Հաճախորդի շաբաթական ահազանգ # 12

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու կանոնների խախտման համար տուգանքի չափը նվազեցվել է

Այսուհետ արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները և պահանջները խախտելու դեպքում տուգանքը կազմելու է 10.000 ՀՀ դրամ: Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

Օրենսդրական ծավալուն փոփոխություններ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից նախաձեռնված օրենսդրական բարեփոխումների փաթեթի շրջանակում նախատեսվում են մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացման արդյունքում կնախատեսվեն՝

  • վարչական իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները,
  • վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն,
  • վարչական իրավախախտման վարույթը վերսկսելու հնարավորություն այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է Հանձնաժողովի կողմից տուգանքի չափը որոշելու հայեցողության ոչ իրավաչափ իրականացնելու հանգամանքը,
  • Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ և Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն,
  • Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը,շտուգանքների կիրառման մեխանիզմ և Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության չափանիշներ սահմանելու հնարավորություն,
  • անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ,
  • ստուգումներ իրականացնող անձանց համար տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն,

Հանձնաժողովի որոշմամբ ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու հնարավորություն։

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

Ածանցյալ ֆինանսական գործիքների գծով արտարժույթով վճարումներ (փոխանցումներ) 

2020 թվականի մայիսի 21-ին հաստատված նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանում Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների գծով տոկոսագումարների, արտարժութային պարտատոմսերի, արտարժույթով արտահայտված արժեթղթի, արտարժույթի կամ տոկոսադրույքի հետ կապված ածանցյալ ֆինանսական գործարքների և ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները) արտարժույթով։     

Ավելին՝ հղումով

 

Փոփոխություններ երաշխավորի ինստիտուտում

2020 թվականի մայիսի 21-ին հաստատված նախագծով առաջարկվում է իմպերատիվ կերպով սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պետք է կրի սուբսիդիար (լրացուցիչ) պատասխանատվություն՝ բացառությամբ խիստ սահմանափակ դեպքերի։ Միաժամանակ առաջարկվում է սպառիչ ցանկով սահմանել, թե որ պայմանները սպառելուց հետո միայն կարելի է պահանջ ներկայացնել երաշխավորի դեմ:

Ավելին՝ հղումով

 

Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիր

Հաշվի առնելով COVID-19 համաճարակի  հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել   ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումների իրականացմանը: Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպությունների առկա և հնարավոր ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պետության մասնակցությունը («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ») ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդում՝ ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։

Առաջարկվում է դիտարկել մինչև 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամ։

Տվյալ միջոցառման իրականացման համար հիմք է ընդունվել նաև մեր կողմից Կառավարությանը ներկայացված հայեցակարգն ու  իրավաբանական ակնարկը։

Ավելին` հղումով

 

Ֆինանսական ոլորտ

 

Ֆիզիկական անձանց ավանդների հատուցման սահմանաչափերի բարձրացում և օրենսդրության միասնականացում

Սույն թվականի ապրիլի 27-ին շրջանառված Հաճախորդի ահազանգում մենք անդրադարձ ենք կատարել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամանվորների կողմից Ազգային ժողով ներկայացված` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց ավանդների հատուցման առավելագույն սահմանաչափը դարձնել տասնվեց միլիոն դրամ դրամային ավանդների և յոթ միլիոն դրամ` արտարժութային ավանդների դեպքում (գործող տասը միլիոն և հինգ միլիոն դրամի փոխարեն): Ձգտելով ապահովել կարգավորումների միասնականությունը` սույն թվականի մայիսի 23-ին խմբակցությունը ներկայացրել է նաև «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հատուցման սահմանաչափերը համապատասխանաբար փոփոխել նաև նշված օրենքի` բանկի սնանկության դեպքում բանկային պարտավորությունների մարման հերթականությունը սահմանող 31-րդ հոդվածում: Նշենք նաև, որ նախագծերը դեռևս ընդգրկված չեն նիստերի օրակարգում:

Ավելին` հղումով

 

հարկային օրենսդրութ­յուն

 

Չծանուցվող գործունեությունների իրականացման դեպքում ՀԴՄ-ով արտացոլվող գործարքների սահմանափակման բացառում

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ծանուցվող և չծանուցվող բոլոր գործունեությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլվող գործարքների սահմանափակումը։ Վերոնշյալ սահմանափակումը պայմանավորված էր նախկին ՀԴՄ-ների սահմանափակ հնարավորություններով, որոնցից էին ապրանքի անվանումը, դիրքը, կոդը չներկայացնելը, ինչը ներկայումս հնարավոր է առանձնացնել՝ ՀԴՄ-ների նոր՝ տեղեկատվության հավաքագրման գործառույթի շնորհիվ։ Օրենքի փոփոխության նախագիծը հաստատվել է Կառավարության կողմից, սակայն դեռևս ընդգրկված չէ Ազգային ժողովի նիստերի օրակարգում։

Ավելին՝ հղումով