Հաճախորդի շաբաթական ահազանգ # 2

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Բանկերն ու վարկային կազմակերպությունները Ֆինանսական համակարգի հաշտարարին (ՖՀՀ) վճարելու են հավասարաչափ

ՀՀ օրենսդրության համաձայն Ֆինանսական համակարգի կազմակերպություններն պարտավորված են իրականացնել տարեկան պարտադիր վճարներ ՖՀՀ-ին։ Համապատասխանաբար՝ բանկերը վճարում են իրենց ակտիվների 0.01 տոկոսը, իսկ վարկային կազմակերպությունները՝ 0.07 տոկոսը։ Նախագծով առաջարկվում է երկուսի համար էլ սահմանել նույնական տոկոս՝ 0.01:

Ավելին՝ հղումով

 

Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ևս կարող են դիմել ՖՀՀ-ին

Ներկայումս ՖՀՀ-ին կարող են դիմել միայն ֆիզիական անձինք: Նախագծով առաջարկվում է ընդլայնել ՖՀՀ-ի դիմումատուների շրջանակը՝ այդպիսի հնարավորություն տրամադրելով նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

Ավելին՝ հղումով

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր իրավասությունները

Եթե Դուք հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ եք, ապա հնարավոր է, որ այսուհետ Ձեր գաղտնի տեղեկատվությունը հասանելի դառնա Կոտուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ «Գաղտնի տեղեկատվություն» հասկացությունը, մասնավորապես, ներառում է բանկային և ապահովագրական գաղտնիքները, Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, վարկային տեղեկատվությունը և վարկային պատմությունը։ Մարտի 5-ին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեցլ է Ազգային ժողովի կողմից։

Ավելին՝ հղումով

 

Կրեդիտավորման պայմանագիր կնքելու ժամային սահմանափակում

Մեկ այլ նախագծով առաջարկվում է արգելել սպառողական կրեդիտավորման պայմանագրի կնքումը ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում: «Սպառողական կրեդիտավորման մասի» օրենքում լրացում կատարելու նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի մարտի 5-ին։

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Սպառողական կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափ

Սպառողական կրեդիտավորման ոլորտում առաջարկվում է սահմանել տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն շեմ։ Վերջինս չի կարող գերազանցել պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար, և վեցապատիկը՝ վարկային կազմակերպությունների և գրավատների համար: Նման կարգավորմամաբ հնարավոր կլինի վերահսկել ֆինանսկան ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները, որոնք շատ հաճախ անհասկանալի և անհիմն բարձր են։ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում սույն օրենսդրական փոփոխության նախագիծը հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից և կքննարկվի ՀՀ Ազգային Ժողովում։ 

Ավելին՝ հղումով

 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

 

ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը ոչ նյութական վնասի հատուցման մասին

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հաստատման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման առավելագույն սահմանաչափը կարող է բացառիկ դեպքերում գերազանցվել, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Սահմանադրական դատարանը նշել է, որ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հաստատված ցանկացած դեպք ինքնին բացառիկ է և դրա «արտասովորությունը» հիմնավորելու լրացուցիչ պարտականություն անձի համար չի կարող նախատեսվել։ «Բացառիկ դեպքերում» բառակապակցության ամրագրումը վերջինիս կողմից ճանաչվել է հակասահմանադրական։ Իսկ «ծանր հետևանքներ» հասկացությունն, ըստ Սահմանադրական դատարանի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է գնահատման դատարանի կողմից՝ հիմնվելով կոնկրետ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծության վրա: Այսինքն, պատճառված վնասի արդյունքում առաջացած հետևանքների ծանր լինել կամ չլինելը յուրաքանչյուր գործով որոշում է գործը քննող դատարանը։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ


Տոկոսները կհաշվեգրվեն ավանդի բոլոր օրերի համար

Քաղաքացիական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների ուժով բանկային ավանդների տոկոսները հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելու, այլ ոչ թե դրան հաջորդող օրվանից։ Մարտի 3-ին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում։

Ավելին՝ հղումով

 

Սպառողական կրեդիտավորման օրենսդրության այլ սպասվող փոփոխություններ 

Սպառողական կրեդիտների գովազդը թույլատրելի կլինի բացառությամբ կրեդիտավորողի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցի էջում բջջային հավելվածում և գործունեության սրահների ներսում: Գովազդը չպետք է տարեկան տոկոսադրույքի վերաբերյալ որևէ շփոթեցնող կամ մոլորեցնող տեղեկատվություն պարունակի ։ Կենտրոնական բանկը կսահմանի մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար պարտադիր պահանջներ։ Բանկերին և վարկային կազմակերպություններին կարգելվի ֆինանսական ծառայություններ մատուցել իրենց մասնաճյուղերի տարածքներից դուրս։ Վերոնշյալ փոփոխությունների նախագծերը գտնվում են Ազգային ժողովում։

Ավելին՝ հղումով: հղումով: հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ


Նոր պարտավորություններ փոխկապակցված հարկ վճարողների համար

Հարկային օրենսդրության նոր կարգավորումներով, փոխկապակցված հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտը, ում հարկային տարվա ընթացքում կատարված գործարքների ընդհանուր արժեքը գերազանցում է 200 միլիոն դրամը,կունենա նոր պարտավորություններ։ Քանի որ այսուհետ նման գործարքների նկատմամբ կկիրառվեն տրանսֆերային գնագոյացման կանոնները, տնտեսվարող սուբյեկտը պարտավովրված կլինի այս գործարքների վերաբերյալ ծանուցում ներկայացնել հարկային մարմին։ Այս կարգավորումները ՀՀ-ում գործում են 2020 թվականի հունվարի 1-ից:

Ավելին՝ հղումով