Հաճախորդի շաբաթական ահազանգ # 13

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱ­ՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Հաշվի տիրոջ ՀՀ-ում լինելը կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու

Առաջարկվում է, որ  հաճախորդի (հաշվի տիրոջ) ՀՀ-ում լինելը հաստատվի նաև բանկի կողմից` առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու: Օրինագիծն ընդգրկվել է հերթական նիստերի օրակարգ:

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

27.05.2020 թվականին կայացած Կառավարության նիստի   ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման փաթեթը։ Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին   հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը՝ մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:  Ուստի միջոցառման շրջանակներում ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով փորձ կարվի նպատել «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, ինչպես նաև շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը։ Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից։

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ և լրացումներ վարչական դատավարության օրենսգրքում

27.05.2020 թվականին կայացած Կառավարության նիստի   ընթացքում հաստատվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ներկայումս թե վարչական ակտի վերաբերյալ վարչական բողոք ներկայացնելը և թե վիճարկման հայց ներկայացնելը հանգեցնում են վարչական ակտի կատարման կասեցման։ Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։ Դրա փոխարեն վարչական դատարանը հայցվորի միջնորդությամբ գործի քննության ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել նշված վարչական ակտի կատարումը՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կարգով։

Նշենք նաև որ այս նախագիծը կյանքի է կոչվել ԹիՔեյ ընդ Փարթներսի և ՀՀ արդարադատության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ:

Ավելին՝ հղումով

 

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում

2020 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ վարչապետի կողմից հայտարարվել է Հայստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին։

Մենք կհետևենք սույն նախաձեռնության հետագա զարգացմանը և իրավական ձևակերպման գործընթացին՝ մեր հաճախորներին դրա մասին տեղեկացնելով մեր հետագա ահազանգներում։