Հաճախորդի շաբաթական ահազանգ # 18

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Բարենպաստ վարչական ակտի վիճարկումն այլևս դրա կատրման կասեցման հիմք չէ

Այսուհետ բարենպաստ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից այն վիճարկելը, ակտի կատարման կասեցման հիմք չէ։ Վերոնշյալ կարգավորման ուժի մեջ մտնելու պահից բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնա կիորեն վերացնելու պահանջով հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները համարվում են վերացած։

Բացառություն են կազմում սույն կարգավորման ուժի մեջ մտնելու պահին ավարտված գործերով դատական ակտերի բողոքարկման և վերաքննության կամ վճռաբեկության կարգով նման գործերի քննության դեպքերը։

Օրենքի նախագիծն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ուրած ենք նաև նշել, որ ԹիՔեյ ընդ Փարթներսն իր ներդրումն է ունեցել փոփոխությունների օրենսդրական փաթեթի նախաձեռնման և  նախագծման գործում։

Ավելին՝ հղումով

 

Տեսալսողական մեդիա

Այսուհետ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների և օպերատորների կարգավիճակը, հեղինակազորման, լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ներկայացման կարգը, ինչպես նաև համապատասխան սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները կկարգավորվեն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով։

Օրենքի ուժի մեջ մտնելու պահից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կճանաչվի ուժը կորցրած։

Օրենքի նախագիծն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, (այսուհետ՝ «Նախագիծ»), որով առաջարկվում է դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի գործող դրույքաչափերն ավելացնել միջինում մինչև 4 անգամ։

Նախագծում սահմանված կարգավորումների անհրաժեշտությունը ՀՀ արդարադատության նախարարութունը պայմանավորում է սոցիալ-տնտեսական ցուցանիշների և արդարադատության իրականացման ծախսերի աճով։ 

Ավելին՝ հղումով

 

Պարտադիր կուտակային հատկացումների նոր կարգ` այս ամսվա հուլիսի 1-ից

Այս ամսվա հուլիսի 1-ից գործատուների այն աշխատակիցների համար, որոնց ամսական աշխատավարձը կազմում է 500,000 դրամից ավել, կգործի կուտակային կենսաթոշակային վճարների նոր կարգ:

Մասնավորապես, այդ աշխատակիցները պետք է ամսական կուտակեն իրենց աշխատավարձի 10%-ի և 37,500 դրամի տարբերության չափով գումար, սակայն ոչ ավել քան 64,500 դրամ: Այս հաշվարկի մեջ 37,500 դրամ գումարը վճարում է պետությունը, իսկ 64,500 դրամը բխում է այն առավելագույն շեմից, ըստ որի նվազագույն աշխատավարձի 15-պատկից (68,000 X 15=1,020,000, որից 10%-ը կազմում է 102,000 դրամ) ավել մասի համար կուտակային պարտադիր հատկացումներ չեն լինում (102,000 – 37,500= 64,500):

Այս կարգը կգործի մինչև այս տարվա ավարտը:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքները

Կենտրոնական բանկի խորհուրդը իր սույն թվականի հուլիսի 17-ի նիստում ընդունել է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերը» կանոնակարգ 10/32-ը, որով պարտադիր կենսաթոշակային ֆոնդերին թույլատրվում է իրենց ակտիվները հեջավորման նպատակով ներդրնել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված բոլոր տեսակների ածանցյալ ֆինանսական գործիքներում։ Ընդ որում՝  ածանցյալ ֆինանսական գործիքում ներդրումը համարվում է հեջավորման նպատակով իրականացված, եթե

1) ուղղված է ֆոնդի ներդրումների կառավարման հետ կապված ռիսկերի ամբողջությամբ կամ մասնակի նվազեցմանը,

2) առկա է անմիջական կապ հեջավորվող օբյեկտի (ռիսկի) և ածանցյալ ֆինանսական գործիքի միջև, և

3) բխում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունից, այդ թվում՝ կապված է ֆոնդում ներառված ակտիվների հետ կամ այն ակտիվների հետ, որոնցում ֆոնդը նախատեսում է ներդրումներ իրականացնել։  

Ինչ վերաբերում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների կողմերին, ապա այդպիսիք կարող են լինել.

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները,

2) Միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում՝ այս կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի 39-րդ հոդվածի 15-րդ մասով բանկերի համար սահմանված գործարքի չափերը,

3) Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները, որոնք առնվազն ունեն Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ», Մուդիզի «Բաա» խմբի` «Բաա3» կամ Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` «ԲԲԲ» վարկանիշ։

Ընդ որում՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնք ենթակա չեն լիցենզավորման և/կամ վերահսկողության որևէ պետությունում և հանդիսանում են միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված միջազգային կազմակերպություն, չի հանդիսանում արտասահմանյան պետությունում կատարված ներդրում։

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի պաշտոնական պարզաբանումը

Բացի Կանոնոկարգ 10/32-ից, Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների մասին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 15-րդ, 68-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը։ Այնտեղ տեղ գտած հիմնական մեկնաբանությունները հետևյալն են.

  • կենսաթոշակային ֆոնդերի արտարժութային ռիսկի հեջավորման նպատակով կնքվող արժութային սվոփերը պետք է համարել արտասահմանյան արժույթով ներդրում և հաշվի առնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ այդպիսի նեերդրումների սահմանաչափը հաշվարկելիս,
  • «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 39-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված՝ մեկ անձի հետ կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված սահմանաչափի հաշվարկման համար անհրաժեշտ է հիմք ընդունել սվոփ գործիքի վերագնահատված արժեքը, իսկ բոլոր ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված սահմանաչափի հաշվարկման համար՝ սվոփ գործիքի հիմքում ընկած ակտիվի շուկայական արժեքը,
  • «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կենսաթոշակային ֆոնդի ակտիվների գրավադրման արգելքը չի տարածվում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին Սվոփերի և ածանցյալների միջազգային ասոցիացիայի Գլխավոր համաձայնագրի հավելված հանդիսացող Ապահովության պայմանագիր կնքելու դեպքերի վրա։

 

Ուրախ ենք հայտնել, որ թե՛ Կանոնակարգը և թե՛ պաշտոնական պարզաբանումն ընդունվել են մեր իրավաբանական գրասենյակի ակտիվ ջանքերի շնորհիվ։

 

Կապիտալ շուկայի զարգացման ծրագիր

Հուլիսի 16-ի նիստում Կառավարությունը հաստատել է Կապիտալ շուկայի զարգացման ծրագիրը, որի նպատակներից են կապիտալ շուկայի զարգացման ուղղությունների որոշումը և խնդիրների վերհանումը։ Փաստաթղթի առաջին մասում ներկայացված է կապիտալ շուկայի մանրամասն վերլուծությունը՝ շուկայի զարգացման անհրաժեշտությունը, առաջարկվող գործիքները և դրանց շուկաները, շուկայի պահանջարկը և ենթակառուցվածքը։ Երկրորդ մասը կենտրոնանում է կապիտալ շուկայի զարգացման ռազմավարական ուղղությունների վրա։

Ավելին՝ այստեղ