Հաճախորդի շաբաթական ահազանգ # 29

Download

Խորհրդարանական նախագծեր

 

Փոփոխություններ ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Ազգային ժողովում շրջանառվում է նախագիծ, համաձայն որի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է։

Ընդ որում, օրինագծով նախատեսվում է, որ լիազորությունների կասեցումը խոչընդոտ չէ աշխատանքային պայմանագրի լուծման համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագրի լուծման՝ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հիմքերից մեկը:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ։

 

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ ՀՀ դատական օրենսգրքում

Ազգային ժողովի կողմից ընդունվել է նախագիծ, համաձայն որի՝ Բարձրագույն դատական խորհրդին տրվում է լիազորություն վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, կքննեն նաև առանձին բարդության գործեր, որի ցանկը նույնպես սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Նախագծով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրվել է իրավունք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմելու Բարձրագույն դատական խորհրդին, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման հիմք և պահպանված են օրենքով սահմանված ժամկետները։

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

 

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում

Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում սահմանվել է դատական սանկցիայի նոր տեսակ, այն է` որոշակի դատավարական իրավունքների իրականացման սահմանափակում:

Արդյունքում կարող է սահմանափակվել միջնորդություն հարուցելու, բացարկ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, վարույթի նյութերին ծանոթանալու և դրանցից ցանկացած տեղեկություն դուրս գրելու, ելույթի, պաշտպանից հրաժարվելու և պաշտպանի լիազորությունները դադարեցնելու իրավունքները։

Ըստ նախագծի նշված դատավարական իրավունքները կարող են սահմանափակվել, եթե անձը պարբերաբար չարաշահել է դրանք: Սահմանափակումը դրսևորվելու է դատարանի համապատասխան որոշման տեսքով, որով սահմանվելու են այդ իրավունքների իրականացման պայմանները:

Նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

 

Ավելին՝ հղումով