Հաճախորդի շաբաթական ահազանգ # 7

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Արժեթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը շուտով կդառնա հասանելի

Առաջարկվում է` ՀՀ ուժային կառույցներին, այդ թվում Տնտեսական մրացակցության պետական պաշտպանության հանձնաժողովին և Պետական եկամուտների կոմիտեին, առանց դատարանի որոշման, հասանելիություն տրամադրել  դեպոզիտարիայի տեղեկատվական համակարգերին, մասնավորապես՝ արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և  կարգավիճակի տեղեկություններին բաժնետոմսերի վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկություններին և օտարերկրյա անվանատերերին հասանելի տեղեկություններին։ Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

Ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի

Այսուհետ, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն, որի սեփականատերը չի կարողանա ապացուցել դրա ձեռքբերման օրինականությունը, կբռնագանձվի պետության կողմից։ Օրենքը ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։  Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ սպառողական կրեդիտավորման ոլորտում

Առաջարկվում է, որ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով, նշում կատարի առ այն, որ գիտակցում է պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը։

Առաջարկվում է նաև, որպեսզի Կենտրոնական բանկի խորհուրդը, մինչև երեք ամիս ժամկետով և մինչև 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար, սահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

Թափանցիկություն էներգետիկայի ոլորտում

2021 թվականի հունվարի մեկից էներգետիկայի բնագավառում գործող իրավաբանական անձինք պարտավոր կլինեն բացահայտել իրենց իրական սեփականատերերին։ Օրենքը ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։  Ավելին՝ հղումով

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասնմեկերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած սոցիալական խնդիրների մեղմացման նպատակով՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50%-ի չափով դրամական աջակցություն կտրամադրվի այն աձանց, ում 2020 թվականի փետրվար ամսվա բնական գազի ծախսը չի գերազանցել 10,000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի ծախսը՝ 5,000 ՀՀ դրամը:  

Ավելին՝ հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց  միջոցառումների տասներկուերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած սոցիալական խնդիրների մեղմացման նպատակով՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30%-ի չափով դրամական աջակցություն կտրամադրվի այն աձանց, ում 2020 թվականի փետրվար ամսվա բնական գազի ծախսը չի գերազանցել 10,001-30,000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի ծախսը՝ 5,001-10,000 ՀՀ դրամը:

Ավելին՝ հղումով

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների տասներեքերորդ փաթեթ

ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմացման նպատակով՝ օժանդակություն կտրամադրվի 2020 թվականի ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքի իր նպաստի 50%-ի չափով։

Աջակցության 70 %-ը կտրամադրվի ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին՝ կանխիկ ձևով, իսկ 30%-ը կփոխանցվի համապատասխան մարմնին՝ որպես օգտագործված էլեկտրաէնեգիայի դիմաց վճար։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների ութերորդ փաթեթում

Կառավարության որոշմամբ՝ լրացումներ են կատարվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների 8-րդ փաթեթում։ Սույն միջոցառման շրջանակում՝ միանվագ օգնություն է տրամադրվում մասնավոր հատվածի տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և վարձու աշխատողներին։

Շահառուների ոլորտային ցանկը այժմ ընդգրկում է

  • ցամաքային տրանսպորտի գործունեության (երթուղային տրանսպորտ).
  • նախադպրոցական կրթության մանկապարտեզներ).
  • Սպորտի գործունեության (սպորտային լողավազաններ).
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման

ոլորտներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և վարձու աշխատողներին։ Հետևաբար վերջիններս ևս կարող են օգտվել տրամադրվող օժանդակությունից ։

Ավելին՝ հղումով և հղումով

 

Փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների իններորդ փաթեթում

Կառավարության որոշմամբ՝ լրացում է կատարվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների 9-րդ փաթեթում։ Սույն միջոցառման շրջանակում՝ միանվագ օգնություն է տրամադրվում կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Այժմ ընտանիքը միջոցառման շահառու է հանդիսանում նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. Մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Ավելին՝ հղումով և հղումով

 

Փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվոց միջոցառումների երրորդ փաթեթում

Կառավարության որոշմամբ՝ լրացումներ են կատարվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվող միջոցառումների 3-րդ փաթեթում։ Սույն միջոցառման շրջանակում՝ օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով (ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ): Այժմ ծրագրի շահառու են հանդիսանում նաև ներքոթվարկյալ ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները՝

  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն
  • շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն:

Ավելին՝ հղումով և հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

ՀՀ կենտրոնական բանկը` «կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» հարթակի անդամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, սկսած սույն թվականի ապրիլի 15-ից, պաշտոնապես հանդիսանում է «Կանաչ ֆինանսական համակարգի համագործակցության» միջազգային հեղինակավոր հարթակի լիիրավ անդամ:

Ավելին` հղումով

 

Արժեկտրոնների վճարումն արտարժույթով

Նոր օրինագծով առաջարկվում է թույլատրել արտարժույթով իրականացնել արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների, ռեպո պայմանագրերի և ածանցյալ ֆինանսական գործիքների գծով փոխանցումների վճարումը: «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողով է բերվել ապրիլի 14-ին:

Ավելին` հղումով

 

Բանկային և ծառայողական գաղտնիքները կբացահայտվեն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական փաթեթի շրջանակներում՝ ֆինանսական կազմակերպությունների վրա պարտականություն դրվեց, դատարանի որոշման հիման վրա, իրավասու մարմնին տրամադրել բանկային և ապահովագրական գաղտնիք կազմող և այլ ծառայողական տեղեկություններ: Փաթեթը Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ապրիլի 14-ին:

Ավելին`հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով, հղումով և հղումով

 

Վարկային համաձայնագրի վավերացում

Ապրիլի 17-ին Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Ավելին` հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիմնական միջոցների ամորտիզացիայի նոր ժամկետի սահմանում

Կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ըստ տարիների, սահմանվում է ոչ պակաս քան մեկ տարի: Նախագծով առաջարկվում է այս հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին՝ միայն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար: Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում։

Ավելին՝ հղումով

 

Հարկային պարտավորությունների մարման նոր կարգ

Առաջարկվում է հարկային պարտավորությունների մարումն իրականացնել այն հերթականությամբ, որոնց կատարման վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում: Այդ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների, այնուհետև՝ բոլոր տույժերի, որից հետո՝ բոլոր տուգանքների, վնասի հատուցման գումարները: Օրենքի փոփոխության նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում։

Ավելին՝ հղումով