Հաճախորդի շաբաթական ահազանգ # 25

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծով նախատեսվում է ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը[1], բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:

Գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը:

Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ քրեական օրենգրքում

Քրեական օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համաձայն խստացվում են ռազմական դրության և պատերազմի ժամանակ կատարված մի շարք հանցագործությունների սանկցիաները,  մասնավորապես`

  • Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը (հոդված 3271)` 3-8 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 6-12 տարի,
  • Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը (հոդված 3272)` 6-12 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 8-15 տարի,
  • Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը (հոդված 3275)` առավելագույնը 1 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` առավելագույնը 3 տարի,
  • Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը (հոդված 3276)` 5-8 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 5-10 տարի,
  • Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը (հոդված 328)` առավելագույնը 4 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 1-5 տարի,
  • Հրաման չկատարելը (հոդված 356)` 5-15 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 8-15 տարի,
  • Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը (հոդված 361)` 3-8 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 6-12 տարի,
  • Դասալքությունը (հոդված 362)` 6-12 տարի ազատազրկման փոխարեն նախատեսվում է` 8-15 տարի:

Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

[1] Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում` գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով: