Հաճախորդի շաբաթական ահազանգ # 17

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Աշխատակիցների բաժնետիրացման վերաբերյալ նոր կարգավորում

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել նոր կարգավորում, որով բաժնետիրական ընկերությունն իր մեկ կամ ավելի աշխատակիցներին կարող է տրամադրել բաժնետոմսեր (Employee Share Option Plans)։

Վերջինիս նպատակը կոչված է ձեռնարկությունների աշխատակիցներին բաժնետիրացնելուն:

Աշխատակիցների բաժնետիրացման միջոցով ձեռնարկությունները կարողանում են մի կողմից մոտիվացնել իրենց աշխատակիցներին, մյուս կողմից բաժնետիրական կապիտալը բազմազանեցնել:

Աշխատակցի բաժնետոմսը կարող է նույնիսկ տրամադրվել անվճար կամ դրա դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել: Աշխատանքային հարաբերությունների ընթացքում Ընկերությունը կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի կարևորության մասին բարձրաձայնել և նախագիծը մշակել է մեր ընկերությունը։

Նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում, սակայն ներկայացվել է ԱԺ նախագահին և շուտով կքննարկվի։

Ավելին՝ հղումով, հղումով, հղումով

 

Endowment Fund-եր և հակային արտոնություններ

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի  համաձայն (Endowment Funds Law)՝ անձեռնմխելի կապիտալ է համարվում հիմնադրամի ակտիվների համախումբը, որը ձևավորվում է նվիրատուների տրամադրած՝ սույն օրենքով թույլատրելի գույքից և չի կարող ծախսվել կամ օտարվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված ներդրումներ իրականացնելով՝ հանգեցնելով դրա նվազմանը։

Նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներում ավելացնել նաև հետևյալ գործքարքները.

  • անձեռնմխելի կապիտալի ձևավորման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին դրամական միջոցների և պետական պարտատոմսերի փոխանցումը,
  • անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը։

Նախատեսվում է շահութահարկի վճարումից ազատել հետևյալ գործարքները.

  • անձեռնմխելի կապիտալի ձևավորման նպատակով անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներին փոխանցված դրամական միջոցների և պետական պարտատոմսերի արժեքի չափով,
  • անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափով:

Նախագիծը դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի օրակարգում սակայն ներկայացվել է ԱԺ նախագահին և շուտով կքննարկվի։

Ավելին՝ հղումով

 

Անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր կարգ

Հունիսի 22-ին շրջանառված՝ Հաճախորդի շաբաթական ահազանգում մենք անդրադարձ ենք կատարել անշարժ գույքի հարկի հաշվարկման գործող կարգի փոփոխությանը:

Հիշեցնենք, որ նոր կարգավորմամբ գույքահարկը հաշվարկվելու է հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։ Հարկի չափը ձևավորվելու է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգի հիման վրա։ Նախատեսվում է հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում և համակարգն ամբողջությամբ ներդնել 2024 թվականից:

Հունիսի 23-ին օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Ավելին՝ հղումով

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ

միջոցառումը

ՀՀ կառավարության կողմից 25.06.2020 թվականին կայացած նիստի ընթացքում ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառման փաթեթը։  Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ որոշակի տեսակի ոլորտների աշխատակիցների), 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։

Ավելին՝ այստեղ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Endowment Fund-երի վերաբերյալ օրենսդրության ծնունդը

Օրենսդրական նոր փաթեթով առաջարկվում է մանրամասն կարգավորման ենթարկել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների (ԱԿՀ կամ միջազգայնորեն ընդունված տերմինաբանությամբ՝ Endowment Fund) իրավական կարգավիճակը, ինչպես նաև դրանց կապիտալի ձևավորման, համալրման, կառավարման և եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Այսպես, ԱԿՀ-ները ստեղծվում են կրթության, գիտության, նորարարության և այլ հանրօգուտ բնագավառներում գործունեություն իրականացնելու համար, և անձեռնմխելի կապիտալը կարող է ուղղվել բացառապես այդ ոլորտներին։ Կանոնադրությամբ սահմանված նպատակների առանձնացված կառավարում ապահովելու նպատակով մեկ հիմնադարամը կարող է ունենալ մեկից ավելի անձեռնմխելի կապիտալներ։

Առաջարկվում է, որ ԱԿՀ-ներն ազատ լինեն իրնեն իրենց ներդրումային քաղաքականություն­ների մշակման և ներդրումային գործիքների ընտրության հարցում։ Այս առումով կարևոր է նաև շեշտել, որ ներդրումային գործիքների որևէ սահմանափակում չի նախատեսվում։ ԱԿՀ-ները կարող են ներդրումներ կատարել բոլոր այն գործիքներում, որոնցում ներդրումների կատարումը թույլատրված է ներդրումային ֆոնդերին։ Վերջապես, անձեռնմխելի կապիտալի ձևավորման և (կամ) համալրման նպատակով ԱԿՀ-ներին դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների և պետական պարտատոմսերի փոխանցումը և անձեռնմխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը ազատվում են ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, իսկ ԱԿՀ-ներից ստացվող գույքը և դրամական միջոցները ենթական չեն հարկման եկամտային հարկով։ Օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողով են ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ   սույն թվականի հունիսի 23-ին։

Ավելին՝ այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ

 

Դատական պրակտիկա

 

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների 1-ին հոդվածները հակասահմանադրական են ճանաչվել

Բանկային գաղտնիքի ոլորտում 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից ուղարկվել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարցը պարզելու համար։

Վիճարկվող օրենսդրական դրույթների համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցագործությունների առիթով հարուցված քրեական գործի շրջանակում քրեական հետապնդում իրականացնող մարմինները իրավունք էին ստանում դատարարանի որոշման հիման վրա խուզարկությամբ կամ առգրավմամբ  կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 18-ին վիճարկվող օրենքը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:

Ավելին՝ այստեղ

 

ՀՀ սահմանադրական փոփոխություններ

2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը ընտրված ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է։

Ըստ այս փոփոխութունների ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ պաշտոնավարումը Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի ՍԴ դատավորի պաշտոնավարումը դադարում է։ Ինչպես նաև, նույն փոփոխությունների համաձայն՝ դադարում է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարումը։

Վերոգրյալ սահմանադրական փոփոխությունները առաջացրել են բավականին հակասական կարծիքներ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում։

Ավելին՝ այստեղ