Հաճախորդի շաբաթական ահազանգ # 31

Download

Խորհրդարանական նախագծեր

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենքի նախագիծ, համաձայն որի այսուհետ հասարակական կազմակերպություններն իրավունք կունենան դատարանում հանդես գալ հաշմանդամություն ունեցող իրենց շահառուների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության հարցերով։  

Նման պահանջներով դատարանում կարող են հանդես գալ այն կազմակերպությունները, որոնց  կանոնադրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը սահմանված է որպես նպատակ։

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿՐԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

Ազգային ժողովում շրջանառվում է օրենքի նախագիծ, որով ներդվում են աշխատակիցներ բաժնետիրացման մեխանիզմներ։

Մասնավորապես՝ Ընկերությունը կարող է կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի կողմից հաստատված աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կարգով իր աշխատակիցների միջև տեղաբաշխել ընկերության բաժնետոմսեր և այնպիսի ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել Ընկերության բաժնետոմսերով։

Աշխատակիցների բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները տեղաբաշխվում (տրամադրվում) են աշխատակիցների միջև վերջիններիս գրավոր համաձայնությամբ:

Աշխատակցի բաժնետոմսերը կամ ածանցյալ ֆինանսական գործիքները կարող են տրամադրվել առանց վճարի, իսկ բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է ընկերության համապատասխան տեսակի կամ դասի բաժնետոմսերի անվանական արժեքից ցածր լինել:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ

 Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ այսուհետ հին ու նոր (վաղ և ուշ) ուժի մեջ մտած օրենքների միջև հակասությունները լուծելիս կիրառվում է ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտը։ 

 Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմիցամբողջությամբ և մտել է ուժի մեջ։ 

 Ավելին՝ հղումով:

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։ 

Ավելին՝ հղումով:

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է շահութահարկից ազատել անձեռնմխելի կապիտալի ձևավորման և (կամ) համալրման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված դրամական միջոցների և պետական պարտատոմսերի արժեքի չափով, ինչպես նաև անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով:

Օրենքի փոփոխության նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ 19.04.2021թ.։

Ավելին՝ հղումով

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է եկամտային հարկի գումարները վերադարձնելուց հետո եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարել եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:

Օրենքի փոփոխության նախագիծը գտնվում է քննարկման փուլում հարկային մարմնում։

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

 ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման ներկայացնել էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ դրա բացակայության դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում տվյալ հարկ վճարողի լիազորի էլեկտրոնային փոստի հասցեին:

Օրենքի փոփոխության նախագիծը գտնվում է քննարկման փուլում հարկային մարմնում։

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է որպես հարկային հսկողության շրջանակներում hարկի հաշվարկման ճշտության ուսումնասիրության նպատակով արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակ նախատեսել թեմատիկ ուսումնասիրությունը:

Օրենքի փոփոխության նախագիծը գտնվում է քննարկման փուլում հարկային մարմնում։

Ավելին՝ հղումով

 

ԱԱՀ-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նոր կարգ, համաձայն որի՝ նախատեսվում է պետական բյուջեից փոխատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովում և ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում և այլն։ Օրենքի փոփոխության նախագիծը ընդգրկվել է ՀՀ ԱԺ օրակարգում։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐ

Այսուհետ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում բացված և փակված (այդ թվում՝ քննարկվող օրինագիծն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում փակված) բանկային հաշիվների, տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝ քննարկվող օրինագիծն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող 5 տարիների ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները համապատասխան առևտրային բանկերի կողմից կտրամադրվեն Կենտրոնական բանկին՝ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրում ներառվելու համար։ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից: Սույն թվականի մայիսի 4-ին նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։

Ավելին՝ հղումով

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» մասին ՀՀ օրենքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ցանկին կդասվեն ոչ միայն արտասահմանյան երկրում կամ տարածքում, այլև Հայաստանում պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձինք,

2) հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին և ներկայացուցիչներին կարգելվի այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման մասին,

3) օրենքի գործողության ոլորտում կհայտնվեն նաև տրաստը և օտարերկյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումները։ Ընդ որում, այդպիսի հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և նրա ինքնությունը ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) և իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի և նրանց լիազորությունների վերաբերյալ։

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը սույն թվականի մայիսի 4-ին ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։

Ավելին հղումով