Հաճախորդի շաբաթական ահազանգ # 10

Download

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի վճարների կատարման փոփոխություն

Նախագծով առաջարկվում է երրորդ երկրներից ՀՀ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող սննդամթերքի և դեղորայքի համար գանձվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգել մինչև այդ ապրանքների իրացման փուլ՝ հաշվի առնելով տվյալ ապրանքների արագ իրացվելիությունը: Առաջարկվող փոփոխության գործողության ժամկետը նախատեսվում է սահմանել մինչև 2021թ-ի դեկտեմբերի 31-ը: Օրենքի փոփոխության նախագիծը ներառված չէ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում։  

Ավելին՝ հղումով

 

Ֆինանսական լիզինգի և դրանից բխող կարգավորումների փոփոխություններ

Նախագծով առաջարկվում է`

  • սահմանել և հստակեցնել լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը:
  • ապահովել միասնական մոտեցում գործընթացի բոլոր մասնակիցների համար, մասնավորապես հաշվառման մեթոդաբանության մասով՝ թե Լիզինգատուի, թե Լիզինգառուի և թե Մատակարար ընկերության մոտ։
  • լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների գույքահարկի և վարչական տուգանքների գումարների վճարումն իրականացնել Լիզինգառուի հաշվառման վայրում, այլ ոչ թե Լիզինգատուի, ինչ կարող է նպաստել համայնքների եկամուտների աճին:

Օրենքի փոփոխության նախագիծը ընդունվել է  առաջին ընթերցմամբ։

Ավելին՝ հղումով

 

Մտավոր սեփականության պահպանվող օբյեկտների ֆրանչայզինգը գրանցվելու է լիազոր պետական մարմնում

Այսուհետ մտավոր սեփականության պահպանվող օբյեկտների ֆրանչայզինգի դեպքում տրամադրվող իրավունքը գրանցվելու և դադարեցվելու լիազոր մարմնի (Մտավոր սեփականության գործակալութուն) կողմից:  Օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Ավելին՝ հղումով

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Փոփոխություններ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրում

ՀՀ կառավարության կողմից ընդունված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ տրամադրվող վարկերի պայմաններում կատարվել են փոփոխություններ։ Այսուհետ վարկերը տրամադրվելու են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, իսկ մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում՝ մինչև 13 տոկոս փաստացի տոկոսադրույքով։ Ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ, մասնավորապես կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն վճարներ, չեն գանձվելու։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակի ընդլայնում

Այսուհետ ֆինանսական համակարգի հաշտարարին կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև միկրոձեռնարկատիրության սուբեկտ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ «Ֆինանսական համակարգի հաշ- տարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի մայիսի 5-ի նիստում ներկայացվել է երկրորդ ընթերցման։

Ավելին՝ հղումով

 

Լիզինգի ինստիտուտի փոփոխություններ

Լիզինգի ինստիտուտը կարող է ենթարկվել զգալի փոփոխությունների, որոնցից ամենաէականը հանգում է հետադարձ լիզինգ և երկրորդային լիզինգ հասկացությունների օրենսդրական ամրագրմանը։ Մասնավորապես, հետադարձ լիզինգը ենթադրում է լիզինգառուի ժամանակավոր օգտագործմանը և տիրապետմանը  հանձնել հենց նրանից ձեռք բերված գույք, իսկ երկրորդային լիզինգը լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման արդյունքում լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը։  Մայիսի 6-ին Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։

Ավելին հետևյալ հղումներով՝ հղում, հղում, հղում, հղում, հղում, հղում

 

ՀԱՆՐԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Կարգավորվող սակագների հաշվարկման նոր մեթոդիկան գազամատակարարման համակարգում

Մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվելու է որոշման նախագիծ, որով նախատեսվում է գազամատակարարման համակարգում ներդնել խթանիչ սակագնային կարգավորումներ՝ պայմաններ ստեղծելով նաև համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացման համար։

Մասնավորապես, նախագծով 2020 թվականից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրվում է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։ Հնգամյա ժամանակահատվածների ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվելու ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերն են ենթարկվելու գնաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը՝ յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտին սահմանելով թիրախային ցուցանիշներ, ինչպես նաև ամրագրելով անհրաժեշտ ներդրումների ծավալը: Այս մոտեցումը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի ընկերությունները յուրաքանչյուր 5-ամյա ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ 5-ամյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

Ավելին՝ հղումով