Հաճախորդի շաբաթական ահազանգ #33

Download

Կառավարության որոշումներ

 

Վերջ եկամտահարկի վերադարձի օրենքին

2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է օրենքի փոփոխության նախագիծ, որով  առաջարկվում  է ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում (հասարակությանը ավելի հայտնի որպես «եկամտահարկի վերադարձի օրենք») կատարել փոփոխություններ, որով  հիպոտեկային վարկի սպասարկման համար անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը`

  1. 2022 թվականի հուլսի 1-ից հետո ստացած հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվելու, եթե անշարժ գույքը գտնվում է (կառուցվում է կամ կառուցվելու է) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,
  2. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացած հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվելու, եթե անշարժ գույքը գտնվում է (կառուցվում է կամ կառուցվելու է) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,
  3. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացած հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվելու, եթե անշարժ գույքը գտնվում է (կառուցվում է կամ կառուցվելու է) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում,
  4. 2025 թվականի հուվարի 1-ից հետո ստացած հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվելու, եթե անշարժ գույքը գտնվում է (կառուցվում է կամ կառուցվելու է) ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում չնշված գոտում:

ՀՀ ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման պարագայում օրենքը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:

Սակային այս սահմանափակումները չեն կիրառվելու մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդուն­ված որոշումներով ստաց­ված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուց­­վող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։

Ավելին` հղումով

 

Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշներ

2021 թվականի օգոստոսի 12-ին Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ Կառավարություն է ներկայացրել նախագիծ, որով սահմանում է օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի  293.1. հոդվածի՝ հատուկ չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Հարկային օրենսգրքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ։

Ըստ օրենքի նախագծի՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ԱԱՀ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից կոնկրետ ժամանակահատվածում իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար 8 չափանիշների միաժամանակյա բավարարման դեպքում, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Պետական աջակցություն նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուներին

2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ Կառավարությունը ընդունել է աջակցության ծրագիր ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի ընդունած գործատուներին ։

Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար՝ գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100,000 դրամի չափով և միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում:

Աջակցության տրամադրման կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: