Հաճախորդի շաբաթական ահազանգ #1

Download

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ստուգման նոր տեսակ

Հայաստանի Հանրապետությունում շուտով կարող է ներդրվել հանկարծահաս ստուգումների ինստիտուտը: Սրա շնորհիվ, իրավասու մարմինները հնարավորություն կունենան, օրենսդրությամբ նախատեսված որոշակի նախադրյալների առկայության պայմաններում, իրականացնել հանկարծահաս ստուգումներ՝ առանց տնտեսվարող սուբյեկտներին նախօրոք զգուշացնելու։ Ստուգումների այս տեսակը կներդրվի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ու կանխարգելման իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով։ Օրեսդրական բարեփոխումը նախաձեռնվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից և դեռևս գտնվում են նախնական մշակման փուլում։

Ավելին՝ հղումով

 

Թիրախավորված շուկաների բարեփոխման նախաձեռնություն

2020 թվականի ընթացքում կիրականացվի առնվազն 10 ապրանքային շուկաների լայնածավալ ուսումնասիրություն։ Դրանք կկազմակերպվեն սեփականատերերին և իրական շահառուներին բացահայտելու, հնարավոր չարաշահումները կանխարգելելու, օրենսդրական բացերը վերհանելու և նոր կարգավորումներ մշակելու նպատակով։ Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն կատարված է։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պաշտոնապես սկսել է հանքարդյունաբերության, մեդիա և օնլայն գովազդի, ինչպես նաև դեղերի շուկաների ուսումնասիրությունը

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Էներգետիկայի ոլորտում գործող ընկերությունների իրական շահառուների բացահայտում

Շրջանառվող օրենսդրական նախաձեռնության ընդունվելու արդյունքում էլեկտրական և/կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք կպարտավորվեն իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք ներկայացնել պետական իրավասու մարմնին։ Եթե պետությունը հայտնաբերում է նման տեղեկատվություն չներկայացնելու դեպք, ապա լիցենզիա ունեցող անձը ունի 10 օր այդ տեղեկատվությունը ներկայացնելու համար, հակառակ պարագայում լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել։ Ավելին, մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում, գործող լիցենզիան կարող է դադարեցվել։ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում այս փոփոխությունները կատարելու մասին նախագիծը նախատեսվում է քննարկել ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանում։

Ավելին՝ հղումով

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ավելի բարձր պետական տուրքի դրույքաչափեր ֆինանսական կազմակերպությունների համար

Այսուհետ, ֆինանսական կազմակերպությունները, անհրաժեշտ լիցենզիաներ ձեռքբերելիս, կվճարեն պետական տուրքը ավելի բարձր դրույքաչափով։ Կազմակերպությունների ցանկում ներառված են բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները։ Ընդ որում, յուրաքանչյուր մասնաճյուղի կամ ներկայացուցչության համար պետական տուրքի չափը սահմանվում է առանձին։ Սույն կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից։

Ավելին՝ հղումով  

 

Հարկային փոփոխություն հօգուտ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների

Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահաբաժնի նկատմամբ հաշվարկվում է 5% շահութահարկ։ Նախորդ տարիներին այն հաշվարկվել է 10% դրույքաչափով։ Սույն կարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից։

 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

 

Համապատասխան ընթացակարգերի պահպանման կարևորությունը

Իրավաբանական անձին դատավարական փաստաթղթերը կհամարվեն պատշաճ հանձնված, եթե հանձնվել են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին, փոստային անդորրագիրը պարունակում է իրավաբանական անձի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի` անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը, ինչպես նաև նշված անձի ստորագրությունը:

Այն դեպքում, երբ վերոնշյալ երկու պայմանները պահպանված չեն, հետադարձ ծանուցման փոստային անդորրագիրը չի կարող համարվել ծանուցման մասին պատշաճ ապացույց։

Ավելին՝ հղումով

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԾԵՐ

 

Խախտումներն այլևս չեն կարող թաքցվել

ՀՀ կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլում հրապարակում է բանկերի նկատմամբ անպարտաճանաչ պարտապանների ցանկը: Ներկայումս Կառավարությունն առաջարկում է վերացնել տվյալ դրույթը։ Համապատասխան օրինագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովում:

Ավելին՝ հղումով

 

Ապահովված իրավունքների նկարագրություն

Ներկայումս, պայմանագրերում ապահովված իրավունքի նկարագրությունը կարող է լինել ընդհանուր կամ որոշակի: Ցայսօր, ընդհանուր նկարագրություններն օրենսդրությամբ սահմանված չէին: Այդուամենայնիվ, առաջիկա հնարավոր փոփոխությունների շնորհիվ, ապահովված իրավունքների ընդհանուր նկարագրությունը պետք է պարունակի գույքի անվանումը և ընդհանուր գինը (եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով): Այդուհանդերձ, ապահովված իրավունքների ընդհանուր նկարագրությունը չպետք է կիրառելի լինի այն դեպքերում, երբ երկու կողմերը սպառողներ են և ձեռնարկատերեր չհանդիսացող անձինք:

Ավելին`հղումով

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

 

ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև գաղտնի ֆինանսական տեղեկատվության փոխանակում

Մոտ ժամանակներս, հնարավոր կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող իրավասու մարմինների միջև իրականացնել ֆինանսական տեղեկատվության (այդ թվում՝ գաղտնի (կոնֆիդենցիալ) տեղեկատվության) փոխանակում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համապատասխան արձանագրության վավերացման մասին համաձայնագրին և այն ուղարկել ՀՀ սահմանադրական դատարան՝ համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով։

Ավելին՝ հղումով

 

ՀԴՄ-ների հետ վարվելակերպի նոր կարգը

Առաջարկվում է, հարկային օրենսդրությամբ սահմանել է նոր կարգ, որի համաձայն տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ձեռնարկել որոշակի գործողություններ ՀԴՄ սարքերի անսարքության դեպքում: Նման դեպքերում տնտեսվարող սուբյեկտի առաջին քայլը պետք է լինի անսարքության բացահայտումից հետո երեք ժամվա ընթացքում սպասարկման կենտրոն դիմելը։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հարկային օրենսդրության մեջ տվյալ կարգի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով։

Ավելին՝ հղումով

 

Հանցագործությունների մասին նախազգուշացում՝ «ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը»

Նախագծով քրեականացվելու է անձի՝ ծնողական իրավունքներից հրաժարվելու մղումը կամ հարկադրանքը՝ համոզելու, խաբելու, վստահությունը չարաշահելու կամ խոցելի դիրքը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի կամ այլ միջոցներով։

Այս օրենսդրական նախաձեռնությունը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Նախագիծն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով։

Ավելին՝ հղումով

 

Նոր սահմանաչափ չվճարված հարկերի վերաբերյալ արգելքի կիրառման համար

Կներդրվի նոր սահմանաչափ չկատարված հարկային պարտավորությունները չմարելու նպատակով անհրաժեշտ գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու ենթադրության դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելիս։ Նվազագույն սահմանաչափը կդառնա առնվազն 500 հազար ՀՀ դրամ։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին և այն ուղարկել ՀՀ Ազգային ժողով։

Ավելին՝ հղումով

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Կանխիկ գործարքների վերջը

Հնարավոր է, որ շուտով Հայաստանի Հանրապետությունում անհատների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների գործունեության նկատմամբ կիրառվեն կանխիկի օգտագործման սահմանփակումներ։ Մասնավորապես, նախատեսվում է 2020թ. կանխիկ վճարումների առավելագույն չափը սահմանել 2,000,000 ՀՀԴ, 2021թ. հունվարի 1-ից սկսած՝ 1,000,000 ՀՀԴ, իսկ 2022թ. հունվարի 1-ից սկսած՝ 300,000 ՀՀԴ։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը նախաձեռնել է ՀՀ կենտրոնական բանկը։

Ավելին՝ հղումով

 

Արտարժույթի դիլեր-բրոքերների լիցենզավորումն այլևս անհրաժեշտ չէ

Արտարժույթի դիլեր-բրոքերները կարող են այլևս պարտավոր չլինել ունենալու առանձին լիցնեզիա։ Դրա փոխարեն արտարժույթի առուվաճառքը կիրականացնեն այլ ֆինանսական հաստատություններ՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, վճարահաշվարկային կազմակերպությունները և այլն։ Նպատակը ծառայությունը սպառողներին հասանելի դարձնելն է։ Հունվարի 23-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը։

Ավելին՝ հղումով

 

GMRA-ի կիրառելիությունը

Հունվարի 23-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Քաղաքացիական օրենսգիրքում լրացնել մի ամբողջ ենթագլուխ ռեպոների վերաբերյալ։ Դա արվում է ICMA-ի կայքում Հայաստանում GMRA-ի կիրառելիության վերաբերյալ իրավական կարծիքի հրապարակման հասնելու նպատակով, ինչը ռեպոների հայաստանյան շուկան գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրողների համար։

Ավելին՝ հղումով

Ծանոթացեք նաև քննարկվող թեմայի վերաբերյալ մեր իրավաբանական ակնարկին

 

Ոստիկանությունը կարող է հասանելիություն ստանալ բանկային հաշիվներին

Վերջերս հրապարակված ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն առաջարկում է դիտարկել Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՀՀ Ներքին գործերի նախարարության կազմ տեղափոխելու, այլ բառերով՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործառույթները ոստիկանությանը փոխանցելու հնարավորությունը։

Ավելին՝ հղումով