ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԸ

Download

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերջերս ընդունված իրավական մեխանիզմը (այսուհետ` Օրենք) նորույթ է Հայաստանի իրավական համակարգում, որը կանոնակարգող դրույթների ընդհանուր բնութագիրը ներկայացվում է ստորև:

Նախևառաջ հարկ է հստակեցնել Օրենքում առկա որոշ հասկացությունների բովանդակությունը, և մասնավորապես ինչ է նշանակում «ապօրինի ծագում ունեցող գույք»: Օրենքի իմաստով այդպիսին է համարվում այն գույքը, որի ձեռքբերումը սահմանված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով (ընդ որում՝ անկախ Օրենքը ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից), ինչպես նաև այդպիսի գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները):

Իսկ «օրինական եկամուտ» են համարվում օրենսդրության պահպանմամբ դրամով, արտարժույթով, կրիպտոարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները: Հավելենք նաև, որ նշված վարույթներով «իրավասու մարմինը» ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող որոշակի փուլերից, որոնք ուղղված են խնդրո առարկա գույքի ուսումնասիրմանը և Օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում դրա բռնագանձմանը:

 

ՓՈՒԼ 1 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրություն սկսելու հիմքերը սահմանված են Օրենքով, որոնց առկայության պարագայում Դատախազության պատասխանատու ստորաբաժանումը, սկսում է ուսումնասիրությունը: Դրանք են՝

1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է Օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.

2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել Օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.

3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն Օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.

ա) ընդունվել է համաներման մասին օրենք.

բ) անցել են վաղեմության ժամկետները.

գ) անձը մահացել է.

դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.

4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն Օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից[1] որևէ մեկով.

5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Վերոնշյալ  հիմքերը հայտնի դառնալու պահից տասնօրյա ժամկետում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնող դատախազը կամ օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ իրականացրած մարմինը այդ մասին տեղեկացնում է Դատախազությունը և նրան է փոխանցում բոլոր փաստաթղթերը և տվյալները (այդ տվյալները ենթակա չեն հրապարակման):

Դատախազություն սկսում է ուսումնասիրություն ներկայացված նյութերի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, եթե.

1) առկա է ուսումնասիրություն սկսելու հիմքերից առնվազն մեկը,

2) Դատախազությունը կարծում է, որ գույքն իր շուկայական արժեքով  գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

 

Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ

Դատախազությունը հավաքում է նյութեր հետևյալ հարցերի առնչությամբ.

1) անձին պատկանող գույքը, դրա գտնվելու վայրը, ձեռքբերման աղբյուրները,

2) գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահի և ուսումնասիրության իրականացման դրությամբ,

3) գույքի վերափոխումը այլ տեսակի գույքի և գույքի օգտագործումից ստացվածը,

4) գույքը ձեռք բերողի հայտնի եկամուտները և ծախսերը, այդ թվում՝ ապրուստի միջին ամսական ծախսերը,

5) գույքի առնչությամբ կնքված գործարքները,

6)  գույքի ծանրաբեռնվածությունը այլ անձանց իրավունքներով:

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Դատախազությունը որոշում է նաև ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը չի կարող լինել ավելի երկար, քան որոշման կայացմանը նախորդող 10 տարին: Սակայն, եթե ի հայտ են գալիս ավելի վաղ ձեռք բերված գույքի վերաբերյալ կասկածներ և համապատասխան ապացույցները պահպանված են, ապա այդ ժամանակահատվածը կարող է ներառել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը:

Ուսումնասիրությունը ժամկետը սահմանափակված է և կարող է տևել առավելագույնը 2 տարի, որն Դատախազության կողմից կարող է երկարացվել մինչև 1 տարի ժամկետով, եթե դա պայմանավորված է միջազգային համագործակցությամբ: Նշված ժամկետների խախտումը հանգեցնում է հայցային վաղեմության ժամկետի բացթողնման: Միաժամանակ,  ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա ընթացքի վերաբերյալ և դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են:

Օրենքը հստակեցնում է նաև քրեական վարույթի հետ զուգահեռ ուսումնասիրության անցկացումը` ընդգծելով, որ ուսումնասիրության ընթացքը (այդ թվում՝ ժամկետները) կասեցվում է, եթե հայցի հիմքում դրվելու են նախնական քննության չհրապարակված տվյալներ: Այդուամենայնիվ, նույնիսկ անձի արդարացումը (արդարացման դատավճիռ կամ արդարացնող հիմքով վարույթի կարճում կամ քրեական հետապնդման դադարեցում) հիմք չէ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար:

Դատախազությունը կարող է ձեռք բերել տարաբնույթ ապացույցներ, այդ թվում՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ: Բացի այդ, նա կարող է դատարանի որոշմամբ ստանալ նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն ստանալու դիմում:

Ուսումնասիրության նախնական արդյունքներով դատախազությունը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր, որով որոշում է դադարեցնել գույքի բռնագանձման վարույթը, կամ  ձեռնարկել միջոցներ գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ (եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ գույքի շուկայական արժեքը գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը):

Ամփոփագիրը կազմելուց հետո դատախազությունը կարող է դատարան ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմում: Հայցադիմումը պետք է ներկայացվի 6 ամսվա ընթացքում, ընդ որում՝ դիմողն ազատված է պետական տուրքի, ինչպես նաև հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու պարտականությունից: Մյուս կողմից, դիմողն  իր հնարավոր վնասների հատուցման համար չի կարող պահանջել հակընդդեմ ապահովում:

Նախնական ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները կիրառելուց, իսկ այդպիսի միջոցներ կիրառելու անհրաժեշտության բացակայության դեպքում ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դատախազությունը ծանուցում և հրավիրում է ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց՝ ուսումնասիրության արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու (1 ամսվա ընթացքում):

 

ՓՈՒԼ 2 ԱՆՁԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

ԱՆՁԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ

Դատախազությունը ծանուցում է անձին, ում գույքի ծագման օրինականության առնչությամբ իրականացվել է ուսումնասիրությունը և հրավիրում ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետևյալ տվյալները`

1) անձին և նրա ընտանիքի անդամներին հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.

2) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ.

3) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս.

4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները.

5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները.

6)  ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ:

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Շահագրգիռ անձանց ներկայացրած նյութերի և հավաքված ապացույցների հիման վրա Դատախազությունը կազմում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է՝

1) տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի և այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ,

2) անձին պատկանող գույքի համադրումը այդ գույքի ձեռքբերման համար օգտագործված՝ իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների հետ,

3) գույքը տիրապետող անձանց կողմից դրա ապօրինի ծագման մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալներ,

4)  ապացույցների ցանկ, որոնց վրա հիմնվում է եզրակացությունը,

5) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելու կամ հաշտության համաձայնություն կնքելու մասին որոշում:

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Վարույթը կարող է ավարտվել հաշտության համաձայնության կնքմամբ, եթե անձը, ում պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույքը, ներկայացնում է հայտարարագիր: Հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան գույքի արժեքի 75 տոկոսը: Գույքը փոխանցվում է բնեղենով, իսկ եթե այդպիսի գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ինչպես նաև եթե այդպիսի առաջարկով է հանդես գալիս անձը, ում պատկանում է գույքը, Հայաստանին է փոխանցվում դրա շուկայական արժեքը դրամով:

 

ՓՈՒԼ 3 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Դատախազությունը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման կարող է հայցադիմում ներկայացնել դատարան: Կարող է ներկայացվել նաև գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ, այդ թվում՝

  • առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման,
  • վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ
  • վիճարկվել գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը:

Այս պահանջների համար չեն գործում հայցային վաղեմության ժամկետները:

Եթե գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել գույքի շուկայական արժեքի չափով գումար: Իսկ եթե գույքը ծանրաբեռնված է այլ անձանց պաշտպանվող իրավունքներով, դատախազությունն իր ընտրությամբ կարող է պահանջել գույքի բռնագանձում կամ գույքի շուկայական արժեքի չափով գումարի բռնագանձում:

 

ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը: Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով  նշված կանխավարկածը, եթե դատախազն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով: Իսկ պատասխանողը կարող է հերքել նշված կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռբերումը հիմնավորող ապացույցներ:

 

ԲԱՐԵԽԻՂՃ ՁԵՌԲԵՐՈՂՆ ՈՒ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՆԵՐԸ

Անձին պատկանող գույքը, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք և որը ձեռք է բերվել այլ անձի կողմից, ենթակա չէ բռնագանձման բարեխիղճ ձեռք բերողից: Անձը չի հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, եթե իրավասու մարմինն ապացուցում է, որ այդ անձը գույքը ձեռք բերելու պահին գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին:

Անձին պատկանող գույքի նկատմամբ նրա հետ չփոխկապակցված անձի գույքային իրավունքները պահպանվում են, եթե իրավասու մարմինը չի ապացուցում, որ այդ իրավունքները ծագելու պահին անձը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Իսկ եթե գույքը ծանրաբեռնված է անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձի կամ նրա մերձավոր ազգականի գույքային իրավունքներով կամ եթե տվյալ գույքային իրավունքների իրական շահառու է հանդիսանում այն անձը, ում պատկանում է գույքը, այդ իրավունքները դադարում են դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

 

[1] Այդ հիմքերն են՝

1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ.

2) մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ.

3) մեղադրյալը կամ այն անձը, որին գործով որպես մեղադրյալ ներգրավելու բավարար հիմքեր կան, օգտվում է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից.

4) մեղադրյալը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, որոնց պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է.

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին: