դրությունը բարելավուն ուղղված այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ նոր ներդրումների և/կամ վարկերի ներգրավում, գոյություն ունեցող պարտավորությունների կատարման ժամկետների և այլ պայմանների փոփոխություն և բանակցում, ֆինանսական ծրագրի առողջացման ծրագրի ներկայացում և այլն։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող կարգավորումների հիմնական տրամաբանությամբ վերը մատնանշված գործողությունների ձեռնարկման համար պարտադիր չէ, որ առկա լինեն սնանկության հատկանիշներ, այլ բավարար է, որ տնտեսվարող սուբյեկտը կանխատեսի սնանկության հատկանիշների ի հայտ գալու հնարավորությունը (հավանականությունը)։

Այդ է պատճառը, որ «սնանկության վտանգի» գործիքակազմը համարվում է ճգնաժամային իրավիճակներում գործող մարտահրավերներին հակազդելու արդյունավետ և օգտակար միջոց։ Վերոգրյալ պնդումն իր արտացոլումն է գտել ինչպես Միավորված Ազգերի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի օրենսդրական սնանկության ուղեցույցում[2], այնպես էլ Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի 2015թ. մայիսի 20-ին սնանկության վարույթների վերաբերյալ թիվ 2015/848 կանոնակարգով[3]։ Մասնավորապես՝ մատնանշված կանոնակարգի 10-րդ կետով՝ առաջարկվում է «անդամ երկրների օրենսդրություններով նախատեսել այնպիսի ընթացակարգեր, որոնք կփրկեն տնտեսապես կենսունակ, սակայն ֆինանսապես կաթվածահար վիճակում գտնվող բիզնեսները և տնտեսվարող սուբյեկտներին տալ երկրորդ հնարավորությունը»։ Ընդ որում՝ այդպիսի ընթացակարգերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները մասնավորապես.

(ա)   այդպիսի ընթացակարգերի հարուցումը պայմանավորված է նրանով, որ պետք է առկա լինի սնանկության հատկանիշների ի հայտ գալու հավանականություն, և

(բ)    անձը, ում նկատմամբ հարուցված է «սնանկության վտանգի» վարույթ չպետք է ամբողջապես կամ մասնակիորեն զրկվի իրեն պատկանող ակտիվների տնօրինման և գործերի կառավարման հնարավորություններից։

 

Որո՞նք են սնանկության վտանգի հատկանիշները և ինչպե՞ս է այն հարուցվում

Սնանկության վտանգի վարույթի հարուցման համար պետք է առկա լինեն հետևյալ պայմանները միաժամանակ, մասնավորապես, երբ.

(ա)     համապատասխան կանխատեսումներով ակնհայտ է, որ պարտապանի պարտավորությունները (մատակարարված ապրանքի դիմաց համապատասխան վճարումներ կատարելու և այլն) գերազանցելու են պարտապանի ակտիվների արժեքը՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով (1,000,000 և ավել ՀՀ դրամի չափով), կամ

(բ)      համապատասխան կանխատեսումներով ակնհայտ է, որ պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները (օրինակ՝ հարկային մարմնի կողմից կիրառվելիք տուգանքի չափը կամ այլ վարչական տույժի չափը և այլն) գերազանցելու են պարտապանի ակտիվների արժեքը[4]։

Վերոգրյալ հիմքերի առկայության դեպքում պարտապան տնտեսվարող սուբյեկտը (գործող կարգավորումներով այլ պարտատերերը զրկված են սնանկության վտանգի դիմում ներկայացնելու հնարավորությունից) համապատասխան սնանկության վտանգի դիմումը ներկայացնում է իրավասու դատարան՝ ի թիվս այլ պայմանների, կցելով նաև սահմանված պահանջներին բավարարող ֆինանսական առողջացման ծրագիրը։

 

Որո՞նք են սնանկության վտանգի վարույթի քննման և լուծման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հստակ ժամկետները

Քննարկվող վարույթի ճկունությունը դրսևորվում է նրանում, որ պարտապան տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած սնանկության վտանգի դիմումը դատավորի կողմից ստանալու պահից այն ընդունվում է վարույթ և նշանակվում դատական նիստ մեկամսյա ժամկետում[5],  որի ընթացքում քննվում են ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրում առկա տեղեկությունների արժանահավատության և դրա կատարման հավանականությունների վերաբերյալ հանգամանքները։ Դատական նիստի արդյունքներով հաստատված վերջնական ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը, որը կարող է գործող օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով երկարաձգվել[6]։

 

Որո՞նք են սնանկության վտանգի վարույթի հիմնական առավելությունները

Օրենքի՝ սնանկության վտանգին առնչվող կարգավորումներին վերաբերող հիմնական առավելությունները հանգում են հետևյալին.

(ա)   այն հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին խուսափելու սնանկության համար սահմանված ընդհանուր բարդ ընթացակարգից,

(բ)    այն առաջնահերթ կերպով հնարավորություն կտա շատ պարտապանների խուսափել վերահաս սնանկությունից և կառավարչի աջակցությամբ հաղթահարել դժվարությունները և վերադառնալ բնականոն գործունեության[7],

(գ)    մատնանշված վարույթին բնորոշ է ճկունությունը[8] և անվտանգ ռեժիմը, քանի որ այն, ի տարբերություն սնանկության, չառողջանալու դեպքում չի հանգեցնում պարտապան տնտեսվարող սուբյեկտի լուծարմանը,

(դ)    սնանկության վտանգի ազդեցության ներքո գտնվող պարտապանին ֆինանսավորում իրականացրած անձանց պահանջների առաջնահերթություն։ Վերջինս ենթադրում է, որ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտին ֆինանսավորում տված անձը (բանկ, վարկային կազմակերպություն, այլ ներդրող և այլն) ունեն առաջնահերթություն և գերակայություն մնացած բոլոր պարտատերերի, այդ թվում՝ կառավարչի ծախսերի, վարչական ծախսերի նկատմամբ։ Ուստիև, այս մասով պարտապանին տրամադրված ֆինանսավորումը կարող է դիտարկվել, որպես շահույթի աղբյուր՝ հաշվի առնելով, որ առաջնահերթության դեպքում պահանջի բավարարման հավանականությունը բարձր է,[9]

(ե)    սնանկության վտանգի վարույթում տնտեսվարող սուբյեկտն իր գույքը տնօրինելու և կառավարելու հարցում ունի հարաբերական անկախություն։ Այսպես՝ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո։ Սակայն պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները սահմանափակվում են։ Մասնավորապես՝ պարտապանի ղեկավարին (տնօրենին կամ այլ իրավասու մարմնին) արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։ Մինչդեռ, սնանկության վարույթի ընթացքում, մասնավորապես` լուծարման վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելուց հետո, պարտապանն լիապես զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից,[10]

(զ)    սնանկության վտանգի դիմումի բավարարմամբ և ֆինանսական առողջացման ծրագրի հաստատմամբ կասեցվում է պարտապան տնտեսվարող սուբյեկտների դրամական պարտավորությունների և վճարումների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը։ Սա ներառում է նաև հարկերի, տուրքերի և այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկման, վճարման կամ գանձման կասեցում։ Այլ կերպ ասած, պարտատերերի պահանջների բավարարումը սառեցվում է (մորատորում)։ Սա կարևոր երաշխիք է հանդիսանում ֆինանսապես վատթարացած վիճակում գտնվող և վնասներ կրած տնտեսվարող սուբյեկտի գործունեության վերականգնման համար[11]։

 

Ի՞նչ անել

(ա)   իրականացնել ֆինանսական կանխատեսումներ սնանկության հատկանիշների վերհանման նպատակով, այն է՝ բացահայտել պարտապան տնտեսվարող սուբյեկտի ստանձնած պարտավորությունների և վերջինիս պատկանող ակտիվների արժեքների հարաբերակցությունը,

(բ)    պարտապան տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական առողջացման համար անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման (բաժնետոմսերի նոր փաթեթի թողարկման/տեղաբաշխման, առկա պարտավորությունները և պարտքերը արժեթղթերով փոխարինման) հստակ ռազմավարության մշակում իրավաբանական և ֆինանսական մասնագետների ներգրավմամբ,

(գ)    օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ֆինանսական առողջացման ծրագրի մշակում իրավաբանական և ֆինանսական մասնագետների ներգրավմամբ,

(դ)    իրավախորհրդատուի աջակցությամբ և ղեկավարմամբ դատական ներկայացուցչություն ապահովում և պարտապան տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանություն։

 

[1] 2016թ.-ից առ այսօր ՀՀ դատարանների կողմից քննվել է սնանկության վտանգի ընդամենը մեկ վարույթ։ Հղումը՝ http://moj.am/storage/uploads/0AM02.pdf։

[2] https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/05-80722_ebook.pdf։

[3] https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:32015R0848&from=en։

[4] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2.2.-րդ մաս։

[5] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.2.-րդ հոդվածի 1-ին մաս։

[6] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մաս։

[7] http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=8199&Reading=0։

[8] Ազգային ժողովի կողմից 2019թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքով (ուժի մեջ է մտնելու 2020թ-ի ապրիլի 15-ից), կատարված փոփոխությունների ուժով պարտապաններին հնարավորություն կտրվի, ներկայացնելու իրենց նախընտրած կառավարիչների թեկնածությունը (որը հետագայում նշանակվում է դատարանի կողմից), ի տարբերություն ներկա կարգավորումների, որոնց համաձայն՝ դատարանը կառավարիչ է նշանակում բացառապես կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացված թեկնածուին, իսկ պարտապանի կողմից կառավարչի թեկնածություն ներկայացնելու իրավունք նախատեսված չէ:

[9] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.7.-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ։

[10] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.4.-րդ հոդվածի 4-րդ մաս։

[11] «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 15.5.-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ։